22:50 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Самира (Юлия) Зопунян

«Իմ սիրտը պատկանում է հայ ժողովրդին». հայտնի պորտապարուհին գալիս է Երևան

© Photo: Facebook / Самира Зопунян
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
72030

Սամիրա (Յուլյա) Զոպունյանը համարվում է պորտապարի լավագույն կատարողներից մեկը։ Նրա անունն արդեն տարածվել է Կովկասի սահմաններից դուրս։ Սամիրան Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմել է իր հայկական ծրագրերի և անձնական կյանքի մասին։

ՏՆՏ–ի «Պարեր» և Առաջին ալիքի «Պարիր» հեռուստատեսային շոուներում Սամիրայի օրիգինալ համարները տպավորել են միլիոնավոր հեռուստադիտողների։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում աղջիկը պատմել է իր ստեղծագործական ծրագրերի և բաղձալի երազանքի մասին։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

– Սամիրա, դուք որտե՞ղ եք ծնվել։ Պատմեք ձեր հայկական արմատների մասին։

– Ես ծնվել եմ Ռուսաստանում` Կրասնոդարի երկրամասի Խադիժենսկ քաղաքում։ Այնտեղ եմ մեծացել, ավարտել դպրոցը և մեկնել Ադըղեայի մայրաքաղաք Մայկոպ։ Մայրս ռուս է, հայրս` հայ։ Նա ծնունդով Տրապիզոն քաղաքացի է (Արևմտյան Հայաստան ` խմբ.)։ Ի դեպ, շատ կուզեի լինել այնտեղ։

Ես հպարտ եմ, որ հայ եմ, որովհետև հայերը հիանալի ժողովուրդ են`շատ բարեհամբույր, նրանք բարձր են գնահատում ընտանեկան ավանդույթները։ Մանկուց հենց դա եմ տեսել։

– Երբևէ եղե՞լ եք Հայաստանում։

– Ցավոք, դեռ չեմ եղել։ Բայց շատ եմ ուզում այցելել։ Ծրագրում եմ տեսահոլովակ նկարել Հայաստանի գեղատեսիլ վայրերում, միգուցե` մի քանիսը։ Հիմա բանակցություններ ենք վարում պրոդյուսերների, լուսանկարիչների, նկարահանող խմբի հետ։ Ի դեպ, ցանկանում եմ թիմ հավաքել Երևանում. այն ամենը, ինչ անում են հայ մասնագետները, շատ նորաձև է և հայտնի։ Շատ եմ հավանում Հայաստանում ստեղծված շատ աշխատանքներ։ Հուսով եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, և առաջիկայում մենք կթողարկենք լավ, որակյալ տեսահոլովակներ։

Ես շատ ուժեղ զգում եմ իմ մեջ հայկական արյունը։ Երբ հայկական երաժշտություն եմ լսում, հատկապես` դուդուկ, չեմ կարողանում զսպել արցունքներս։ Հաճախ այսպիսի տեսարան եմ պատկերացնում. Հայաստանում ինչ-որ դաշտում պառկում եմ հողի վրա և կարծես գրկում եմ այդ հողը, կարծես դա իմ հայրենի տունն է։ Հիմա խոսում եմ ու ձայնս դողում է և աչքերս արցունքով են լցվում։ Այդպիսի զգացմունքներ է առաջացնում ինձ մոտ պատմական հայրենիքը։ Կարծում եմ, որ արդեն այս ամիս կկարողանամ տեսնել այն։

– Քանի՞ տարի է, որ զբաղվում եք պարերով։

– Երեք տարեկանից զբաղվում եմ պարերով, այսինքն` որքան ինձ հիշում եմ։ Մանկապարտեզում պարել եմ խմբակում, համերգներ կազմակերպել տատիկներիս, հարևանների համար։ Հավաքում էի քույրերիս, ընկերուհիներիս և ստիպում նրանց ելույթ ունենալ։

