11:02 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
3542 0 0

Յուլյա Ֆեդինան Ռոման Ֆեդինի կինն է. նա ադրբեջանական ԶՈւ-ի կողմի խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի օդաչուներից էր։ Յուլյան Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է ամուսնու և այդ ողբերգական օրվա մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Նոյեմբերի 9-ին Հայաստանի երկնքում  տեղի ունեցած ողբերգությունը, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն խոցեց ռուսական Մի-24 ուղղաթիռը, Յուլյա Ֆեդինայից խլեց նախ ամուսնուն, ապա՝ դեռ չծնված երեխային։ Յուլյան կարծում է, որ այդ երեկո Ռոմանի փոխարեն ինքն է զոհվել։

Չնայած այդ ծանր փորձությանը՝ նա այնուամենայնիվ իր մեջ ուժ գտնում է կյանքը շարունակելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Յուլյան խոստովանում է, որ իրեն խորթ է դարձել քաղաքացիական կյանքը և հնարավոր է՝ հետագայում կյանքը բանակի հետ կապի։

Погибший техник сбитого Азербайджаном вертолета 24-летний Роман Федина с супругой Юлией
© Photo : provided by Yulia Fedina
Ռոման Ֆեդինը կնոջ` Յուլյա Ֆեդինայի հետ

Յուլյան և Ռոմանը ամուսնացել էին 2.5 տարի առաջ, ամուսնությունից մեկ ամիս անց տեղափոխվել էին Հայաստան։ Ֆեդինը Ն․Ե․Ժուկովսկու և Յ․Ա․Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո ուղարկեցին ծառայելու Հայաստանում։ Զույգի ամենասիրելի վայրը Ջերմուկն էր։ Ծրագրել էին ձմռանը նորից այցելել այդ քաղաք, բայց չհասցրին...

Առանց երկար հրաժեշտի...

Յուլյան ու Ռոմանը վերջին անգամ իրար տեսել են ողբերգության նախորդ օրը` կիրակի երեկոյան, նոյեմբերի 8-ին։ Ֆեդինին, ինչպես և մյուսներին, կանչել էին ծառայության։

 «Նա արագ հավաքվեց, ես թերմոսի մեջ թեյ լցրի նրա համար, միշտ իր հետ վերցնում էր։ Ամեն ինչ խառն էր, պետք էր մեկ ժամվա ընթացքում ներկայանալ շարք։ Նա գնաց, ես ճանապարհեցի, ինչպես միշտ։ Երկար հրաժեշտ չի եղել, մենք գրկախառնվեցինք, համբուրեցինք, ու նա գնաց»,- հիշում է Յուլյան։

Ռոմանը կնոջը զանգեց երկուշաբթի` նոյեմբերի 9-ին, հայտնեց, որ աշխատանքի վայրում կմնա, բայց գուցե երեկոյան տուն մտնի՝ լոգանք ընդունելու, հագուստը փոխելու և որոշ իրեր վերցնելու համար։ Յուլյան հավաքեց նրա պայուսակը։ Նույն օրը առավոտյան Յուլյան բժշկի էր գնացել և իմացել, որ հղի է։ Նախ լավ նորությունը հայտնեց ամուսնուն։ Այն երկար սպասված էր, քանի որ նրանք վաղուց էին երեխաներ ուզում։

Այդ օրը Յուլյան և Ռոման հեռախոսով գրեթե չեն խոսել, քանի որ Ռոման ժամանակ չուներ, բայց օրվա ընթացքում հաղորդագրություններ են իրար ուղարկել։

Զոհվելուց երկու ժամ առաջ նա ասել էր, որ ամեն ինչ կարգին է, որպեսզի Յուլյան չանհանգստանա։ Երիտասարդ կինը խոստովանում է, որ իրեն առավոտից տանջում էր տագնապի զգացողությունը, գլխում զանազան մտքեր էին գլխում պտտվում։ Նախկինում նա նման բան չէր զգացել։

«Ես նրան զոհվելուց մեկ ժամ առաջ գրեցի, պատասխանեց՝ «արևս (նա ինձ միշտ այդպես էր անվանում), մի հուզվիր, մենք նստած ենք, ոչ մի թռիչք չի նախատեսվում»։ Ես ասացի, որ կարոտել եմ, ախր մենք 24 ժամ չէինք հանդիպել։ Հետո sms-ներ էի գրում, դրանք հասնում էին, բայց Ռոման արդեն չէր պատասխանում»,-պատմում է Յուլյան։

Погибший техник сбитого Азербайджаном вертолета 24-летний Роман Федина с супругой Юлией
© Photo : provided by Yulia Fedina
Ռոման Ֆեդինը կնոջ` Յուլյա Ֆեդինայի հետ

Մի-24-ի խոցումից 15 րոպե առաջ Յուլյան նորից գրեց ամուսնուն, բայց հաղորդագրություններն արդեն չէին հասնում։ Ֆեդինան հասկացավ, որ թռիչքն իրականցվել է։

Ֆեյք չէ, այլ իրականություն...

