07:50 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
64520

Վերջին անգամ Տիգրան Քեոսայանը Sputnik Արմենիայի հետ զրուցել էր այն օրերին, երբ երկրում իշխանության էր գալիս Նիկոլ Փաշինյանը։ Այսօր կինոռեժիսորը պատմում է, թե ինչպես ՀՀ–ում հայտնվեց խնամառուի հոգեբանությունը, ասում է, թե ով պետք է գա իշխանության։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։

«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։

Խնամառուի հոգեբանություն և շրջանաձև ինքնախաբեություն

«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։

Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։

«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։

Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։

«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։

Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։

«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։

Ադրբեջանցի ընկերնե՞ր։ Իհարկե կան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։

Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։

Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։

«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։

Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։

Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։

Իսկ հետո՞։ Բռնապետություն։

«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։

Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։

Նավալնուն մեզ համար էին պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի

Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։

Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։

Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։

«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։

«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։

Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։

թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Քեոսայան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