22:24 18 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP610.72
  • EUR549.12
  • RUB7.29
Այրին Շարաֆն ու Էլիզաբեթ Թեյլորը` «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Հոլիվուդի լեգենդը. ինչո՞ւ է օսկարակիր Այրին Շարաֆը թաքցրել իր հայկական ծագումը

Из личного архива Микаэла Шарафяна
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
51940

Զգեստների լեգենդար հոլիվուդյան նկարիչ Այրին Շարաֆի կյանքի մասին շատ քիչ տեղեկատվություն կա, նրա հայկական ծագման մասին` ավելի քիչ։ Sputnik Արմենիան բացառիկ մանրամասներ է ներկայացնում օսկարակիր նկարչուհու կենսագրության մասին, որոնք պատմել են նրա ազգականները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

«Կլեոպատրա», «Ով է վախենում Վիրջինյա Վուլֆից», «Թագավորը և ես», «Ամերիկացին Փարիզում», «Վեսթսայդյան պատմություն»։ Դասական դարձած այս բոլոր ֆիլմերում զգեստների աշխատանքի համար նկարիչ Այրին (Իրեն)  Շարաֆն արժանացել է Օսկարի։

Բացի այդ, նրան 15 անգամ առաջադրել են ամերիկյան կինոակադեմիայի ամենահեղինակավոր պարգևին այնպիսի ֆիլմերում արած աշխատանքի համար, ինչպիսիք են «Ծիծաղելի աղջիկը», «Կամակոր կնոջ սանձահարումը», «Կեսգիշերի հակառակ կողմը», «Հելլո, Դոլլի» և այլն։

Այրին Շարաֆը նաև դեկորացիաներ և զգեստներ է պատրաստել ամերիկյան բալետի թատրոնի, Նյու Յորքի բալետի և Ռուսե դե Մոնտե Կառլո բալետի համար։ Նյու Յորքի կերպարվեստի և կիրառական արվեստի դպրոցի շրջանավարտը նկարազարդել է «Vogue» և «Harper's Bazaar» ամսագրերը։

Հենց նրա պատվին են անվանել «Թատրոնի զարգացման հիմնադրամի» մրցանակը` «Իրեն Շարաֆի կյանքի ձեռքբերումը»։ 1993թ–ին նա դարձել է այդ պարգևի առաջին դափնեկիրը։ Մրցանակը հիմա ամեն տարի հանձնում են հագուստի դիզայներներին, որոնք իրենց կարիերայի ընթացքում մեծ արդյունքների և վարպետության են հասել թատրոնի, կինոյի, օպերայի կամ պարի ոլորտում։

Լեգենդար նկարիչ–դիզայները ծնվել է Բոստոնում 1910թ.–ին։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց մոդելավորողի ազգական, նույնպես հագուստի նկարիչ Միքայել Շարաֆյանը, Այրինի հայրը ծնունդով Արևմտյան Հայաստանից էր։ Նրա ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ 19–րդ դարի վերջին` առաջին կոտորածներից հետո։ Ամերիկայում հայրը` անգլիական շապիկներ արտադրողը, ամուսնացել է ամերիկուհու հետ։ Նկարչուհու մայրը տնային տնտեսուհի է եղել։

Айрин Шарафф
Из личного архива Микаэла Шарафяна
Այրին Շարաֆի աշխատանքներից

Այրինը հազվադեպ է խոսել իր ծագման մասին։ Շարաֆյանի կարծիքով` այդ փաստը կարող էր ինչ-որ կերպ ազդել նրա կարիերայի վրա։

«Նա սկսել է որպես բեմանկարչի օգնական Նյու Յորքի Civic թատրոնում, բայց շուտով նրան վստահել են ձևավորվել «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման դեկորացիաները և հագուստները։ Ներկայացումը մեծ հաջողություն է վայելել, սակայն դրանք եղել են մեծ դեպրեսիայի տարիները, և թատրոնը սնանկացել է։ Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց նրան զանգահարել է կոմպոզիտոր Իրվինգ Բեռլինը և առաջարկել ձևավորել իր նոր մյուզիքլը։ Դա էլ դարձել է նրա ուղեգիրը Բրոդվեյ, իսկ ավելի ուշ` Հոլիվուդ», – պատմում է Միքայելը։

Նրա խոսքով` Այրին Շարաֆը միշտ թաքցրել է իր անձնական կյանքի մանրամասները։ Նա երբեք ամուսնացած չի եղել, բայց երկար տարիներ ապրել է չինացի նկարչուհի և գրող Մայ–Մայ Սզեի հետ։

«Նրանք երկուսն էլ բարեգործներ են եղել և նյութապես աջակցել են շատ ուսումնական հաստատություններին։ Սզեն մահացել է 1992թ–ին, իսկ Շարաֆը` 1993թ–ին», – նշում է դիզայները։

Айрин Шарафф с Элизабет Тейлор во время примерок костюмов фильма Клеопатра
Из личного архива Микаэла Шарафяна
Էլիզաբեթ Թեյլորը` Այրին Շարաֆի ստեղծած կոստյումով

Նա նաև հավելում է, որ Այրինը շատ մտերիմ է եղել Բարբարա Սթրեյզանդի և Էլիզաբեթ Թեյլորի հետ։ Թեյլորի հետ միասին նրանք աշխատել են չորս ֆիլմում։ Հայ նկարչուհին դարձել է նաև Էլիզաբեթի հարսանեկան զգեստի հեղինակը, երբ մեծ դերասանուհին ամուսնանում էր ոչ պակաս հայտնի դերասան Ռիչարդ Բերթոնի հետ։

Айрин Шарафф на примерках
Из личного архива Микаэла Шарафяна
Այրին Շարաֆը` փորձերի ժամանակ

Այրին Շարաֆի երևակայությունը սահմաններ չէր ճանաչում։ Աշխատելով պրոդյուսեր Արթուր Ֆրիդի թիմիում` նա ճարտարապետական շինությունների, բույսերի և առասպելական կենդանիների տեսքով զգեստներ է ստեղծել։ Թայվանական մետաքսի հետ փորձերը «Թագավորը և ես» ֆիլմում նույնպես տենդենցներ են դարձել նորաձևությունում և ինտերիերի դիզայնում։

Գլխավոր թեմաներ