18:34 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
422 0 0

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 26-ին Մոսկվա կմեկնի: Այցից առաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա ասել է, թե ինչ պայմաններում է հնարավոր պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ինչպես է ՀՀ–ն վերադարձնելու կորցրած տարածքները և հզոր բանակ ունենալու։

- Առաջիկա օրերին նախատեսված է Ձեր այցը Մոսկվա։ Ի՞նչ նպատակով եք Ռուսաստանի մայրաքաղաք մեկնում, ի՞նչ հանդիպումներ են նախատեսված, ի՞նչ առանցքային հարցեր են քննարկվելու, հանդիպումների արդյունքում կոնկրետ պայմանավորվածություններ սպասվո՞ւմ են:

- Մոսկովյան այցը փոխկապակցված է Դուշանբեի այցի հետ, այդ ընթացքում նախատեսված են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ: Նախատեսվում է անվտանգության հարցերի լայն շրջանակ քննարկել։ Վերջում հանրությանը կտեղեկացնենք արդյունքների մասին։

- Ինչպե՞ս եք տեսնում Ռուսաստանի դերը նոր պայմաններում Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանության գործում: Դրա համար նոր փաստաթղթերի ստորագրում կամ արդեն գործող համաձայնագրերի թարմացում կպահանջվի՞։

- Կարծում եմ` ձեզ հայտնի է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխօգնության պարտավորությունները կանոնակարգվում են լայն համագործակցության հնարավորություն ընձեռող նորմատիվ-իրավական բազայի կողմից ինչպես ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Մինչև հիմա մենք չենք բախվել որևէ ֆորմալ սահմանափակումների, որոնք կարող էին խանգարել մեր համատեղ նախագծերի իրականացմանը։ Եթե հանկարծ բախվենք նման խոչընդոտների, ապա կդիտարկենք նաև լրացուցիչ պայմանագրերի ստորագրման կամ արդեն գոյություն ունեցողների թարմացման հարցը։

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, Ռուսաստանը` որպես մեր ռազմավարական դաշնակից, կարևոր դերակատարություն ունի, ու մենք շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ամրապնդման ոլորտում։

- Ըստ հայկական կողմի` որքանո՞վ է արդյունավետ ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում: Երևանն ուզո՞ւմ է երկարացնել խաղաղապահների տեղակայման ժամկետը տարածաշրջանում, ընդլայնել նրանց ներկայությունը։

- Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում։ Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման հարցը հնարավոր կլինի մանրամասն քննարկել մանդատի ժամկետի ավարտին մոտ, սակայն այս պահին Ադրբեջանը որևէ նշան ցույց տալիս, որ տարածաշրջանում կարող է կայունությունը լինել առանց խաղաղապահների։

– Ինչպե՞ս են Երևանում գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական «պատմական հողեր» են, ու «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հարցը ուժի միջոցով լուծելու սպառնալիքներին, եթե հայկական կողմը հրաժարվի դա կամավոր անել: Կարո՞ղ է նման հակահայկական հռետորաբանությունը Ղարաբաղում նոր պատերազմի հանգեցնել։

- Ալիևի ներկայիս հռետորաբանությունը միայն ապացուցում է հայկական կողմի պնդումների ճշմարտացիությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը էքզիստենցիալ խնդիր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Սեփական ուժերով և դաշնակցային ներուժով Հայաստանը կարող է պաշտպանել իր պետության տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ հստակ պարզաբանել, որ հայկական Զանգեզուրի վերաբերյալ Ալիևի ցանկացած արտահայտություն արմատապես խեղաթյուրում է հրադադարի մասին հայտնի հայտարարության էությունը։

Պատմությունը ցույց տվեց, որ նույնիսկ մոտ յոթանասունամյա լռության պայմաններում արցախահայությունը ոչ մի պահ չի մոռացել իր իրավունքների մասին։ Նրանք 1988 թվականին պաշտպանել են իրենց իրավունքները և ազատություն նվաճել։ Այսպիսով, տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը պայմանավորված են այն փաստով, թե որքանով է իրականությունն արտացոլում պատմական արդարությունը։

-Ո՞վ է Ղարաբաղում պարտվելու մեղավորը։ Կարծում եք, որ երբևէ կվերադարձնե՞ք կորցրած դիրքերը:

- Իմ սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է` պատերազմը գնահատել ոչ թե որպես սպրինտ, այլ որպես մարաթոն։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ «քառաունչորսօրյա» անվանում ստացած պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի։ Եվ այդ առումով արդյունքները գնահատելու համար պետք է մանրակրկիտ հետազոտություն անցկացնել։ Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կարծում եմ` ձեզ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը որոշակի սահմաններով ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ու մենք ամեն ինչ կանենք, որ դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքները:

