07:00 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
162220

Վարպետ Օնիկի ամեն օրը սկսվում է Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտի մոտ մոմ վառելով ու աղոթքն առ աստված հղելով: Ու այսպես արդեն 57 տարի:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

57 տարի առաջ գյումրեցի Օնիկ Խաչատրյանը ձեռնարկեց Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտի պատրաստման աշխատանքները: Սեղանաչափ եկեղեցին իրականի նույն պատկերն է՝ ամեն ինչ ինչպես որ կա: Ասում է՝ սկզբում չէր սպասում, որ հենց այսպես կստացվի: Հիմա արդեն հպարտությամբ է հիշում. պատրաստելուց տարիներ անց, երբ լրագրողներից մեկը թերթում գրում է վարպետ Օնիկի այս ու մյուս մանրակերտ եկեղեցիների մասին, երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսը ցանկություն է հայտնում ձեռք բերել այն։ Վարպետ Օնիկը պատրաստվում է եկեղեցու մանրակերտը նվիրել Վեհափառին, բայց նույն գիշերը երազ է տեսնում, որում Աստված ասում է. «Առաջին պտուղդ դուրս չհանես»:

Макет церкви мастера Оника Хачатряна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարպետ Օնիկի պատրաստած մանրակերտը

Որպես մարգարեություն հնչած այս խոսքերը ստիպում են հրաժարվել Մայր տաճարի մանրակերտը նվիրելու որոշումից: Կաթողիկոսին տեղեկացնում են կատարվածի մասին: Այդ օրվանից հետո նրա պատրաստած մանրակերտը միշտ նույն տեղում է: Սա այն եկեղեցին է, որից երբեք ու ոչ մի պայմանով չի բաժանվում:

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

«Առաջին գործս է, 1963 թվականին սկսել եմ, 1968 թվականին վերջացրել՝ 5 տարի է տևել, 15 կտորից է բաղկացած: Պլաստմասե է։ Այստեղ ամեն ինչ նույնն է՝ գմբեթներով, խորանով և այլն: Այս եկեղեցին ոչ մեկին ու ոչ մի պայմանով չեմ տվել՝ նույնիսկ Թբիլիսիից առաջարկ եղավ ավտոմեքենայի գին էին տալիս՝ չհամաձայնեցի»,-Sputnik Արմենիային պատմում է վարպետը:

Мастер Оник Хачатрян с макетом церкви
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարպետ Օնիկն իր պատրաստած Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտի հետ

Մայր տաճարը, չնայած իր չափերով ամենամեծ, բայց նրա միակ պատրաստած մանրակերտը չէ: Արդեն 82-ամյա Օնիկ Խաչատրյանի արհեստանոցում այս պահին պլաստմասե 15 եկեղեցի կա: Պապը պատմում է՝ եկեղեցիներ սկսել է սարքել 13 տարեկանից։ Հաճախել է «Պիոներների պալատի» ավիամոդելիստների խմբակ, որտեղ ինքնաթիռներ պատրաստելու սերը նաև ստիպել է այլ մանրակերտներ ստեղծել: «Ձեռքիցս ամեն ինչ գալիս է, շատ տեղերում եմ աշխատել, բայց իմ ամենասիրած զբաղմունքը տանը մանրակերտեր պատրաստելն է: Արդեն մոտ 60 տարի է այս գործն եմ անում: Ամեն մի եկեղեցի 3 ամսում է պատրաստվում»,-պատմում է պապը:

Макеты церквей мастера Оника Хачатряна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարպետ Օնիկի պատրաստած մանրակերտը

Օնիկ պապի պատրաստածներից 9-ը Գյումրիի եկեղեցիներն են, նույնիսկ արդեն գոյություն չունեցողները կան նրա մանրակերտերում: Բոլորը պատրաստել է կամ անմիջապես բնօրինակից, կամ տեսնելով դրանց նախագիծը: Տանն ունի նաև Շուշիի, Էջմիածնի, Աղթամարի ու Սիմֆերոպոլի եկեղեցիների մանրակերտները: Նոր եկեղեցիներ պատրաստելու համար երբեմն վաճառել է մի քանիսը: «Եթե մի եկեղեցի վաճառել, 3 նվիրել եմ»,-ասում է պապը` ավելացնելով՝ նվիրում կամ վաճառում է միայն այն դեպքում, եթե դրա օրինակն ինքն ունի:

Мастер Оник Хачатрян с макетом церкви
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարպետ Օնիկն իր պատրաստած մանրակերտի հետ

«Սրանց մեջ իմ հոգին է, չկա մի օր, որ չմտնեմ արհեստանոց ու մի բան չանեմ: Շատ բարդ է պատրաստելը, որոշ եկեղեցիներ նաև լույսեր ունեն»,-ասում է Օնիկ պապը։ Նրան այս հաճույքից հետ չի պահում նույնիսկ տեսողության հետ կապված խնդիրը: Խոստովանում է՝ նյութի խնդիր չունի՝ իր հոբբիի մասին շատերը գիտեն, և իրենք են բերում հին հեռուստացույցների պլաստմասե արկղերը, որոնցից էլ և պատրաստվում են մանրակերտները:

Макет церкви мастера Оника Хачатряна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարպետ Օնիկի պատրաստած մանրակերտը

Տասնամյակների ընթացքում եկեղեցիների ավելի քան 80 մանրակերտ պատրաստած վարպետ Օնիկն անկեղծանում է՝ միայն մեկ անգամ է մասնակցել իսկական եկեղեցու շինարարության, ավելի ճիշտ օգնել է ընկերոջն Ախուրիկի ուղեկալում եկեղեցի կառուցել, բայց հետո հասկացել է՝ դա իրենը չէ:

Գյումրեցիները քանդված տնակների մեխերով փորձում են արվեստի գործեր ստեղծել. լուսանկարներ

Վարպետ Օնիկը հիմա երազում է Հառիճի եկեղեցու մանրակերտը պատրաստել, բայց դրա համար պետք է գնա ու իր աչքով տեսնի: Գիտի՝ բարդ եկեղեցի է, բայց նա դժվարությունից չի վախենում:
Ցավով նշում է, որ մանրակերտեր պատրաստելու սերն իր երեխաներին չի փոխանցվել, բայց վստահ է՝ թոռներն ավելի ստեղծարար են:

Макеты церквей мастера Оника Хачатряна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարպետ Օնիկի պատրաստած մանրակերտները

Ըստ թեմայի

Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»
«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին
թեգերը:
Վազգեն Առաջին, Մայր տաճար, Էջմիածին, Գյումրի

Գլխավոր թեմաներ