13:52 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Ռանչպար

Ռանչպարի «նիսյայի» տետրն ու վարչապետի այցի առեղծվածը. գյուղում զարմացած են`ինչո՞ւ Ռանչպարը

© Sputnik / Aram Nersesyan ,
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (807)
189670

Արդեն 4 օր է, ինչ Ռանչպարի բնակիչները վայելում են Հայաստանի ամենաճանաչված գյուղում ապրելու հաճույքը։ Վարչապետի անակնկալ այցից հետո այստեղ կյանքի բաժանվել է «մինչև»–ի ու «հետո»–ի։ Sputnik Արմենիան վարչապետի հետքերով այցելել է Արարատի մարզի գյուղ ու անկեղծ զրույց ունեցել գյուղացիների ու գյուղապետի հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արարատի Ռանչպար գյուղի խանութպանը անցած 3 օրերին շուրջ 1500 հեռախոսազանգ է ստացել։ Բոլորին հետաքրքրում է` ինչ է խոսել վարչապետի հետ, ինչպես է անցել հանդիպումն ու հատկապես` ինչն էին խոսում այն ժամանակ, երբ վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ կապն ընդհատվեց։

Այս մասին Sputnik Արմենիային պատմեց երիտասարդ խանութպանը, ով չցանկացավ հայտնել իր անունն ու լուսանկարվել, չնայած նրան, որ իր դեմքն արդեն շատերին է ծանոթ վարչապետի ուղիղ եթերից։

Магазин села Ранчпар
© Sputnik / Aram Nersesyan ,
Ռանչպարի խանութը

Խանութպանը նաև տեղեկացրեց, որ հեռախոսազանգերից բացի ավելացել են նաև խանութ այցելողները.գյուղամիջյան ճանապարհով անցնողները խանութը ճանաչելով մտնում են ու ասում` «սա՞ է այն հայտնի խանութը»։

Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի առարկա «նիսյայի (պարտքերի) տետրին», ինչի մասին վարչապետի հարցից հետո էլ անջատվել էր ուղիղ կապը, խանութպանն ասաց, որ ինչպես բոլոր գյուղական խանութներում, այնպես էլ իր խանութում կա «նիսյայի տետր», և դրանում ներկա պահին 800 000 դրամի պարտք է գրանցված։

«Լինում է, որ ապրանքը տանում են, գումարը ուշ են տալիս` թոշակներ, աշխատավարձեր ստանալուց, կամ բերքը իրացնելուց հետո»,– ասաց նա` հավելելով, որ լինում են նաև չվերադարձվող պարտքեր։

«Լինում է, պահակներ են, բանվորներ են, գալիս են աշխատելու, գալիս հաց են ուզում, ոնց կլինի չտաս։ Տանում են ու էլ չեն գալիս»,– պատմեց նա։

Այդուհանդերձ, գյուղում վարչապետի այցից ոգևորված են, դրական սպասումներ ունեն։ Մեր հաջորդ զրուցակիցը գյուղի բնակիչ Սիմոն Քարամյանն ու իր կինն էին, ովքեր ասացին, որ «երևի լավ կլինի»։ Սիմոն Քարամյանը պատմեց, որ թեև վարչապետն իրենց տան կողքով էր անցել, բայց այդ պահին չէին էլ հասկացել, թե ով է գյուղ եկողը։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանն իրենց գյուղում է, տեղեկացել էին համացանցից, երբ ուղիղ եթերում տեսել էին իրենց համագյուղացիների հետ զրուցող Փաշինյանին։

«Գնացինք, նույնիսկ ձեռքով բարևեցեինք, մոտիկ ա՛յ, ինչպես հիմա ձեզ հետ ենք խոսում, զրուցեցինք, խոսեցինք»,– ասաց Սիմոն Քարամյանը` հավելելով, որ նախկին վարչապետներից ոչ մեկին երբեք չի հանդիպել։

Քարամյանի կինը համացանցում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հանձնարարական–բանաստեղծությունն է կարդացել` իրենց գյուղի մասին։ Հավանել է, միայն ավելացնում է` «Շատ լավ է գրել, բայց եթե ասածն էլ կատարի ավելի լավ կլինի։ Սպասենք, տեսնենք»։

Житель села Ранчпар Симон Карамян
© Sputnik / Aram Nersesyan ,
Սիմոն Քարամյանը

Վարչապետի գյուղում տված խոստումներից առաջինը, որի իրականացմանը սպասում են, Երևանից եկող տրանսպորտի խնդիրն է։

Այն այսօր էլ շարունակում է աշխատել մինչև ժամը 17։30-ը, և Սիմոն Քարամյանը շարունակում է Երևանում իր աշխատանքն ավարտելուց հետո, իր ավտոմեքենայով տուն հասցնել համագյուղացիներին, չնայած որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրն էր հրահանգել երեկոյան ժամերին մեկ լրացուցիչ երթուղային ավելացնել` աշխատանքից ուշ վերադարձողների համար։

