19:16 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ռոբերտ Ղուկասյան

Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից

© Sputnik / Aram Nersesyan ,
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
137320

Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը, որն առաջիկայում վարչապետի խորհրդականն է լինելու, Կալավանի զարգացման մասին մտածելուց բացի, գիրք է գրում։ Գիրքը, սակայն, այս տարի լույս չի տեսնի` Ռոբերտի ծրագրերը փոխվեցին։

Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա

Գեղարքունիքի Կալավան համայնքում ենք, տեղի բնակիչներից Ռոբերտ Ղուկասյանի տան տեղն ենք հարցնում։

–Բարև ձեզ։ Ռոբերտ Ղուկասյանի հյուրատան տեղը գիտե՞ք։

–Ռոբերտ Ղուկասյա՞նի... Հա՜, մեր Ռոբի՞։

Роберт Гукасян у гестхауса Time Land
© Sputnik / Aram Nersesyan ,
Ռոբերտ Ղուկասյան

Ռոբերտը Կալավանում և հարակից գյուղերում հայտնի էր նաև մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս այնտեղ գնալն ու նրան իր խորհրդական նշանակելու մասին հայտարարելը։ 35 ընտանիքից բաղկացած Կալավանում Ռոբերտին գտնելը դժվար չէ. հանդիպում ենք նրան, ու նա արդեն դասավորում է մեր զրույցի ընթացքը` Մարգարիտան անտառային խոհանոցից կխոսի, Աստղիկը հյուրատները ցույց կտա, չգիտեմ ով էլ զբոսաշրջիկների այցից կխոսի։ Ռոբերտն իրեն համեստորեն հանում է զրուցակիցների շարքից, բայց նրան չի հաջողվում «էժան պրծնել»։

Интерьер гестхауса Time Land в селе Калаван
© Sputnik / Aram Nersesyan ,
Կալավանի հյուրատունը

Ռոբերտի ընտանիքը Կալավան է տեղափոխվել 1980-ականների վերջերին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից։ Դպրոցում սովորելու վերջին 3 տարիներին, լինելով դպրոցի միակ աշակերտը, Ռոբերտը ոչ թե ընկճվել է, այլ սկսել ինքնակրթությամբ զբաղվել. այդպես է նաև գերազանց անգլերեն սովորել։ Ռոբերտն ինքնուս հնագետ է ու չնայած ֆորմալ կրթություն չի ստացել, սակայն հասցրել է մի շարք գիտական հոդվածների հեղինակ լինել, ընդգրկվել տարբեր գիտական արշավախմբերում։

Երբ 2012–ին Ռոբերտը հերթական պեղումներից վերադառնում է Կալավան, նկատում է, որ գյուղում դատարկվող տների թիվն ավելանում է։ Մյուս կողմից, Ռոբերտի երեխաները (մեկ աղջիկ և մեկ տղա) հորն ասում են, որ իրենք, ինչպես մյուսները, չեն ուզում լքել գյուղը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Կալավանի հեքիաթը։

«Սկզբում կազմակերպեցի էքսպերիմենտալ հնագիտության օրեր` գյուղ եկող հյուրերը պետք է տեսնեին` ինչպես էին մարդիկ ապրում հին ժամանակներում։ Իտալիայից խմբեր եկան, ու դա ազդակ էր, որ Կալավանը հետաքրքիր է մարդկանց։ Ամենադժվարը համագյուղացիներիս համոզելն էր, որ մենք կհաջողենք։ Հուսալքությունը բավականին շատ էր, պետք էր աշխուժություն մտցնել նախ իրենց` գյուղացիների տան ներսում»,–պատմում է նա։

Տարբեր ծրագրերով զբոսաշրջիկներին Կալավան բերելուն զուգահեռ` Ռոբերտը միջոցներ է հայթայթում դպրոցի վերանորոգման համար, գյուղացիների տների ջեռուցումն արևային էներգիայով դարձնելու աշխատանքներ իրականացնում։ Սա, ինչ խոսք, կալավանցիների կյանքում որոշակի աշխուժություն է մտցնում։ Մյուս կողմից, դրսից եկած հյուրերը գիշերակացի խնդիր են սկսում ունենալ, ու Ռոբերտը որոշում է իրենց տան նկուղային հարկը վերանորոգել և հյուրատուն դարձնել։ Հետո արդեն հյուրերի թիվն ավելանում է ու կալավանցիներից որոշները, Ռոբերտի օրինակը տեսնելով, սկսում են իրենց տունը հյուրատան վերածել։

Тропинка во дворе гестхауса Time Land в селе Калаван
© Sputnik / Aram Nersesyan ,
Կալավան

Հեշտ թվացող ճանապարհին պարզվում է բազմաթիվ խոչընդոտներ են եղել, անգամ դիմակավորված անձինք են զբոսաշրջիկներին փորձել Ռոբերտի կազմակերպած վրանային ճամբարից դուրս հանել։ Ռոբերտի դեմ արշավները մշտական են եղել, քանի որ կարծել են` նա պաշտոնի է ձգտում` գյուղապետ, մարզպետ...

