21:03 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)
130610

Խորհրդային հռչակավոր մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակովի) կյանքի պատմության մեջ մութ կետերը շատ են` կենսագրության արմատական փոփոխությունից, մինչև անսպասելի ձերբակալություն ու գնդակահարություն։

Этот день все приближали как могли
© Sputnik /
Этот день все приближали как могли

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

1945թ․-ի դեկտեմբերի 14-ին ԽՍՀՄ մարշալ Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով)  ձերբակալվեց Չիտայում և բերվեց Մոսկվա, նրան մեղադրանք առաջադրվեց  հայրենիքին դավաճանելու, ինչպես նաև Մանչժուրիայից թռչող անհետացած ինքնաթիռի ռազմավարն ու թանկարժեք իրերը յուրացնելու համար։ 1950թ․-ի ապրիլի 18-ին Խուդյակովը դատապարտվեց և գնդակահարվեց։

1954թ․-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան կրկին քննեց նրա գործը։ Նյութերում առաջին անգամ նշվեց հռչակավոր մարշալի իսկական անունը, ազգանունն ու հայրանունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց։

Маршал Сергей Худяков
© Photo : Public domain
Մարշալ Արմենակ Խամփերյանցը (Սերգեյ Խուդյակով)

Ռազմական կոլեգիան չեղյալ հայտարարեց դատավճիռը, իսկ արդեն 1965 թ․-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով հետմահու վերականգնվեցին արդարացված Խուդյակովի Ավիացիայի մարշալի զինվորական կոչումն ու պարգևները:

Խանփերյանցի կտրուկ «վերափոխման», նրա սրընթաց կարիերայի, Ստալինի հետ հարաբերությունների և գնդակահարության պատճառների մասին Sputnik Արմենիան զրուցել է մարշալի թոռան՝ Սերգեյ Խուդյակովի հետ։

Արմենակ Խանփերյանցից մինչև Սերգեյ Խուդյակով

Խանփերյանցը ծնվել է 1902 թ․-ի հունվարի 7-ին, Արցախի Մեծ Թաղեր գյուղում։ Աշխատելով Բաքվում՝ նավթարդյունաբերության ոլորտում, Խանփերյանցը, ըստ պաշտոնական տվյալների, 1918թ․-ի փետրվարին զինվորագրվել է Կարմիր բանակին։ Պաշտպանել է Վոլգոգրադը (Ցարիցինը), եղել է դասակի հրամանատար, իսկ Քաղաքացիական պատերազմը եզրափակել է իբրև էսկադրոնի հրամանատար Անդրկովկասյան ռազմաճակատում՝ այնտեղ Խորհրդային իշխանության հաստատումից հետո։

Մարշալի թոռան կարծիքով` «կարմիրների» կողմն անցնելու նրա դրդապատճառներից մեկը կարող էր լինել այն, որ այսպես կոչված «Բաքվի կոմունան» դիմակայում էր նաև թուրքերին։ Հենց այդ հանգամանքը, հատկապես ոչ վաղուց տեղի ունեցած Հայոց  ցեղասպանության ֆոնին, կարող էր լուրջ ազդեցություն ունենալ Խանփերյանցի որոշման վրա ։

Մյուս կողմից, հեղափոխությունը հսկայական սոցիալական վայրիվերումներ  առաջացրեց։ Ազգանուն փոխելը կարող էր օգնել օգտվել դրանցից։ Ոչ հարուստ ընտանիքից սերող անհայտ պատանուն հեղափոխությունը հնարավորություն էր տալիս գլխապտույտ կարիերա կառուցելու։