Ինստիտուտում ելույթ եմ ունեցել կովկասյան պարերի համույթում։ Ծնողներիցս թաքուն ընդունվել եմ պարարվեստի բաժին և ավարտել այն կարմիր դիպլոմով։ Այնպես որ` առաջին մասնագիտությամբ ես մանկավարժ եմ և հոգեբան, իսկ երկրորդ մասնագիտությամբ` պարուսույց։ Դե, դրանք ինչ-որ առումով նման մասնագիտություններն են։

– Ընտանիքն ինչպե՞ս է վերաբերվել ձեր ընտրությանը։

- Իմ նախասիրությունն ի սկզբանե լուրջ չի ընկալվել։ Կարծում էին` կմեծանամ, կմոռանամ։ Ոչ ոք դրա մեջ մասնագիտություն չէր տեսնում։ Հայրս երբեք ներկա չի գտնվել իմ համերգներին, միայն վերջին շրջանում է սկսել, այն էլ ամբողջ ընտանիքով ենք համոզել (ժպտում է)։

Երբ ես ելույթ էի ունենում հեռուստատեսությամբ, ծնողներս հպարտանում էին ինձնով։ Աստիճանաբար, այսպես ասած` կուռք դարձա քույրերիս և ազգականներիս համար։ Իմ հաջողությունից հետո շատերն իրենց երեխաներին սկսեցին պարի տանել` արևելյան պարերի։ Երեխաները մինչև հիմա ինձ փերու տեղ են դնում։

Թեև հայրս մինչև հիմա հոգու խորքում չի հաշտվել, բայց նա արդեն ոչինչ չէր կարող անել, ես չափազանց համառ էի իմ ընտրության մեջ։ Ես միշտ գիտեի, որ գնում եմ ճիշտ ուղիով, որ հենց դա է իմ կոչումը։

– Դուք պարերից բացի ուրիշ հոբբի ունե՞ք։

– Ցավոք, ես շատ քիչ ազատ ժամանակ ունեմ, ամեն ինչ մի քանի ամիս առաջ ծրագրված է։ Բայց, երբեմն, նկարում եմ, սիրում եմ յուղաներկով նկարել։ Շատ նկարներ նվիրում եմ ընկերներիս։ Ի դեպ, վաղուց չեմ նկարել և դա առիթ է` ձեռքս վրձին վերցնելու համար։ Սիրում եմ լողալ, պատրաստել, գեղեցիկ զարդարել ճաշատեսակները։

– Խնդրում եմ, պատմիր քո ամենաբաղձալի երազանքի մասին։

– Իմ բաղձալի երազանքն ընտանիք ունենալն է, ուզում եմ գեղեցիկ, առողջ ընտանիք ունենալ, մեծ տուն, որի դռները միշտ բաց կլինեն հարազատների ու մտերիմների առաջ։ Երազում եմ, որ իմ տանը միշտ խինդ ու ծիծաղ լինի, նշվեն բոլոր տոները։

Ես պատկերացնում եմ երկհարկանի տուն` մեծ սպիտակ սանդուղքով, սպիտակ դաշնամուրով։ Ահա այսպիսի մանկական երազանքներ։

– Ձեր սիրտը հիմա զբաղվա՞ծ է։

– Ինչպես հասկացաք, սիրտս հիմա ազատ է։ Գլխավորը` ընտրյալս բարի, դաստիարակված մարդ լինի, լավ ընտանիքից, հումորի զգացումով։ Կուզեի`նա ինձնից իմաստուն լինի, նույնիսկ ոչ թե մի քիչ, այլ շատ։ Ընդհանուր առմամբ, նա պետք է ուժեղ տղամարդ լինի, որը կարող է հարմարավետություն ապահովել իր ընտանիքում։ Կարծում եմ, որ բոլոր աղջիկները մոտավորապես նույն երազանքներն ունեն։ Ինձ համար նաև կարևոր է, որպեսզի նա աշխույժ և ակտիվ լինի, չէ որ կյանքում ամենահետաքրքիր բաները կատարվում են ինքնաբուխ կերպով։ Ահա և Հայաստան մեկնելու իմ որոշումը նույնպես ինքնաբուխ էր։

Ըստ թեմայի

Հայրը ստիպված համակերպվել է. Սամիրա Զոպունյանը խենթացնում է պորտապարով. տեսանյութ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