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

Այժմ Կալավանում 8 հյուրատուն կա, որից 6–ն է գործում, իսկ երկուսը ներքին հարդարման խնդիրներն են լուծում։ Ռոբերտն աշխատեցնում է իր տան նկուղում գտնվող հյուրատունը, զբաղվում «ԹայմԼենդ» հիմնադրամի շինարարությամբ: «ԹայմԼենդը» լինելու է կենտրոն, որը «կանչելու» է զբոսաշրջիկներին Կալավան` այնտեղ գործելու է սրճարան, բուժկետ, թանգարան, մեծ հանդիպումների համար դահլիճ, վրանային ճամբար, որտեղ երեկոյան կինոդիտումներ կլինեն։

Интерьер гестхауса Time Land в селе Калаван
© Sputnik / Aram Nersesyan ,
Կալավանի հյուրատունը

«Իմ խնդիրը եղել է միջավայրի ապահովումը, որպեսզի գյուղը զբոսաշրջիկներին հետաքրքիր լինի։ Հիմա Կալավանում կյանքը եռում է` մեկը «Վիլիս» է բերում զբոսաշրջիկներին պտտելու համար, մյուսը պանիր է պատրաստում, մեկ ուրիշն էլ` մեղր, իսկ պատանիներն էլ «գիդ» են դարձել, այսինքն` ամեն մեկը գտնում է իր տեղը»,–ասում է նա ու հավելում, որ մտածել է` գյուղը զարգացնել ու վերադառնալ հնագիտությանը։

Гестхаус Time Land в селе Калаван с высоты птичьего полета
© Sputnik / Aram Nersesyan ,
Կալավանի հյուրատունը

Փաշինյանի այցը Կալավան, սակայն, Ռոբերտի ծրագրերը փոխեց։ Մյուս կողմից, սակայն, շատ ուրախ է, քանի որ կարծում է, որ իր` վարչապետի խորհրդական լինելը կօգնի մի շարք խնդիրներ լուծելուն։ Նա արդեն իսկ Լեռնանիստում փորձում էր Կալավանի փորձը կիրառել, հետո անցնել Բագրատաշենին. կալավանցի Ռոբերտի առաջ շատ դռներ չէին բացվի, սակայն վարչապետի խորհրդական Ռոբերտի համար մի շարք խոչընդոտներ կարող են հաղթահարվել` գյուղերին օգնելու համար։

Վինիլային նվագարկիչ և անտառային խոհանոց. Նիկոլ Փաշինյանը Կալավանում է

«Ինձ համար անակնկալ ու շոկային էր վարչապետի առաջարկը։ Թվում էր` ես շատ կարևոր եմ Կալավանի համար ու առանց ինձ գործն առաջ չէր գնա։ Սակայն, երբ գյուղացիները տեսան, որ «կորցնում» են Ռոբերտին ու իրենց վրա է պատասխանատվությունը, այնպիսի ոգևորությամբ սկսեցին առաջ տանել իրենց գործը, որ ես ապշել էի»,–ասաց նա։

Дети на проселке в селе Калаван
© Sputnik / Aram Nersesyan ,
Կալավան

Ի դեպ, Ռոբերտն այժմ գիրք է գրում, որը կոչվում է «Համայնք», և այնտեղ ներկայացված է ինչպես Կալավանի հաջող փորձը, այնպես էլ գյուղերում առկա խնդիրները։ Գիրքը, սակայն, այս տարի լույս չի տեսնի, քանի որ վարչապետի այցից հետո Ռոբերտի ծրագրերը մի փոքր փոխվել են։

Հ. Գ. Կալավան տանող ճանապարհը շուրջ 9 կմ գրունտային է, ու դա ամենևին էլ չի խանգարում, որպեսզի գյուղի հյուրատներում զբոսաշրջիկների պակաս լինի. մինչև սեպտեմբերի վերջ հյուրատներում արդեն տեղ չկա։

Гестхаус Time Land в селе Калаван с высоты птичьего полета
© Sputnik / Aram Nersesyan ,
Կալավանի հյուրատունը

Հիշեցնենք` հուլիսի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի շրջանակներում այցելել էր Կալավան, զրուցել Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Ծանոթանալով Ռոբերտի` Կալավանի զարգացման ծրագրի հետ` վարչապետը որոշել էր նրան իր խորհրդականը նշանակել` այլ գյուղերում էլ այդ փորձը ներդնելու համար։

Ըստ թեմայի

Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը
Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը
թեգերը:
խորհրդական, Գյուղ, Ռոբերտ Ղուկասյան, Կալավան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