«Ես ու հայրս շատ երախտապարտ ենք Հայաստանին և հայերին, որոնք պահպանում են պապիս մասին հիշողությունները։ Կարծում եմ` Բաղրամյան և Բաբաջանյան ընտանիքները նույնպես։ Այնուամենայնիվ, իմ պապը Խորհրդային մարշալ էր՝ հայկական ծագումով, ինչպես և Բաղրամյանն ու Բաբաջանյանը։ Հեղափոխությունը, տեկտոնիկ տեղաշարժերն ազգային հանրապետություններից եկած տաղանդավոր, էներգիայով լի մարդկանց հնարավորություն տվեցին լավ կարիերա ստեղծել, և այդտեղ ոչ մի ամոթալի բան չկա»,-ասում է Սերգեյը։

«2 մլն բռնաբարված գերմանուհի». ինչ մեթոդներով են տարիներով պայքարել «անհարմար հերոսի» դեմ

Թե երբ և ինչ հանգամանքներում Խանփերյանց ազգանունը դարձավ Խուդյակով, հստակ հայտնի չէ։ Թոռը, հիշելով հոր պատմածները, ասում է` մարշալը հայերեն խոսում էր, բայց առանձնապես չէր ընդգծում դրա իմացությունը ։

Պաշտոնական պատմագրությունը պնդում է, որ մարշալը «վերցրել է» քաղաքացիական պատերազմում զոհված ընկերոջ անունն ու կենսագրությունը։ Այդ լեգենդն է ապրում նաև Խուդյակովների ընտանիքում։

«Միանգամայն հնարավոր է, որ եղել է նման մարդ` Սերգեյ Խուդյակով անուն–ազգանունով, որը նաև նրա ընկերն է եղել, գուցե՝ ավագ ընկերը»,-ասում է Սերգեյը։ 

Ընդ որում, Խանփերյանցին Խուդյակովի վերածած այդ զարմանալի կերպարանափոխության իրական հանգամանքները հստակեցնելու համար պետք է մանրակրկիտ աշխատել Քաղաքացիական պատերազմի շրջանի փաստաթղթերի հետ, որոնցից, ցավոք, շատ բան չի մնացել։

Ազգանվան փոփոխության հարցում Խուդյակովները չեն բացառում նաև վերևներից թաքնվելը։ Նրանց խոսքով` պապն իրոք ինչ-որ կերպ բախվել է Լավրենտի Բերիայի հետ (Խանփերյանցը, իբր, Հատուկ կոմիտե զեկույց է ներկայացրել առ այն, որ ոմն Բերիա մշտական կապի մեջ է Բաքվում Բրիտանիայի հյուպատոսի հետ)։ Ընտանիքում այս տեսակետի հիմք են համարում այն, որ մարշալի կյանքին վերջակետ են դրել Ստալինն ու Բերիան։

Հերոսի թոռը կտրականապես մերժում է միայն այն շահարկումները, թե նրան կարող էին հավաքագրած լինել, օրինակ, բրիտանացիները։ Սերգեյն այդ տարբերակները անմիտ է անվանում։

Այսօր իր սերունդների համար նա միաժամանակ թե՛ Սերգեյ Խուդյակով է, թե՛ Արմենակ Խանփերյանց՝ հենց այս հերթականությամբ։ Ընդ որում, եթե Սերգեյ`թոռը (և՛ որդին, և՛ թոռը մարշալի անունն են կրում` խմբ․) փորձում է ազգանվան փոփոխությանը նայել ռացիոնալ տեսանկյունից, ապա Սերգեյ`որդին դրան շատ ավելի ցավագին էր վերաբերվում։ Հարցազրույցներից մեկում մարշալի որդին խոստովանել է, որ հոր հայկական ծագման մասին իմացել է 14 տարեկանում միայն։

Գնդապետից մարշալ՝ 3 տարում

1936 թ.-ին Խուդյակովը նշանակվում է Բելառուսի ռազմական շրջանի ավիաբրիգադի օպերատիվ բաժանմունքի պետ։ 1938-ին նա արդեն ռազմաօդային ուժերի թիկունքի պետն էր։ Պատերազմի սկզբից նա Արևմտյան ճակատի Ռազմաօդային ուժերի հրամանատարն էր և այդ պաշտոնում հաջողությամբ պաշտպանում էր Մոսկվան ։ 1944 թվականին նրան նշանակում են Կարմիր բանակի Ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ։ Ընդամենը երեք տարվա ընթացքում Խուդյակովը գնդապետից (1941) դառնում է մարշալ (1944):