Մոտ կես ժամ անց Telegram-ի ալիքներից մեկում Յուլյան նորություն տեսավ, որ ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Նա սկսեց ցնցվել, լաց լինել։ Ընտանիքի բարեկամը փորձեց հանգստացնել նրան, ասել, որ դա հերթական ապատեղեկատվությունն է։

«Նա դուրս եկավ, երկար խոսում էր հեռախոսով, երբ ներս մտավ, տեսքից երևում էր, որ ինչ-որ բան է եղել։ Ես հարցրի՝ ի՞նչ է եղել, որտե՞ղ է Ռոման։ Ասաց, որ ոչինչ չգիտի, չնայած արդեն գիտեր։ Բայց քանի որ անձնակազմի անդամներից մեկը ողջ էր մնացել, ոչ ոք չգիտեր, թե նրանից ով է զոհվել»,-պատմում է Յուլյան։

Погибший техник сбитого Азербайджаном вертолета 24-летний Роман Федина
© Photo : provided by Yulia Fedina
Ռոման Ֆեդին

Ռոմայի ընկերը զորամաս էր գնում, Յուլյան նրան իրերով և ուտելիքով պայուսակ տվեց, որը պատրաստել էր Ռոմայի համար։ Սակայն նա պայուսակը չտարավ, թողեց շքամուտքում։ Իր տեղը չգտնելով` Յուլյան զանգահարեց Ռոմանի ծառայակցին։ Սակայն նա էլ ոչինչ չհայտնեց, ասելով` որ ամեն բան կարգին է և որ հետ կզանգի։

Յուլյային զանգահարեց մայրն ու ասաց, որ լուրերով հայտնում են, թե Մի-24-են խոցել։ Չգիտես ինչպես, բայց Յուլյան գլխի ընկավ, որ ամուսինը զոհվել է։ Դրանից հետո կատարվածը աղոտ է հիշում։

«Հիշում եմ, որ շատ վատ էի։ Այդ պահին ոչ թե նա զոհվեց, այլ ես և այն ամենը, ինչ կար իմ մեջ»,-ասաց Յուլյան։

Հետո հրաժեշտն էր ռազմակայանում, Ռոմայի հուղարկավորությունը Սմոլենսկում, որտեղ ապրում են նրա ծնողները։

Օրգանիզմը չդիմացավ

Վթարից մեկ շաբաթ անց նոր ողբերգություն պատահեց՝ Յուլյան կորցրեց երեխային։ Խոստովանում է` ամեն կերպ փորձում էր պահպանել Ռոմայի մասնիկը, բայց օրգանիզմը չդիմացավ։

«Վստահ էի, որ երեխան Ռոմային նման կլիներ։ Բայց չստացվեց, երևի ինչ-որ մեկն այդպես որոշեց մեր փոխարեն»,-ասում է Յուլյան։

Այսօր Յուլյան փորձում է քիչ–քիչ կյանք վերադառնալ։ Հոգեբանական օգնություն է ստանում բարձր որակավորմամբ մասնագետից, Վորոնեժում։ Դա նրան օգնում է հաղթահարել խնդիրներն ու բարդությունները։

Յուլյան աշխատանքի առաջարկ է ստացել այն բուհից, որտեղ սովորել է Ռոման։ Հավանաբար կընդունի․հիմա զինվորական կյանքը նրան ավելի մոտ է, ուրիշ բան առայժմ չի պատկերացնում։ Բացի այդ, Յուլյային թվում է, որ այդպես ավելի մոտ կլինի Ռոմային։

Նոյեմբերի 9-ին զոհված օդաչուի կինը եկել է Հայաստան, բայց ուղղաթիռի կործանման վայր այցելել չի համարձակվել։ Նախատեսում է հաջորդ անգամ Հայաստան գալ ամուսնու ծնողների հետ և ցույց տալ նրանց այն վայրերը, որտեղ իրենք իսկապես երջանիկ են եղել։

Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի պատվին հուշարձան կտեղադրվի

Գյումրիում ռուսական ռազմակայանի շարասյանն ուղեկցող ուղղաթիռն Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցվել է նոյեմբերի 9-ին։ Զոհվել էին անձնակազմի երկու անդամ՝ Յուրի Իշչուկը և Ռոման Ֆեդինը, իսկ Վլադիսլավ Գրյազինը տեղափոխվել էր հիվանդանոց։ Այդ միջադեպից հետո ստորագրվեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը։ Ողբերգության վայրում հուշարձան կկանգնեցվի։

Ըստ թեմայի

Ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրը շրջափակված է․ բացառիկ կադրեր
Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ժամանակ ռազմական ուղղաթիռներ կգործարկվեն
թեգերը:
ուղղաթիռ, Կին, Զոհ, ռուս, Օդաչու

Գլխավոր թեմաներ