17:13 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
222620

Ըմբիշ Արմեն Նազարյանը 22 տարեկանում Ատլանտայի օլիմպիական խաղերում նվաճեց անկախ Հայաստանի համար պատմական ոսկին, հետո մեկնեց երկրից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է Հայաստանից հեռանալու, Փաշինյանի տված պարգևի ու իրեն առաջարկված ծախու խաղերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Անկախ Հայաստանի պատմության մեջ հայ մարզիկներն ընդամենը երկու անգամ են կարողացել օլիմպիական ոսկի նվաճել։ Նրանցից մեկն ըմբիշ Արմեն Նազարյանն էր, որը 1996 թվականին հաղթեց Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում, մյուսը` Արթուր Ալեքսանյանը, որը 2019 թվականին ոսկե մեդալով վերադարձավ Ռիոյի օլիմպիադայից։

Ու եթե հիմա Հայաստանում ցանկացած պատանի գիտի Ալեքսանյանի անունը, ապա Մասիս գյուղում ծնված Արմեն Նազարյանի սպորտային սխրանքի մասին հիշողությունը հետզհետե ջնջվում է։ Փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն Արմեն Նազարյանին Առաջին աստիճանի շքանշան հանձնեց հայրենիքին մատուցած ծառայության համար: Այսպիսով երկրի ղեկավարությունը ցույց տվեց, որ հիշում է հայրենակցի սխրանքը։

Армен Назарян на церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Նազարյանը

Ատլանտայում ստացած ոսկե մեդալի շնորհիվ Արմեն Նազարյանը մտավ պատմության մեջ որպես անկախ Հայաստանի եռագույնի տակ ելույթ ունեցող առաջին օլիմպիական չեմպիոն։ Սակայն 1997 թվականին նա տեղափոխվեց Բուլղարիա ու սկսեց միջազգային մրցումներում ելույթ ունենալ այդ երկրի դրոշի ներքո։ Հենց այդ շրջանում էլ անցավ ավելի ծանր քաշային կատեգորիա ու դարձավ ժամանակի ամենաշատ տիտղոսներ ունեցող մարզիկներից մեկը ( չորս անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ` աշխարհի)։ Բացի այդ, նա ոսկե ու բրոնզե մեդալների արժանացավ Սիդնեյի (2000 թ.) ու Աթենքի (2004) օլիմպիադաներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Sputnik Արմենիան զրուցել է Արմեն Նազարյանի հետ։ Նախկին ըմբշամարտիկը խոսել է ոչ միայն հայրենիքի հանդեպ սիրո մասին, այլև անկեղծորեն պատմել է` ինչպես են իրեն գումար առաջարկել, երբ դեռ ելույթ է ունեցել Հայաստանի դրոշի տակ։

«Այս մեդալն իմ հայրիկն էր ուզում տեսնել։ Ցավոք, երկու տարի է՝ նա չկա: Ես հպարտ եմ, որ այս ամենը տեսնում են իմ որդիները, կտեսնեն թոռներս, որովհետև սա պատմություն է, որը ջնջել հնարավոր չէ», – ասաց Նազարյանը։

Մարզիկը խոստովանեց` շատ է սպասել այս պարգևին, ավելի քան քսան տարի երազել է դրա մասին։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում չեն մոռացել Ատլանտայի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ իմ նվաճած ոսկե մեդալը հունահռոմեական ըմբշամարտի՝ տղամարդկանց մինչև 52 կգ քաշային կարգում: Այնտեղ հնչել է մեր հիմնը, և ծածանել եմ մեր դրոշը», – նշեց նա։

Նազարյանն ընդգծեց` առաջին անգամ էր, որ իր վաստակը գնահատվեց հայրենիքում։ Նա շնորհակալ է ոչ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև իր ընկերներին, որոնք իրեն ներկայացրել են պարգևի համար՝ Վաղինակ Գալստյանին, Գրիշա Թամրազյանին, Գևորգ Հակոբյանին, Ռոման Մուրադյանին:

Армен Назарян
Արմեն Նազարյան

Նազարյանի կենսագրությունը պատմություն է այն մասին` ինչպես բաց հոգով ու այրվող սրտով մարդը հաջողության հասավ ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։ Բայց ամեն ինչի մասին` հերթով։

9–ը տարեկանում նա սկսել է հունահռոմեական ոճի ըմբշամարտ պարապել Ռոբերտ Ներսեսյանի մոտ։

«Փոքր ժամանակ շատ կռվարար էի, էներգիայով լեցուն, սիրում էի դասարանցիների պատիվը պաշտպանել ։ Քչերն էին հավատում, որ կարող եմ հաջողության հասնել և դառնալ հայտնի մարզիկ: Ասում էին՝ կա՛մ այս տղան մեզ կտանի բանտ, կա՛մ մեր պարծանքը կդառնա», – հիշում է Նազարյանը։

Արդեն տասը տարի անց Նազարյանը պատանիների շարքում աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ մի քանի ամիս անց նվաճեց մեծահասակների առաջնության արծաթե մեդալը։ Ատլանտայի խաղերից մեկ տարի առաջ Արմենը Եվրոպայի չեմպիոն դարձավ ու որպես ֆավորիտ մեկնեց օլիմպիադա։

«Դժվարություններ շատ են եղել, ես պայքարել եմ տասնվեց կիլոգրամ քաշ կորցնելու համար, որպեսզի հիսուներկու կիլոգրամ քաշային կարգում հանդես գամ: Ամեն ինչից ինձ զրկում էի, ամիսներով սոված ու ծարավ էի մնում, որպեսզի հասնեմ իմ ուզած արդյունքին: Դժվարությունները չեն կոտրել ինձ, հակառակը՝ ավելի ուժեղ են դարձրել», – հիշում է նա։

Նազարյանի խոսքով` Ատլանտայի օլիմպիադայում կայացավ իր կյանքի գլխավոր երազանքը։ Նա հաղթեց եզրափակիչ գոտեմարտում, նվաճեց ոսկե մեդալը, և Հայաստանն առաջին անգամ լսեց երկրի օրհներգն ու տեսավ ծածանվող եռագույնը։

Ավելի քան քսան տարի անց մարզիկը կարողանում է հանգիստ խոսել նաև իրեն առաջարկված ծախու խաղերի մասին։ Նազարյանը խոստովանում է, որ շատ են եղել պահեր, երբ իրեն առաջարկել են վաճառել մարտը։

«Մրցակիցներն ամեն ինչ արել են, որ չհաղթեմ: Մոտենում և մեզ ասում էին` ձե՞զ տանք գումարը, թե՞ մրցավարին», – հիշում է նա տարիներ անց։

Նազարյանի խոսքով` օլիմպիական խաղերում փորձել են իրենից երեք գոտեմարտ գնել։

«Առաջին գոտեմարտը սկսվում էր երեսուն-քառասուն հազար դոլարից։ Դե պատկերացրեք՝ մինչև եզրափակիչ ինչքան գումար կտային, որ մենք պարտվեինք: Այդ տարիներին գումարի կարիք շատ ունեինք, մենք կարող էինք այդ ժամանակ մի գոտեմարտ վաճառել և ապահովել մեր ամբողջ կյանքը: Եզրափակիչում մեզ արդեն առաջարկում էին հարյուր հիսուն հազար դոլար ամերիկացի ըմբիշի հետ մենամարտի ժամանակ: Ես ասում էի՝ մեդալն ինձ հետ պետք է լինի, ուր էլ գնամ», – պատմում է նա։

Հայաստանի համար ոսկի նվաճելուց հետո, թվում է, Նազարյանը ճակատագիրը պետք է կանխորոշված լիներ։ Բարձր մակարդակի ելույթներ, հետո մարզչական գործունեություն, հետո, հնարավոր է, քաղաքականություն։ Համենայն դեպս սպորտի վաստակավոր գործիչները հաճախ են այդ ճանապարհով գնում։ Սակայն Արմենին այլ ճակատագիր էր սպասում։ Նա որոշեց Բուլղարիա մեկնել։ Ու մեկնեց Ատլանտայի օլիմպիադայից մեկ տարի անց։