 В центре - генерал армии Алексей Антонов, справа - маршал авиации Сергей Худяков, слева - адмирал флота Николай Кузнецов
© Sputnik /
Կենտրոնում` բանակի գեներալ Ալեքսեյ Անտոնովը, նրա կողքին, աջից` մարշալ Խամփերյանց–Խուդյակովը, ձախից` ադմիրալ Նիկոլայ Կոզնեցովը

Կարիերայի նման սրընթաց աճը բացատրող մի քանի տարբերակներ կան։ Դրանցից մեկի համաձայն՝ պատերազմի ժամանակ Խուդյակովը Ստալինի ֆավորիտն է եղել, իբր կարևոր դեր են խաղացել Խուդյակովի «վրացական» արմատները (Խուդյակովի կեղծ կենսագրության համաձայն՝ նրա մայրը վրացուհի էր, հայրը՝ ռուս)։

«Ես բավական շատ եմ ուսումնասիրել այս թեման. բանն այն է, որ դեռ մեծ հարց է՝ արդյո՞ք Ստալինը ֆավորիտներ ունեցել է։ Գուցե և ունեցել է մինչև պատերազմը, բայց... պատերազմը խիստ մաղեց բոլորին»,-ասաց Մարշալի թոռը։

Խուդյակովը պրոֆեսիոնալ զինվորական էր։ Նա ավարտել էր Ժուկովսկու ակադեմիայի հրամանատարա-ինժեներական ֆակուլտետը, ինչպես նաև օդաչուների դպրոցը։ Ռուսական բանակում այսպիսի մի ասույթ կա․«Դիլետանտը մարտավարություն է ուսումնասիրում, պրոֆեսիոնալը՝ լոգիստիկա»։

Մարշալի թոռը կարծում է, որ Ստալինը գնահատել է Խուդյակովի ունակությունները։ Քանի որ նա կարողացել է գերմանացիներին ոչ միայն գրագետ դիմադրություն ցույց տալ, այլև վերաբազավորել ինքնաթիռները, փրկել կադրերը, ճիշտ կազմակերպել աշխատանքը։

«Նա արևմտյան ուղղությամբ մարտերում համագործակցեց Ժուկովի ու Կոնևի հետ։ Հրաշալի կազմակերպիչ էր և ղեկավար։ Այդպիսի մարդիկ ցանկացած գործում ոսկու գին ունեն։ Հենց այդպես էլ նա վաստակեց իր համբավը»,-պատմում է Սերգեյը։

Նրա առաջընթացը, ամենայն հավանականությամբ, նախանձ ու խանդ էր առաջացնում։ Հնարավոր է` ինչ-որ կերպ փորձել են նրա «տակը փորել»։ Հայտնի է, օրինակ, որ մարշալն այնքան էլ լավ հարաբերություններ չուներ իր անմիջական ղեկավար Ալեքսանդր Նովիկովի հետ (Ռազմաօդային ուժերի հրամանատար 1943-1946թթ․), թեև անընդհատ կարիերայի վերելք էր ապրում։

Յալթայի կոնֆերանսն ու Ռուզվելտի ուշադրությունը

Խուդյակովը փայլուն կերպով ապահովեց Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեպի Թեհրան (1943), ապա նաև դեպի Ղրիմ (1945) կատարած թռիչների գաղտնիությունն ու անվտանգությունը։ Յալթայի կոնֆերանսի հաջող կազմակերպման համար նա Լենինի շքանշան ստացավ։ Բացի այդ, մարշալը մասնակցեց կոնֆերանսին՝ Ստալինի խորհրդականի կարգավիճակով։

Маршал Сергей Худяков во время Ялтинской конференции союзных держав (4 - 11 февраля 1945).
Թեհրանի կոնֆերանսը. 1943թ.

Հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցների հայտնի խմբակային լուսանկարում Խուդյակովը կանգնած է Ստալինի հետևում (ինչը վստահության վկայություն է)։

Խուդյակովի պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը նկատել են Չերչիլը և հատկապես Ռուզվելտը, որը նրան սպորտային ինքնաթիռ է նվիրել։ Տարբերակներից մեկի համաձայն՝ հենց Ռուզվելտի ընդգծված գնահատանքն է, որ խիստ դուր չի եկել Ստալինին։

Սերգեյ Խուդյակով կրտսերը չի կարծում, որ հենց նվիրած ինքնաթիռն է ինչ-որ կերպ ազդել իր պապի ճակատագրի վրա։ Իսկ ահա այն փաստը, որ ամերիկացիները նրան առանձնահատուկ են վերաբերվել, հանգիստ կարող էր կասկածամիտ Ստալինին անվստահության առիթ դառնալ։

«Նա բավական զգոն և ուշադիր հետևում էր, թե ինչ ուշադրության են արժանացնում օտարերկրացիները խորհրդային զորահրամանատարներին։ Յալթայում ամերիկացիների պահվածքը կարող էր Ստալինի մոտ միտք առաջացնել, թե նրանք ուզում են «դուրս գալ» Խուդյակովի վրա։ Դա կարող էր պատճառ դառնալ, որ նա հայտնվեր Ստալինի սև ցուցակում»,-ասում է Սերգեյը։

Այս տարբերակն ավելի հավանական է դառնում, հատկապես հաշվի առնելով, որ Խուդյակովը ղեկավարում էր ամերիկացիների հետ աշխատանքը. ամերիկյան ռմբակոծիչները ռմբակոծում էին Գերմանիան և վայրէջք կատարում Պոլտավայում(Ուկրաինա)։ Ու մի անգամ Խուդյակովի գլխին «շան լափ թափեցին», երբ գերմանացիները գտան և ռմբակոծեցին այդ օդանավակայանը։

Ստալինի որդին, Ստալինը և ֆրոնդան

Խուդյակովների ընտանիքում ավելի շատ վախենում էին Ստալինի որդու՝ Վասիլիի արկածների մասին Խուդյակովի «ոչ շոյիչ» զեկույցներից։

«Հայրս հիշում էր իր եղբոր՝ Վոլոդյա հորեղբորս (մարշալի խորթ որդին՝ Վլադիմիրը) խոսքերից, որ Վասիլիի հերթական շատ տգեղ արարքից հետո պապս պատրաստվում էր զեկուցել Ստալինին, իսկ տատս համոզում էր, որ նման բան չանի։ Հավանական է, որ Ստալինին դա դուր չի եկել, թեև նա նեղացկոտ չէր, այնուամենայնիվ խոսքը սեփական որդու մասին էր։ Բայց պատմում են, որ Ստալինի հետ նման խոսակցություն մի քանի անգամ եղել է»,-մեզ հետ զրույցում պատմում է Սերգեյը։

Մարշալի ճակատագրի վրա, ըստ երևույթին, ազդեցություն է ունեցել մի շարք գործոնների համադրությունը։ Նա ընկել է «հետպատերազմյան մամլիչի» տակ։ Ընտանիքում Խուդյակովի հանդեպ ճնշումները «օդանավորդների գործի» (ավիաարդյունաբերության ղեկավարների և երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության դեմ ուղղված ստալինյան բռնաճնշումներ) մի մասն են համարում։ Իսկ «օդանավորդների գործը» մարշալ Ժուկովի «տակը փորելու» գործընթացի բաղկացուցիչ մասն էր։

