02:33 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Գյումրի

Միլիարդավոր դրամներ ու հազարավոր անօթևաններ. աղետի գոտու 30–ամյա թշվառությունը

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)
15310

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտին մնում է աղետի գոտի։ Sputnik Արմենիան փորձել է հաշվել` որքան գումար է ծախսվել այդ պիտակից ազատվելու համար և ինչ արդյունք են տվել 30 տարվա շինարարական ծրագրերը։

Նելլի Դանիելյան. Sputnik

1988թ․դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժից տուժեց 21 քաղաք, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը, անօթևան մնաց 514 000 մարդ։

Երկրաշարժից անմիջապես հետո դեռևս խորհրդային իշխանությունները որոշում ընդունեցին, որով նախատեսվում էր ընդամենը 2 տարում` 1989-1990 թթ.ին ամբողջովին վերականգնել աղետի գոտին:

1994 թ.–ին արդեն անկախ Հայաստանի կառավարությունն աղետի գոտու վերականգնման նոր ծրագիր մշակեց, որով վերականգնման ժամկետ սահմանվեց 1998 թ.–ը։

4 տարի անց այս թիվը ևս մեկ անգամ փոխվեց. 1998 թ.-ին աղետի գոտու վերականգման ժամկետ սահմանվեց 2001 թ.–ը։

2001 թ.-ին հայտարարվեց մեկ այլ ժամկետ`2003 թ.–ը, 2008 թ.-ին` 2013–ը: Այս վերջին ժամկետից 5 տարի և երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտին շարունակում է մնալ աղետի գոտի։

Բոլոր այս ծրագրերի ու վերջնաժամկետների տակ իրական թվեր կան, աղետի գոտում աննպատակ վատնված տարիներից զատ նաև մեծ գումարներ են ծախսվել։

Միայն առաջին 20 տարվա ընթացքում` մինչև 2008թ–ը, պաշտոնական տվյալներով աղետի գոտու վերականգնման շինարարական ծրագրերի վրա ծախսվել է 4.8 մլրդ դրամ, որից 3.8 մլրդ-ը`պետական բյուջեից, 1 մլրդ–ը` դոնոր երկրների ու Համաշխարհային բանկի հատկացրած միջոցներից։ Եվս 20.4 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՀՀ կառավարությանը աղետի գոտու վերականգնման համար 1994թ.–ին տրամադրել է Զարգացման Միջազգային Ընկերությունը։

Այդ գումարով պաշտոնական տվյալներով կառուցվել է 58 775 բնակարան, որից 18.000–ը` Գյումրիում։

2008 թ.-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց աղետի գոտու շինարարական ծրագրերը պատվիրել մասնավոր ընկերություններին։ 

Հայտարարված մրցույթին մասնակցության համար հայտ էր ներկայացվել միայն «Գլենդել Հիլզ» ՓԲԸ–ն, որի հետ էլ կնքվեցին բոլոր շինարարական պայմանագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 80 362 65 000 դրամ, որից 79 094 850 000 դրամը` ՌԴ վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում ծրագրով, 1 267 800 000 դրամը` բնակարանային շինարարություն ծրագրով: Դրա հետ մեկտեղ, ՀՀ տարեկան պետական բյուջեներով աղետի գոտու վերականգնման տարբեր ծրագրերի համար՝ 2009-2012թթ.-ին հատկացվել է ևս 1 546 750 000 դրամ։

Եվս 79 094 850 000 դրամ նույն տարիներին աղետի գոտու շինարարության համար հատկացվել է ՌԴ վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում ծրագրով, 1 267 800 000 դրամ էլ`բնակարանային շինարարություն ծրագրով։

Տվյալները վերցված են ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական կենտրոնում հրապարակված ՀՀ կառավարության 2012թ.–ի ապրիլի 12-ի նիստի արձանագրային որոշումից։

«Գլենդել Հիլզի» հետ կնքված պայմանագրերով ընկերությունը պարտավորվում էր մինչև 2013 թ.–ը կառուցել 4460 բնակարան։

Թե ինչ տեղի ունեցավ հետո երկրաշարժից տուժած բնակավայրերում, թերևս դեռ լայն ուսումնասիրության կարիք ունի։ Հայտնի է միայն, որ Հայաստանի երբեմնի թիվ մեկ շինարարական ընկերություն ու խոշոր հարկատու «Գլենդել Հիլզը» 2016–ին դատարանի որոշմամբ ճանաչվեց սնանկ։

Աղետի գոտու 542 անօթևան ընտանիքներ էլ առ այսօր երազում են սեփական տանիքի մասին։

ՀՀ արդեն նոր կառավարությունն էլ աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նոր վերջնաժամկետ է հայտարարում` 2020թ–ը։ Այս ժամկետն օրերս հայտարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Նա նշեց նաև, որ հաջորդ տարի` 2019թ.–ին կառավարությունը սեփական միջոցներով նախատեսում է ավարտել «Գլենդել Հիլզի» կիսատ թողած ծրագրերից մեկը` կիսակառույց տների կառուցմանն աջակցելու ծրագիրը, որով նախատեսվում է օգնել այն ընտանիքներին, որոնք ժամանակին սկսել են իրենց ուժերով տուն կառուցել, բայց գումար չունենալու պատճառով չեն կարողացել ավարտել։ 44 այսպիսի ընտանիքի աջակցության համար հաջորդ տարվա պետական բյուջեով հատկացվել է 458 118 000 դրամ։

Այս ամենից զատ աղետի գոտում` միայն Գյումրի ու Վանաձոր քաղաքներում, այսօր դեռ 2839 տնակ կա, որտեղ ապրում են 1988թ.-ի արհավիրքը վերապրած ու անօթևան դարձած ավելի քան 2000 ընտանիքներ։

թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)

Ըստ թեմայի

Կառավարությունը գնում է Գյումրի. Երկրաշարժի տարելիցը կնշվի արտագնա նիստով
Սփյուռքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սպիտակի երկրաշարժի օրերի աջակցության համար
«Մինչև հիմա վնասվածքից ուշքի չեմ եկել». Պետդումայի պատգամավորը` Սպիտակի երկրաշարժի մասին
թեգերը:
Սպիտակի երկրաշարժ 1988, Հայաստան

Գլխավոր թեմաներ