17:50 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Շահան Թերիզբաշյան և Մելիսա Խորխորյան

Հայոց այբուբենն ու խոհանոցը միավորեցին եգիպտոսցի ֆուդ–բլոգերներին

Из личного архива Шаана Терзибашяна
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
26830

Կահիրեից ամուսնական զույգը, ինչպես գրում է տեղի մամուլը, Եգիպտոսում ֆուդ–բլոգինգը նոր մակարդակի է հանել։ Շահանը և Մելիսան այցելում են երկրի ամենահեղինակավոր, ինչպես նաև նոր ռեստորանները` հաստատության մասին կարծիք կազմելու և այն հրապարակելու համար։ Նրանց ֆիդբեքերն առավել սպառիչ և հստակ են։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Եգիպտոսում հայտնի ֆուդ–բլոգերներ, ամուսիններ Շահան Թերզիբաշյանն ու Մելիսա Խորխորյանը ծանոթացել են բավական արտասովոր ձևով։ Նրանց «կապել է» հայկական այբուբենը։

Շահանը Եգիպտոսի հայ է, իսկ Մելիսան ծնունդով Ստամբուլից է։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիսան, ապագա ամուսինը Instagram–ում իր նկարը տեսնելով` առանձնակի ուշադրություն է դարձրել աղջկա ձեռքի ապարանջանին։

«Մենք շատ պատահական սկսեցինք շփվել. Instagram–ի իմ լուսանկարում Շահանը նկատել էր ձեռքիս ապարանջանը, որի վրա անունս էր գրված հայերենով։ Նա ցանկացավ իմ մասին ավելին իմանալ։ Առաջին անգամ իրար տեսանք Լիբանանում։ Որոշակի ժամանակ անց Ստամբուլում նշանադրվեցինք», – ասում է աղջիկը։

Զույգն ամուսնացել է 2015 թվականին Եգիպտոսում և այդ օրվանից ապրում է Կահիրեում։ Ինչպես նրանք խոստովանում են, ֆուդ–բլոգինգով ևս սկսել են զբաղվել շատ պատահաբար։

«Ամեն ինչ սկսվեց տանը մեր պատրաստած ուտեստները լուսանկարելուց, այնուհետև այդ լուսանկարները տեղադրում էինք սոցցանցերի մեր էջերում։ Ժամանակի ընթացքում մեր գրառումները սկսեցին հայտնի դառնալ, և մեր ընկերները պնդեցին, որ մենք խոհարարական բլոգ բացենք», – պատմում է Մելիսան։

Շահանի խոսքով` նրանք երկուսն էլ հայկական ընտանիքներում են մեծացել, որտեղ խոհանոցը միշտ առաջին տեղում է եղել։

«Հայկական խոհանոցը ոչ միայն շատ հարուստ է և բազմազան, այլև աուտենտիկ, քանի որ ձևավորվել է հազարամյակների ընթացքում։ Ես և Մելիսան շատ ենք սիրում հայկական մանթիները, ինչպես նաև խորովածը», – ասում է նա։

Բլոգերն ավելացնում է, որ մսի և խմորի համադրությունը շատ են սիրում նաև եգիպտացիները։

Ժամանակակից Հայաստանի խոհանոցը բացահայտելու համար, զույգը անցյալ տարվա հոկտեմբերին պատմական հայրենիք է այցելել։ Սակայն, ինչպես պատմեց Շահանը, նրանք ավելի երկարատև ուղևորություն են ծրագրում նաև այս տարվա հուլիսին։

Հայ ֆուդ–բլոգերների բաժանորդները խոստովանում են, որ անհամբեր սպասում են Շահանի և Մելիսայի հերթական գրառմանը, քանի որ գիտեն, որ նրանք որևէ հատուկ բան են առաջարկելու։

Գլխավոր թեմաներ