22:36 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Աննա Դոնչենկոն համոզված է, որ հայկական շուկայում դեռ շատ տեղ կա ռուսական արտադրանքի համար։

Աննա Դոնչենկոն, որն աշխատել է Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունների համակարգում, այդ թվում` նաև Ֆրանսիայում և Բելգիայում, այսօր գլխավորում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։ Այս բարդ ժամանակաշրջանում նա ձգտում է ոչ միայն պահպանել, այլև ընդլայնել ռուսական ապրանքների հայաստանյան մատակարարումները, իսկ հայ արտահանողներին` օգնել Ռուսաստանում հուսալի գործընկերներ գտնելու հարցում։ Դոնչենկոն ու նրա ընտանիքի անդամներն ուզում են հայերեն սովորել և ուսումնասիրել հայկական մշակույթը (նա արդեն մի քանի եվրոպական լեզու գիտի)։ Դոնչենկոն ուզում ավելի լավ «հասկանալ» այն երկիրը, որտեղ ապրում ու աշխատում է։

– Ի՞նչ նպատակներ եք դրել ձեր առջև։

- Մեր հիմնական խնդիրն է աջակցել առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև ավանդական և գիտահեն (թվային տեխնոլոգիաներ, ռադիոէլեկտրոնիկա) ոլորտներում մեր երկրների համագործակցությանը։ Մենք ջանում ենք համագործակցության նոր ուղղություններ գտնել և օգնել ռուսաստանցի արտահանողներին Հայաստանում գործարար գործընկերներ փնտրելու, իսկ հայկական բիզնեսին` Ռուսաստանում հուսալի կոնտրագենտներ գտնելու հարցում։

Վերջերս Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման դրական միտումը, ասել էր. «Անհրաժեշտ է ամրապնդել ձեռքբերումներն ու համագործակցության նոր ոլորտներ փնտրել»։ Դրանով էլ զբաղվում ենք։ Համոզված եմ, որ ռուսական ապրանքները հայկական շուկայում ընդլայնվելու տեղ ունեն և կարող են փոխարինել երրորդ երկրներից բերվող ապրանքներին։

– Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունները բավականին զարգացած են։ Առևտրատնտեսական գործընկերության հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

– Այո, մեր երկրների հարաբերություններն ընդլայնվում և խորանում են, աճում է ապրանքաշրջանառությունը։ Վերջին տարիներին Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների ծավալն ավելացել է 2.6 անգամ, իսկ Ռուսաստանից ապրանքների ներմուծումը` 1.5 անգամ։ Ռուսաստանի Դաշնությունը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության գլխավոր առևտրատնտեսական գործընկերը։

«Ռուսաստանի արտահանման կենտրոն» ԲԸ փորձագետների գնահատականներով` Ռուսաստանն առաջիկա 2-3 տարիների ընթացքում կարող է արտաքին շուկաների մատակարարումների ծավալները հասցնել 50 մլրդ դոլարի։

– Հակաճգնաժամային աջակցման շրջանակում Հայաստանի կառավարությունը բիզնեսին արտոնյալ մեխանիզմներ է առաջարկում գյուղատնտեսական տեխնիկա գնելու և լիզինգի համար։ Ի՞նչ են առաջարկներ ունեն ռուսական գործարանները, և կարո՞ղ են արդյոք նրանք այսօրվա պայմաններում իրենց արտադրանքը ներկայացնել հայկական բիզնեսին։

– Հայաստանն ագրարային երկիր է։ Ագրոարդյունաբերական համալիրը կազմում է ՀՆԱ–ի շուրջ 20%–ը և հեռանկարում ևս կպահպանի իր առաջնահերթ նշանակությունը։ Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ գյուղատնտեսական տեխնիկայի մոտ 70%–ն ավելի քան 20 տարվա է։ Այնպես որ տեխնիկայի մատակարարումները, անկասկած, հեռանկարային են և հետաքրքիր։ Ռուսական տեխնիկան քաջ հայտնի է հայ գնորդին, այդ թվում` խորհրդային անցյալով, բացի այդ, արտասահմանյանի համեմատ ավելի շահեկան է գին–որակ հարաբերակցության տեսանկյունից։

Նույնը կարելի է ասել ջերմոցային կոնստրուկցիաների մասին։

Ռուսական որոշ արտադրողներ իրենց արտադրանքն արդեն հաջողությամբ մատակարարում են հայկական շուկա, նաև Հայաստանում իրականացվող լիզինգային պետական ծրագրերի շրջանակում։ Լավ օրինակ է «Ռոստսելմաշի» և հայկական մատակարար «Սպեցմաշ» ՍՊԸ–ի երկարամյա համագործակցությունը։

– 2020 թվականին Հայաստանի կառավարությունը մտադիր է ընդլայնված ներդրումներ անել կապիտալ շինարարության օբյեկտներում։ Այդ մրցույթները հետաքրքրում են շինտեխնիկա արտադրող ռուսական ընկերություններին։

