00:10 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Տիրան Հովհաննիսյան

Տիրանին Չինաստանում միանգամից 3-րդ կուրս են տեղափոխել. նա Փաշինյանի օգնության կարիքն ունի

© Sputnik / Aram Nersesyan ,
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
14383 0 0

Հայ երիտասարդը, որը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, շատ է ուզում Չինաստանում Հայաստանի դեսպան դառնալ, բայց մինչ այդ նա դեռ պիտի լուծի բանակ գնալ–չգնալու հարցը։

Տաղանդավոր երիտասարդ Տիրան Հովհաննիսյանը 17 տարեկան է: Մինչ հասակակիցները սովորում են դպրոցում, Տիրանն արդեն համալսարան է հաճախում. նա Չինաստանի համալսարանի ուսանող է և իր գիտելիքների շնորհիվ հասցրել է միանգամից 3-րդ կուրս տեղափոխվել: Խելացի երիտասարդը, սակայն, աջակցության կարիք ունի. շուտով լրանում է տղայի 18–ամյակը, և նա պետք է պարտադիր զինծառայության անցնի։ Երիտասարդը, իհարկե, չի խուսափում հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը տալու պարտավորությունից, սակայն եթե բանակ զորակոչվի, ստիպված կլինի զրկվել Չինաստանում անվճար ուսում ստանալու հնարավորությունից: Sputnik Արմենիայի հետ զրույցում Տիրանը պատմել է իր նպատակների և Չինաստանում Հայաստանի դեսպան դառնալու երազանքի մասին: Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը:

Тиран Ованнисян
© Sputnik / Aram Nersesyan ,
Տիրան Հովհաննիսյան

- Սովորել եմ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 9-րդ դասարանն ավարտել եմ գերազանցության վկայականով։ 15 տարեկան էի, երբ սեփական միջոցներով մեկնեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` ուսումս շարունակելու: Սկզբում հաճախեցի Շաանսիի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, որտեղ չինարեն սովորեցի ու ծանոթացա չինական մշակույթին: Համալսարանում ուսումնական կուրսը 2 տարի է, բայց ես այն յուրացրի 1 տարում և արժանացա մի շարք պարգևների: Հետո ընդունվեցի Շաանսիի մանկավարժական համալսարանի` չինարեն գրականության և բիզնեսի ֆակուլտետ ու, քանի որ գերազանց էի սովորում, համալսարանի գիտական ղեկավարությունը որոշեց ինձ միանգամից 3-րդ կուրս փոխադրել: Եթե հաջողվի, համալսարանը կավարտեմ 19 տարեկանում: Չինարենի իմացության ամենաբարձր աստիճանը HSK6-ն է, որին ես պատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ, HSK5-ը հանձնել եմ գերազանց:

Сертификат Тирана
© Photo : provided by Tiran Hovhannisyan
Տիրանի ստացած հավաստագրերից մեկը

- Ինչո՞ւ որոշեցիր ուսումդ շարունակել Չինաստանում:

- Նախ ասեմ, որ 5 տարի հաճախել եմ ֆուտբոլի պարապմունքների: Եղբայրս կարծում էր, որ ֆուտբոլում ոչ մի լուրջ հաջողության չեմ հասնի, ուստի խորհուրդ տվեց լեզուներ սովորել. նախ ռուսերեն և անգլերեն սովորեցի, հետո դարձյալ եղբորս խորհրդով որոշեցի սովորել մի լեզու, որին Հայաստանում քչերն են տիրապետում։ Ընտրեցի չինարենը։ Մեր ընտանիքի մտերիմներից մեկը, որը Չինաստանում է բնակվում, հավաստիացրեց, որ սեփական ուժերով կարող եմ Չինաստանում կրթություն ստանալ: Այդպես երկու տարի առաջ մեկնեցի Չինաստան:

Тиран Ованнисян
© Sputnik / Aram Nersesyan ,
Տիրան Հովհաննիսյան

- Ի՞նչ նպատակներ ունես:

  - Եթե հնարավորություն ունենամ համալսարանն ավարտել, ապա ուսումս կշարունակեմ մագիստրատուրայի Միջազգային հարաբերություններ բաժնում։ Հետագայում նպատակ ունեմ Չինաստանում Հայաստանի դեսպան դառնալ: 22 տարեկանում կավարտեմ մագիստրատուրան, իսկ համալսարանի գիտական հանձնաժողովը որոշել է ինձ համալսարանում պահել այնքան, մինչև դոկտորի աստիճան ստանամ: Իմ ուսանած համալսարաններում ես ամենաերիտասարդ ուսանողն եմ և սովորում եմ մինչև 50 տարեկանների հետ:

Հայ դպրոցականը բրոնզ է նվաճել Փարիզում

- Facebook սոցիալական ցանցի օգտատերերը վերջին օրերին տարածում են քո բաց նամակը` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Գիտեմ, որ ՀՀ Զինված ուժերում ծառայության անցնելու հետ կապված խնդիր ունես, կմանրամասնե՞ս:

– 2020 թվականի հունիսի 15-ին դառնում եմ 18 տարեկան։ Նշանակում է, որ պետք է բանակ զորակոչվեմ: Զինծառայության անցնելու դեպքում ստիպված կլինեմ թողնել ուսումս։ Դեռ 3 ամիս առաջ նամակ էի ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել էի աջակցել տարկետում ստանալու և ուսումս շարունակելու հարցում: Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակ ստացա, որում նշված էր, որ ես 2020 թվականի հունիսի 15-ին վերադառնամ Հայաստան, այդ ժամանակ կորոշեն` շարունակեմ ուսումս, թե զորակոչվեմ: Այստեղ երկու խնդիր կա. նախ` նամակում չի նշվում` եթե ես վերադառնամ Հայաստան, հետագայում պետությունը ինձ հնարավորություն կտա՞ վերադառնալ Չինաստան, երկրորդ` այժմ ես անվճար եմ սովորում, և եթե նույնիսկ Հայաստանում ինձ թույլ տան շարունակել ուսումս Չինաստանում, միևնույն է` ես այլևս չեմ կարող անվճար սովորել, քանի որ քննություններս բաց կթողնեմ: Չինաստանում ուսումնական կիսամյակը սկսվում է սեպտեմբերին և ավարտվում հունվարի կեսին, իսկ երկրորդ կիսամյակը սկսվում է մարտին և ավարտվում հուլիսին: Այսինքն` եթե ես հունիսի 15-ին վերադառնամ Հայաստան, չեմ հասցնի հանձնել քննություններս:

Հայ բժիշկը բուժել է 4–ամյա երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցիները

- Ի՞նչ ես պատրաստվում անել:

- Երեկ նորից նամակ եմ գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Ակնկալում եմ հանդիպել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել իմ հետագա անելիքները և մի շարք ուսումնամեթոդական, ուսումնակազմակերպչական հարցեր: Ես ցանկանում եմ օգտակար լինել իմ երկրին, աշխատել և արարել Հայաստանում:

Тиран Ованнисян
© Sputnik / Aram Nersesyan ,
Տիրան Հովհաննիսյան

- Հայաստանը Չինաստանում ներկայացնելու առիթ ունեցե՞լ ես:

- Չինաստանի համալսարանում տարվա մեջ մեկ անգամ սպորտային միջոցառում է անցկացվում, որին մասնակցում են համալսարանի բոլոր ուսանողները. Միջոցառման ժամանակ ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկիրը։ Ես ներկայացրել եմ իմ ժողովրդին, մեր կյանքն ու կենցաղը, հայկական մշակույթը, մեր երկրի տեսարժան վայրերը: Այդպես մենք կարող ենք նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Համալսարանները, որտեղ սովորել և սովորում եմ, ընդհանուր առմամբ 46.000 ուսանող է սովորում։ Ի դեպ, նկատել եմ, որ չինացիների 99 տոկոսը չգիտեն Հայաստանի մասին, մինչդեռ եթե այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք տարվի, մենք զբոսաշրջիկների աննախադեպ հոսք կունենանք Չինաստանից։

Ըստ թեմայի

Աշակերտները կազատվե՞ն ծանր պայուսակից ու դրա հետևանքներից. 48 դասագիրք երկհատորանի կլինեն
Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». տեսանյութ և լուսանկարներ
Գյումրիից Սուդան. մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է Թոմ Քաթինային
Հայ դպրոցականների համար նոր խաղը կխաղա նույնիսկ ՀՀ նախագահի կինը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ուսանող, Չինաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