08:50 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Հիվանդանոց

Ինքնասպանություն խաղի պատճառո՞վ. գյումրեցի 10–ամյա տղայի մահվան դեպքն անհանգստացնող է

© Sputnik / Алексей Куденко
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
2845 0 0

Ինքնասպանությո՞ւն, թե՞ անզգուշություն։ Ի՞նչ է ի վերջո կատարվել Գյումրիում։ Մահացած 10–ամյա փոքրիկի մասին պատմում է նրա դպրոցի տնօրենը, վերլուծում հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. Գյումրիում մարտի 29–ին արտառոց դեպք էր տեղի ունեցել. մայրն աշխատանքից տուն էր գնացել ու 10–ամյա տղային հայտնաբերել մահացած՝ պարանոցը գոտիով փաթաթված։ Նախնական վարկածով` կատարվածն ինքնասպանություն էր, սակայն մեզ հայտնի դարձան այլ վարկածներ և մանրամասներ ևս։

10–ամյա տղան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցում։ Դպրոցի տնօրենը` Հակոբ Հակոբյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տղային շատ լավ է ճանաչում, քանի որ նա իր աշակերտն էր։ Հակոբյանի խոսքով` տղան օրինակելի երեխա էր, խելոք, սովորող և տարօրինակ պահվածքով երբեք աչքի չի ընկել։

«Սովորական երեխա էր։ Շախմատի էր գնում ու հենց այդ օրը մրցույթում հաղթել էր։ Մեզ մոտ մի վարկած է պտտվում, որ տղան մահացել է ինչ-որ խաղ խաղալու հետևանքով։ Գուցե հեռախոսը միացված է եղել ու այն խաղերից է եղել, որ հուշում են` սա արա, դա արա։ Տղան էլ բազկաթոռին նստած տեղը գոտի է կապել վզից ու մահացել»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` 10–ամյա տղան խաղեր խաղալ շատ էր սիրում` թե՛ համակարգչային, թե՛ այլ խաղեր։

Հակոբյանը հավաստիացրեց նաև, որ տղան ու մայրն աղանդավորական կամ որևէ այլ կազմակերպության հետ կապ չեն ունեցել։ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. այս տղային այնքան դժվարությամբ է մայրը պահել, մեծացրել։ Երևի մի 10 տարի երեխա չէին ունենում, հետո ունեցան, ամուսինը բաժանվեց, առանձին ընտանիք կազմեց ու մայրը միայնակ մեծացրեց տղային։ Դոմիկում էին ապրում, ու այնպես չէ, որ տան պայմանները լավն էին»,–ասաց Հակոբյանը։

Դպրոցի տնօրենը նշեց նաև, որ տղայի դասընկերներն ընկճված են, հատկապես այն աղջիկը, ում կողքը նստում էր նա։ Հակոբյանի խոսքով` տղայի դասընկերները պնդել են, որ ուզում են իրենց ընկերոջ թաղմանը մասնակցել, սակայն երեխաներին համոզել են, որ դրա կարիքը չկա։

10–ամյա տղայի մայրն աշխատում է Գյումրու հիվանդանոցում, որի տնօրենը` Արմեն Իսահակյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ տղայի մայրն իրենց հիվանդանոցի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի բուժքույրն է։ Իսահակյանի հավաստմամբ` կինը վաղուց է իրենց մոտ աշխատում և ինչքանով ինքն է տեղյակ` նրա տղան հոգեկան առողջության որևէ խնդիր չի ունեցել։ «Ես երբեք չեմ լսել, որ երեխան որևէ խնդիր ունենա, ասում են` նորմալ երեխա էր։ Մայրն էլ պարկեշտ աշխատող էր, այսքան ժամանակ միայն լավն ենք լսել»,–ասաց Իսահակյանը։

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ իր հերթին նշեց, որ անչափահասների, այն էլ այդ` 10-11 տարեկանների շրջանում ինքնասպանություն գործելն արտառոց երևույթ է։ Խուդոյանի հավաստմամբ` այդ տարիքի երեխաներն այնպես չէ, որ կարող են կյանքն իմաստազուրկ համարել կամ սիրո պատճառով նման քայլի դիմել։

Հոգեբանի կարծիքով` այդ տարիքի երեխայի` ինքնասպանություն գործելու պատճառները մի քանիսը կարող են լինել։ «Երեխան կարող է տարված լինել ինչ-որ խաղերով, որոնք ի վերջո, դրդում են ինքնասպանության։ Այսինքն` խաղի հերոսն ինքնասպանություն է գործում վերջում ու երեխաներն էլ այդ հերոսին նմանվելու ցանկություն են ունենում։ Բացի այդ, կարող է նաև ծնողների, հասակակիցների նվաստացուցիչ գործողությունների հետևանք լինել նման ծայրահեղ քայլը։ Կարող է երեխան ի հեճուկս ծնողի է նման բան արել, որպեսզի վախեցնի նրան, բայց արդյունքում ստացվել է ինքնասպանություն»,–ասաց Խուդոյանը։

Նրա խոսքով` նման դեպքերն արտառոց են ու անհանգստացնող։ Դեպքը պետք է ազդակ դառնա, որ և՛ մանկավարժները, և՛ ծնողները շատ զգոն լինեն երեխաների հետ շփման մեջ։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2016թ.–ին ինքնասպանություն է գործել 195 մարդ, 2017–ին 157 դեպք է գրանցվել, իսկ 2018–ին 179 մարդ է նման քայլի դիմել։ Առավել հաճախ ինքնասպանության են դիմում միջին` 30-65 տարիքային շեմում, իսկ անչափահասների մոտ առավել քիչ են նման դեպքեր գրանցվում։ Այնուամենայնիվ, եթե 2016–ին ինքնասպանություն գործածների թվում անչափահասների քանակը 5–ն է եղել, ապա 2017 և 2018 թվականներին գրանցվել է անչափահասների ինքնասպանության 7–ական դեպք։

Ըստ թեմայի

Պերուում հայտնաբերել են երեխաների ամենազանգվածային սպանության հետքերը. լուսանկարներ
Որպեսզի երկիրը չլքեն. Էջմիածնում երեխաների համար համակարգչային դասընթացներ են կազմակերպում
Գյումրիում ծնվող երեխաների թիվը նվազում է. ծննդատունը նույնիսկ սոնոգրաֆիայի սարք չունի
թեգերը:
ինքնասպանություն, Գյումրի

Գլխավոր թեմաներ