- Անկասկած։ Ռուսաստանում ճանապարհաշինական տեխնիկայի արտադրությունը դժվարին տարիներ է ունեցել։ Բավական երկար ժամանակ ճնշել են արտասահմանյան մեքենաները։ Մի քանի տարի առաջ իշխանությունների` հայրենական մեքենաշինությանն աջակցելու որոշման շնորհիվ իրավիճակը փոխվեց։ Մի շարք փաստաթղթեր կան, որոնք էական արտոնություններ են նախատեսում ռուսական ձեռնարկությունների համար։ Սա թույլ տվեց ընդլայնել արտադրությունն ու ամրապնդել հայրենական արտադրողների դիրքը։ Ռուսական տեխնիկան հաջողությամբ մրցում է արտասահմանյանի հետ, երբեմն էլ նույնիսկ գերազանցում տեխնիկական մի շարք բնութագրերով։ Ընդ որում` պետք չէ մոռանալ, որ ռուսական մեքենաներն ավելի մատչելի են։

Ինչ վերաբերում է տենդերներին, առևտրային ներկայացուցչությունը ռուսական բիզնեսին ակտիվ ներգրավում է հայաստանյան գնումների գործընթացին։ Ռուսական մատակարարներին պարբերաբար ուղարկվում են Հայաստանում իրականացվող գնումների և տենդերների վերաբերյալ հայտարարությունները, անհրաժեշտության դեպքում օգնում ենք որպեսզ մատակարար գրանցվել ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում։

– Ինչպե՞ս է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ազդել Ռուսաստանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա։ Եվ ինչպե՞ս է այդ պայմաններում աշխատում առևտրային ներկայացուցչությունը։

- Կորոնավիրուսը խնդիրներ է ստեղծել նաև ռուսաստանյան մատակարարների համար։ Դժվարացել է բեռների տեղափոխումը, Վերին Լարսում գերբեռնվածություն է առաջացել։ Մեր երկրների կառավարությունները սերտորեն աշխատում են, պայմանավորվածություններ են ձեռք բերվել «կանաչ միջանցքի» վերաբերյալ` ԵԱՏՄ պետությունների միջև անխոչընդոտ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Ռուսաստանը հետաքրքրված է հայկական արտադրանքն անխափան մատակարարելու հարցում։

Համաճարակն ազդել է նաև բիզնես գործընկերների հետ կապեր հաստատելու վրա։

Հայաստանում, ինչպես և աշխարհի մի շարք երկրներում, չեղարկվել են բազմաթիվ գործարար առաքելություններ, ցուցահանդեսներ և ֆորումներ, որոնց մի մասին պետք է մասնակցեին ռուսական արտահանողները։

Ինչ վերաբերում է առևտրային ներկայացուցչությանը, ապա աշխատանքն ընթանում է սովորական ռեժիմով, ռուսական և հայկական ընկերություններից, ինչպես նաև պետական մարմիններից ստացվող բոլոր դիմումներն ուշադիր ուսումնասիրվում ու մշակվում են։

Սակայն որոշ խնդիրների լուծումն անմիջականորեն կախված է Հայաստանի իշխանությունների արձագանքից։ Պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն օպերատիվ արձագանքում են արտակարգ դրության ռեժիմի պայմաններում գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ ռուսական ընկերությունների դիմումներին։

– Ռուսաստանում արագացված տեմպերով բժշկական սարքավորումներ են արտադրվում, այդ թվում` թոքերի արհեստական օդափոխության սարքեր։ Իհարկե, ՌԴ–ն նախևառաջ պարտավոր է ապահովել սեփական բնակչության անվտանգությունը։ Իսկ այդ տեխնիկան Հայաստանին և ԵԱՏՄ այլ երկրների վաճառելու հնարավորություն կա՞։

– Ինչպես վերջերս նշեց Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, ՌԴ–ն այսօր բնակչության մեկ շնչի հաշվարկով թոքերի արհեստական օդափոխության սարքերի թվով աշխարհում ամենաապահովված երկրներից մեկն է։ Մեզ մոտ այսօր թոքերի արհեստական օդափոխության սարքերի բաղադրիչներ արտադրող ավելի քան 20 ընկերություն կա տարբեր մարզերում` Ռյազան, Ստավրոպոլ, Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Պերմ, Կրասնոդար, Մոսկվա։

Սակայն դա էլ կարող է բավարար չլինել։ Այդ պատճառով արտադրողները շարունակում են ընդլայնել արտադրությունը։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը մտադիր է բավարարել առաջիկա երեք ամիսների համար Ռուսաստանի մարզերի թոքերի արհեստական օդափոխության սարքերի պահանջարկը։ Բնականաբար, երբ կորոնավիրուսի պայքարում օգտագործվող սարքի պահանջարկն ապահովվի երկրի ներսում, հնարավոր կլինի մտածել նաև այն արտահանելու մասին, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ։

Ըստ թեմայի

Թեստավորում են անցել բազմաթիվ զինծառայողներ. ինչպես է աշխատում ռուսական լաբորատորիան
Հայկական բեռնատարները ե՞րբ կկարողանան անցնել Վերին Լարսի «կանաչ միջանցքով»
Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