16:30 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.80
  • GBP637.73
  • EUR562.73
  • RUB7.73
Վիեննա

Մեկը մահացել է, մյուսը` կորցրել հիշողությունը. Վիեննայի հայ վանականների խմիչքի գաղտնիքը

© Sputnik / Максим Блинов
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
172270

12 հարավային պտուղ և 36 տեսակի խոտ` կոնյակի մեջ։ Բայց ինչպե՞ս թրմել և խառնել։ Խմիչքի պահապաններ չեն մնացել։ Գրեթե։

Արամ Գարեգինյան, Sputnik.

Հայր Վահանն անշտապ ուռուցիկ շիշ է հանում` թանձր պարունակությամբ։ Տասից ավել մարդ չեն կարողանում աչքերը կտրել կարմրադարչնագույն ճառագայթներից, որոնք լույսի տակ խաղում են շշի մեջ։ «Ուշադրություն։ Խմիչքը շատ թունդ է», – ասում է նա։

Դա Մխիթարյան միաբանության վանականների քաղցրահամ լիկյորն է։ Վիեննայում միաբանության վանականներն ապրում են ավելի քան 200 տարի, գրում է գերմանական Zeit շաբաթաթերթը։

Միաբանությունն ավելի քան երեք հարյուր տարվա պատմություն ունի։ 18–րդ դարի վերջին միաբանության մի մասն առանձնացել է` հեռանալով Հաբսբուրգների հողեր` Տրիեստ, հետո էլ տեղափոխվել է Վիեննա։ Այստեղ Ավստրիայի կայսրության հիմնադիր Ֆրանց Առաջինը նրանց է տրամադրել կապուցինների լքված մենաստանը։ Բայց նախազգուշացրել է` այլևս չեն կարող հույսը դնել պետության վրա։

Հայերի համար նոր տեղում հարմարվելը խնդիր չէ։ Միաբանությունը տպարան է բացում։ Այստեղ գրքերը տպվել են տասնյակ լեզուներով` ընդհուպ մինչև չինարեն։ Բայց շրջապատում տպարանները շատ էին, եկամուտը` ավելի քիչ։ Այդ ժամանակ միաբանները գրաշարային մեքենաները փոխարինեցին ոգելից թնդությամբ։ 1889թ–ից նրանք սկսեցին ամբողջ աշխարհում վաճառել իրենց լիկյորը։

Ինչպես ընդունված է մենաստաններում, բաղադրատոմսը հույժ գաղտնի են պահել։ Միաբանության երկու անդամներից բացի, ոչ ոք չի իմացել այդ բաղադրատոմսը։ Այդ երկուսը բաղադրատոմսի գաղտնիքները փոխանցել են հաջորդ սերնդից 2 վանականի և այդպես շարունակ։ Բայց, ցավոք սրտի, երկրային տկարությունը չի շրջանցում նաև հոգևոր մարդկանց։ Այսօր երկու պահապաններից մեկը հանկարծամահ է եղել։ Մյուսի մոտ սկսվել է հիշողության կորուստ, և նա այժմ ապրում է հիվանդների կացարանում։

«Չգիտեմ` ինչպես է պատահել, որ բաղադրատոմսը ժամանակին չեն հանձնել», – հոգոց հանելով ասում է հայր Վահանը։ Նա 44 տարի է այստեղ է։ Բայց նրա գերմաներեն խոսքում մինչև հիմա զգացվում է հայերեն ակցենտը։ Նա ծնունդով Սիրիայից է։

Տարեկան Վիեննայի Մխիթարյանների միաբանություն են այցելում 2-3 հազար զբոսաշրջիկներ։ Վահանն իր անփոխարինելի ժպիտով շրջում է նրանց հետ քառահարկ լաբիրինթոսում և մութ միջանցքներում։ Այս ամենը տեսնելու համար շուրջ 2 ժամ է պետք։

Այստեղ հնատիպ հայկական գրքերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկն է։ Թանգարանում կան պատմական ցուցանմուշներ, նկարներ, կոստյումներ, գորգեր, մետաղադրամներ, կերամիկա։ Նույնիսկ ծաղրանկարներ։ Կան անսովոր նվերներ` եգիպտական մումիա, միջնադարյան օղազրահներ… Այդ ամենը մնացել է ունևոր հայկական ընտանիքներից։

Սրահներից մեկում հայր Վահանը հանկարծ ինչ-որ անկյունից փոքր ապակե շիշ է հանում` խունացած պիտակով։ «Համարվում է, որ 1909թ–ին այստեղից խմել է կայսր Ֆրանց–Իոսիֆը», – ասաց նա։

Կայսրերն իրենց բաժինն արդեն խմել են, իսկ ի՞նչ է մնացել ժամանակակից սերունդներին։

«Սերկևիլ, սա, անկասկած, սերկևիլ է», – ասում է նա` խորը շունչ քաշելով նկուղներից մեկում։ Այստեղ նա ոտնաթաթերի վրա է մտնում, բարձրացնում մեծ դեղին կափարիչը և նայում մարդաբոյ տակառի մեջ։ Շուրջբոլորը 37 տակառներ են` ծանր կավից, դրանք միասին տանում են շուրջ 2500 լիտր։ Տակառներում կոնյակի մեջ պահվում են բերգամոտ և թուզ, հազաթերթիկ, խաղող, վարդ և ֆլերդորանժ։ «36 տեսակի խոտ և 12 հարավային պտուղ։ Շատ օգտակար է։ Բացի այդ, 100 տոկոսով բնական են», – ժպտում է նա։

Ի՞նչ կլինի, եթե խառնենք այդ բոլոր բաղադրիչները։ Հաստատ ոչ «Մխիթարին»։ Ամեն ինչ իր ժամանակին։ Օրինակ` անանուխը մեկ շաբաթից ավել թրմում են, իսկ ինչ–որ բաղադրիչ պետք է տասնամյակներով պահել։ Խառնելուց առաջ բաղադրիչները պետք է թողնել հանգստանան և զտել։ «Ահա այս տակառն այստեղ է 1920թ–ից։ Ինչ–որ մեկը գրել է դրա վրա` «շատ յուղոտ է»», – ասում է հայր Վահանը։

Լիբանանի և Արգենտինայի հայերը դուրս են գալիս մենաստանում կատարած էքսկուրսիայից հետո։ Հրաժեշտ տալով հայր Վահանին` նրանք գնում են լիկյորի հետևից։ Եվ ահա նրանք հեռանում են` ձեռքերում մեկական ծանր պայուսակ։ Նրանք չգիտեն այն մասին, որ իրենց սիրելի լիկյորի վերջը շուտով կարող է գալ։ Նրանց համար դա պարտադիր հայկական հուշանվեր է Վիեննայից։

Իսկ հայր Վահանը դեռ հույս ունի։ Ամեն անգամ, այցելելով հիվանդ պահապան եղբորը, նա հույս ունի թեկուզ մի բառ լսել բաղադրատոմսի մասին։ Նա թևաթափ չի լինում. թրմում է, խառնում, փորձարկում։ Եվ այդպես այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքում չի ստացվի այն, ինչն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «Մխիթարի»։

Գլխավոր թեմաներ