15:47 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Դավիթ Պետրոսյան

Արոտավայրեր՝ թշնամու կրակի տակ. Դավիթը վերադարձել է Չինարի, որ արտադրամաս հիմնի

© Sputnik / Aram Nersesyan ,
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
194820

Հայաստանի սահմանամերձ Չինարիում ծնված երիտասարդը 12 տարի Ռուսաստանում ապրելուց ու աշխատելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ։ Նույնիսկ հակառակորդի կրակոցների տակ գտնվող արոտավայրերը Դավիթին չեն ընկճում։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Նելլի Դանիելյան. 12 տարի Ռուսաստանում ապրելուց հետո Դավիթ Պետրոսյանը որոշել է վերադառնալ հայրենի Տավուշի մարզի Չինարի գյուղ: Նա ամուսնացել է հարևան գյուղի երիտասարդ ուսուցչուհու հետ ու իր ապագան բացառապես հարազատ գյուղում է պատկերացնում։

«Ես արդեն զբաղվում եմ անասնապահությամբ։ Նպատակս այն է, որ կաթնամթերքի արտադրամաս բացեմ»,– պատմեց Դավիթը` հավելելով, որ արդեն 32 գլուխ անասուն ունի, բայց սրանց ստիպված է հարևան գյուղի արոտավայրերում արածեցնել։

Давид Петросян житель деревни Чинари
© Sputnik / Aram Nersesyan ,
Դավիթ Պետրոսյան

Բանն այն է, որ ի տարբերություն Չինարիի, հարևան գյուղի արոտավայրերը հակառակորդի թիրախում չեն։

Մինչ պանրի արտադրամասի կառուցումը Դավիթ Պետրոսյանն առայժմ ստացած ամբողջ կաթն իրացնում է Չինարիում, քանի որ գյուղի բնակիչները զրկված են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։

Գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղի հողատարածքների շուրջ 70 տկոկոսը չի մշակվում` ադրբեջանական դիրքերի վերահսկողության տակ լինելու պատճառով։

«Մարդ, եթե գյուղում ապրում է ու չի կարողանում հող մշակել, անասուն պահել, ինչո՞վ ապրի։ Ստիպված պիտի գաղթի ճանապարհը բռնի։ Պիտի արտագնա աշխատանքի մեկնի»,– ասաց գյուղապետը` միաժամանակ նշելով, որ այդ պայմաններում Դավիթի վերադարձն ու գյուղում բիզնես սկսելու քայլը կրկնակի խրախուսելի է։

Գյուղ վերադարձած երիտասարդի մասին գյուղապետ Սաղոյանը պատմել է Տավուշի մարզպետին` նրան միջնորդելով հնարավորինս աջակցեն Դավիթի ծրագրերին։

Староста деревни Чинари Самвел Сагоян
© Sputnik / Aram Nersesyan ,
Սամվել Սաղոյան

Համայնքի իշխանությունը ներկայում փորձում է լուծել պանրի ապագա արտադրամասի ու գոմի համար անհրաժեշտ տարածքի հարցը։

Ինչ վերաբերում է Չինարիին, գյուղի միակ հույսը մնում է այգեգործությունը։ Արդեն 2 տարի չինարեցիներն ապրում են թզի բերքով։ Բնակլիմայական պայմանները ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի թզի հարուստ բերք են ապահովում գյուղին։

Սաղոյան․«Մենք ուժեղացրել ենք մեր դիրքերը, բայց չենք կարող բացառել, որ Չինարիի վրա կկրակեն»

Մեր այցելության պահին Չինարիի կենտրոնում հավաքված երիտասարդները գյուղացիների բերած թզի բերքը կշռում, խնամքով դասավորում էին արկղերի մեջ ու բարձում բեռնատարը, որը, հայկական սահմանամերձ գյուղի բարիքը պետք է տեղափոխեր Ռուսաստան։

Թզի մեկ կիլոգրամը մթերողները գնում են 400 դրամով։ Այս գնից գյուղացին դժգոհ չէ, քանի որ ստիպված չի լինելու բերքն ինքնուրույն տանել շուկա ու վաճառել։

Инжир
© Sputnik / Aram Nersesyan ,
Չինարիի թուզը

50 տոննա թուզ Չինարիից արդեն ուղևորվել է Ռուսաստան։ Գյուղացիների հաշվարկով՝ այգիներում դեռ մինչև սեպտեմբերի վերջը հավաքելու բերք կա։

2018թ.–ին Չինարիից 125 տոննա թուզ է արտահանվել։ Ընդ որում, արտահանվում է միայն հատընտիր բերքը, մնացած ոչ այնքան որակյալը սպառվում է ներքին շուկայում, իսկ այն մրգերից, որոնք ո՛չ վաճառվում են, ո՛չ իրացվում, գյուղացիներն օղի են թորում։

Տավուշի մարզի փարթամ բնությունն ու հարուստ բերքը չի շրջանցվել նաև մարզի զարգացման ծրագրերը։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, մարզի իշխանությունը ներդրողների հետ մշակում են մրգի, հատապտուղների, խոտաբույսերի արտադրության տարբեր ծրագրեր։

«Ծրագրեր են մշակվում, որպեսզի մենք կարողանանք ոչ թե գնանք անտառից ծառ կտրենք, բերենք, այլ գնանք անտառի բարիքները բերենք։ Դա և՛ գյուղատնտեսության զարգացում է, և՛ արտադրության զարգացում է, և՛ դրանց նպաստող ծառայությունների զարգացում է»,– ասաց Նիկոլայ Գրիգորյանը։

Ի դեպ, գերմանական GIZ կազմակերպության գնահատմամբ՝ Հայաստանի անտառներում շուրջ 300 մլն եվրոյի հարստություն կա։

Այդ հարստությունից, սակայն, Հայաստանն այսօր գրեթե չի օգտվում։

Ըստ թեմայի

Գետի ափին, կամրջակներով. սահմանամերձ Բաղանիսը շատ շուտով նոր մանկապարտեզ կունենա
Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը
Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանամերձ զորամասեր
թեգերը:
Ադրբեջան, բիզնես, կրակոց, Սահման, սահմանամերձ գյուղեր, Սամվել Սաղոյան (Չինարիի գյուղապետ), Չինարի, Հայաստան

Գլխավոր թեմաներ