Մարզիկն առանց երկմտելու նշում է պատճառը` հիասթափություն։ Օլիմպիադայից ոսկե մեդալով վերադարձած մարզիկին հայրենիքում նույնիսկ չդիմավորեցին, նրա կողքին էին միայն բարեկամներն ու համագյուղացիները։

«Հայաստանում այդպես էլ ոչ մի ընդունելություն չեղավ, ոչ մի շնորհակալական խոսք: Իհարկե, այդ տարիները բարդ էին մեր երկրի համար՝ Ղարաբաղում պատերազմ էր, լույս ու ջուր չկար, և երկիրը վատ պայմաններում էր, բայց մենք հաղթահարել ենք ամեն ինչ: Իսկ Բուլղարիայի նախագահն անմիջապես ինձ քաղաքացիություն տվեց, իսկ ես խոստացա շատ մեդալներ վաստակել այդ երկրի համար: Ես պահեցի իմ խոստումը և տասնմեկ ոսկե մեդալ նվաճեցի: Այդ ժամանակ ինձ ապահովեցին բնակարանով, մեքենայով, մեծ հոնորարներով, ինչը մարզիկի համար շատ ոգևորող է», – ասում է Նազարյանը։

Սպորտի բնագավառում մեծ հաջողությունների է հասել նաև Արմեն Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը, որը շարունակում է հոր ուղին։

«Իմ տղան դարձավ Հռոմում Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, նա նվաճել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոնի աշխարհի բրոնզե մեդալը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Ես հպարտանում եմ նրանով, որովհետև նա շարունակում է մեր գենը, մեր ազգանունը: Նա գիտի, որ ըմբշամարտը հեշտ մարզաձև չէ, բայց ուզում է շարունակել իմ ուղին: Ես միշտ երազել եմ մեր տան մեջ տեսնել երեք օլիմպիական ոսկե մեդալ․ երկուսը ես եմ նվաճել, բայց ուզում եմ՝ տղաս ինձնից անցնի, իսկ նա մոտ է այդ մեդալին», – ասում է Նազարյանը։

Մարզիկը չի խզում հայրենիքի հետ կապը, ուրախանում է իր հայրենակիցների հաջողություններով ու ձեռքբերումներով։

Армен Назарян
ARMNOC
Արմեն Նազարյան

«Մենք ունենք բավականին շատ մեդալներ, չեմպիոններ: Մեր երիտասարդներն առաջընթաց են ապրում, ես միշտ պատրաստ եմ օգնել, միասնական հավաքներ կատարել: Գնահատում եմ մեր մարզիչների աշխատանքը՝ Էդիկ Սահակյանի, Գևորգ Ալեքսանյանի, Սամվել Գևորգյանի, ինչպես նաև մեր մարզիկներին: Երբ գալիս եմ հայրենիք, ուրախանում եմ նրանց ձեռքբերումներով: Չորս անգամ Բուլղարիայի թիմին բերել եմ Հայաստան, և միասնական հավաքներ ենք անցկացրել այստեղ: Ես չեմ մոռացել իմ հայրենիքը, ուր էլ գնամ, Հայաստանի պատիվը բարձր եմ պահելու», - վստահեցնում է նա։

Հիշեցնենք` Արմեն Նազարյանը մարզչական գործունեությամբ է զբաղվում 2008 թվականից։ 2012 թվականի նոյեմբերին նշանակվել է Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ։ 2013 թվականին Բուլղարիայի տարվա մարզիչ է ճանաչվել։ Երեք երեխա ունի` երկու որդի (2002 թվականին ծնված Էդմոնն ու 2005 թվականին ծնված Գրիշան) և մեկ դուստր (2007 թվականին ծնված Ինեսան)։

Ըստ թեմայի

222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին
Տոնական ու մարզական. լավագույնների պարգևատրումը` լուսանկարներով
Վստահ չեմ, որ հավաքականում ինձ վնասվածք կամ նույնիսկ թունավորում չի սպասում. Ջուլֆալակյան
թեգերը:
ըմբշամարտիկ, ըմբիշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