«Մեր գյուղում ոչ մի բան էլ չի փոխվել, գյուղը մեռած վիճակում է,– ասաց ռանչպարեցի Քյարամ Գիլոյանը, – գյուղում մարդ չկա, ահա այս տունը դատարկ է, այն մեկը` դատարկ, այս տանը մի ծեր կին է ապրում, 2 տղա ունի, մի 20 թոռ ունի, բայց ոչ մեկն այստեղ չեն, ջահելները Ռուսաստանում են։ Վարչապետն էլ ասեց իր ուղիղ եթերում` սաղ Հայաստանը ման եմ եկել, Ռանչպարի նման հետամնաց գյուղ չեմ տեսել, հետամնաց`ոչ գազ ունի, ոչ ջուր, ոչ մի բան»։

Վարչապետի շաբաթօրյա այցից անակնկալի է եկել անգամ գյուղապետ Մանուկ Օհանյանը։ Նա հայտնեց, որ իր պաշտոնավարման 17 տարիների ընթացքում Ռանչպարում ոչ միայն վարչապետ, այլև նախարար կամ մարզպետ երբևէ չեն եղել։

Житель села Ранчпар Кьярам Гилоян
© Sputnik / Aram Nersesyan ,
Քյարամ Գիլոյանը

«Դրա համար, որ զանգեցին, ասեցին` վարչապետն է եկել, ես նույնիսկ չհավատացի, մտածեցի կատակ են անում»,– ասաց Օհանյանը։

Մեր հարցին` պատահական է արդյ՞ոք, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց գյուղն է ընտրել, գյուղապետը պատասխանեց. «Ես էլ եմ նստած այստեղ արդեն 3 օր է մտածում եմ` որտեղից եկավ։ Սա ինձ համար առեղծված է, չեմ պատկերացնում։ Հնարավոր է, որ պատահական լինի, վարչապետի հետ ես ինչ ունեի, որ դիտավորյալ հենց այստեղ գար»,–ասաց Օհանյանը։

Քաղաքական ենթատեքստ ևս վարչապետի այցի մեջ գյուղապետը չի տեսնում և հայտարարում է, որ դուրս է եկել «Հանրապետական» կուսակցությունից։

Գյուղապետը չի թաքցնում` ծանոթներն ու գործընկերներն ամեն օր զանգում են, հարցնում` «հո վատ բան չկա՞»։ Վարչապետի այցը շատերի մոտ մոտալուտ պաշտոնանկության տպավորություն է թողել։

Ինչ վերաբերում է գյուղի խնդիրներին, գյուղապետը երկար թվարկում է 17 տարվա իր արած գործերը` դպրոցի ու խաղահրապարակի վերանորոգում, ոռոգման ջրի նոր ջրատարի կառուցում ու նոր խորքային հորի հորատում, աղբահանության կազմակերպում և այլն։

Глава сельской администрации села Ранчпар Манук Оганян
© Sputnik / Aram Nersesyan ,
Գյուղապետ Մանուկ Օհանյանը

«2002 թ.–ին, երբ ես ընտրվեցի գյուղապետ 4-6 մլն դրամ այս գյուղը պարտք էր, ոչ մի հարկ ու տուրք գոյություն չուներ, գյուղացին գալիս էր հողի հարկ վճարելու, գյուղապետարանի աշխատակիցը փողը վերցնում էր, նույնիսկ չէր գրանցում, մի հատ թղթի կտորի վրա գրում տալիս էր իրեն»,– պատմում է նա` հավելելով, որ գյուղի պարտքերը մարել է, կարգ ու կանոն հաստատել, նույնիսկ բարեգործություններ է արել գյուղացիներին, ու այսօր զարմացած է վարչապետի ներկայությամբ նրանց վերաբերմունքից։

Село Ранчпар, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Ռանչպար գյուղը

Չնայած դրան, վարչապետի այցից հետո էլ գյուղը շարունակում է ապրել իր խնդիրներով` առանց գազի, որակյալ խմելու ջրի, առանց մանկապարտեզի ու աշխատանքի։ Գյուղացին շարունակում է միայնակ պայքարել եղանակի ու սոցիալական խնդիրների դեմ։ Բայց մի տարբերությամբ` մարտի 16-ից հետո գյուղի կյանքը բաժանվել է 2 մասին` նախքան Փաշինյանի այցն ու դրանից հետո։ «Դրանցի հետո»–ի հատվածում գյուղացիների դժվար կենցաղում մի դրական սպասում է առաջացել։ Ռանչպարում, իհարկե, դժվարանում են ենթադրել, թե երբ կլուծվեն իրենց խնդիրները։

Բայց նշում են, որ 3-4 օրը, շատ չնչին ժամկետ է ինչ-որ փոփոխություն զգալու համար, ուստի մեզ իրենց գյուղ են հրավիրում 1 տարի հետո։ «Այ մի տարի հետո եկեք, այն ժամանակ կերևա, ինչ-որ արվել է թե ոչ»,– մեզ հրաժեշտ տալով ասացին գյուղացիները։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (807)

Ըստ թեմայի

Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան
Նիկոլ Փաշինյանը «պետական բոլոր մարմիններին հանձնարարական» է տալիս բանաստեղծությամբ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