Սովետա-իրանական ճակատ. քչերը գիտեն, որ նրանք զոհվեցին Հայաստանում. տեսանյութ

Հավանաբար Ստալինը փորձում էր ապահովագրել ինքն իրեն` կանխելով զինվորականների ղեկավարությամբ «ֆրոնդայի» ձևավորման անգամ ամենաչնչին հավանականությունը․ բավական է հիշել Տուխաչևսկու գործը և 1930-ական թվականները։

Անվան փոփոխությունը հանցանշան ՆԳԺԿ-ի աչքում

Թե երբ է բացահայտվել Խուդյակովի իսկական անուն–ազգանունը, պարզ չէ։ Մարշալի թոռան կարծիքով՝ անգամ եթե ձերբակալության պահին ՆԳԺԿ-ն այդ մասին չգիտեր, ամենայն հավանականությամբ հետո շատ արագ պարզել է։ 

«Հնարավոր է, որ հենց ազգանվան փոփոխությունն է դարձել այն «խաղաթուղթը», որը նա չի կարողացել ծածկել, բացատրել։ Մենք այդ մասին ոչինչ չգիտենք։ ՆԳԺԿ-ին չենք կարող հավատալ՝ նրանք «կարում» էին ցանկացած փաստ, որը կարող էր որևէ կերպ օգնել գործին։ Բայց ինձ թվում է, որ այդ ամենը, այնուամենայնիվ, հետին թվով է արվել»,-նշում է Սերգեյը։

«Հետաքննության» համար, հավանական է, սկզբունքորեն կարևոր էր վկայություն կորզել Ժուկովի մասին, և առհասարակ, «առաջնորդից» հեռու տանել չափազանց հաջողակ ռազմական գործիչներին։ 

Զինվորական ջիղով «ոչ պատկառելի մարշալը»

Թոռան խոսքով՝ Խուդյակովը, չնայած հաջողություններին, քաղաքական հավակնություններ չուներ, նա ուղնուծուծով զինվորական էր։ Մարշալին խորթ չէին որոշակի զինվորական ձևականությունները։ Օրինակ՝ նա սիրում էր լուսանկարվել ձեռքը սյուրթուկի տակ պահած՝ նապոլեոնյան ձևով։ 

Ընդ որում՝ նա շարժուն ու ցածրահասակ տղամարդ էր։  Մարշալը պատանու պես վազելով էր բարձրանում աստիճանները, ոչ թե ծանրումեծ, իբրև լուրջ պաշտոնյա։

«Նաև այդ պատճառով նա մականուն ուներ, որը նրան տատս էր շնորհել՝ «ոչ պատկառելի մարշալ»,-պատմում է Սերգեյը։

Թոռան խոսքով՝ Խուդյակովի հաջողված կարիերայի պատճառներից մեկը հենց նրա էներգիան էր, նրա «զինվորական ջիղը» (ժառանգական զինվորական հատկությունները` խմբ)։

«Նա ռազմամոլ չէր, այլ պրոֆեսիոնալ զինվորական, որը գիտեր պատերազմի ու պատերազմական տնտեսության կանոնները։ Իզուր չէ, որ նա ծնունդով Արցախից էր»,-ընդգծում է Սերգեյը։

Թոռը վստահ է, որ Սերգեյ Խուդյակով ավագի գնդակահարությամբ երկիրը շատ բան է կորցրել...

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)

Ըստ թեմայի

«Նացիստների և Նժդեհի միջև զուգահեռներն անընդունելի են»․ Միրզոյանը՝ ԱՊՀ գործընկերներին
Հաղթանակի ավիաշքերթ. ՌԴ վաստակավոր օդաչուն փորձ է իրականացնում «Էրեբունի» օդանավակայանում
«Անմահ գնդի» քայլերթն այս տարի առցանց կանցկացվի. Գոհար Ղումաշյանը մանրամասներ է հայտնում
թեգերը:
գնդակահարություն, հերոս, ԽՍՀՄ, Իոսիֆ Ստալին, Հայրենական մեծ պատերազմ

Գլխավոր թեմաներ