- Որոշ փորձագետներ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների զարգացումը կապում էին Ռուսաստանի հետ Հայաստանի անբավարար կոոպերացիայի հետ: Համաձա՞յն եք։ Նախատեսո՞ւմ եք արդյոք վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ։

- «Որոշ փորձագետներ» արտահայտությունը շատ լղոզված է։ Եթե նայեք վերջին երեք տարիների հայ-ռուսական հարաբերությունների դինամիկային, ապա կտեսնեք, որ այդ փորձագետները խորապես սխալվում են։ Եթե մի կողմ թողնենք հույզերն ու կեղծ լուրերը և օբյեկտիվորեն վերլուծենք հայ-ռուսական հարաբերությունները, ակնհայտ կդառնա, որ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները համապատասխանում էին Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն ու բնույթին։ Բավական է միայն հիշատակել Ռուսաստանի հետ Հայաստանի համատեղ մասնակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության պահպանմանը։ Ի դեպ, անցյալ տարի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը հրապարակել է համակողմանի հետազոտություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների վարքագիծը։ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առումով ամենասկզբունքային և հուսալի երկրներից է։ Այսպիսով, եթե մեր հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն առաջանա, ապա միայն դեպի խորացում և զարգացում։

- Ղարաբաղյան հակամարտությունից ինչպե՞ս է իրականացվելու հայկական բանակի բարեփոխումը: Ժամանակակից սպառազինությո՞ւն է ձեռք բերվելու: Ումի՞ց եք զենք գնելու։

- Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի աջակցությամբ։ Մեր տեսանկյունից Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումները վերջին տասներկու տարիների ընթացքում ամենահաջողվածներից են՝ բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունն օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր հայկական բանակ։ Սպառազինությունների հետ կապված նշեմ, որ մենք ավելի լավ զենք ենք գնելու, և ձեզ հայտնի է՝ որ երկիրն է այս ոլորտում առաջատարը։ Միևնույն ժամանակ նախատեսում ենք հետագայում ևս ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը։

- Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ հաշվի առնելով 2020 թվականի աշնանը Ղարաբաղում ռազմական գործողություններն ու տարածաշրջանում ստեղծված նոր պայմանները:

- Այս պահին դեռ վաղ է խոսել ռազմավարության փոփոխությունների մասին։ Միայն խորհրդարանական ընտրություններից հետո նման հնարավորություն կընձեռվի։ Անշուշտ, պատերազմը շատ բան փոխեց, բայց շատ բան էլ նույնն է մնացել։ Եվ այդ իմաստով կարծում եմ` ռազմավարությունը չի կորցրել իր արդիականությունը։

- Կարո՞ղ է արդյոք Հայաստանը տեսանելի հեռանկարում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել:

- Խաղաղության համաձայնագրի մասին խոսելուց առաջ պետք է արձանագրել մի պարզ փաստ` ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծված չէ։ Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով։ 2020 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի դիմելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտել է հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Կան տարիներ շարունակ համաձայնեցված սկզբունքներ, դրանց բաղադրիչներ, որոնց վրա էլ պետք է հիմնված լինի հակամարտության կարգավորումը։ Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնց վերջին համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա «այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են կողմերին»:

Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության չկարգավորված լինելու օբյեկտիվ փաստը, այլև փորձում է ամեն կերպ խորացնել թշնամանքը երկու ժողովուրդների միջև։ Օրինակ` երբ նա բացում է, այսպես կոչված, «ռազմավարի պուրակ», զառանցանքային հայտարարություններ է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում է հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը Արցախի օկուպացված տարածքներում, պղծում ոչ միայն առաջին ղարաբաղյան պատերազմի զինվորների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, ապա ինչպե՞ս է կարելի մտածել խաղաղության պայմանագրի մասին։ Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ռացիոնալ քայլեր ձեռնարկի և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին։

- Փորձագետների շրջանում կարծիք կա, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ։ Համարվում է, որ ուժեղացել է արևմտյան, ամերիկյան ազդեցությունը քաղաքական էլիտայի վրա։ Շատերը առանցքային դեր են հատկացնում Սորոսի հիմնադրամին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Ձեզ և վարչապետ Նիկոլ Փաշինյանին արևմտամետ քաղաքական գործիչներ են անվանում։

- Վերջին շրջանում Հայաստանի հարցով փորձագետները հաճախ են սխալվում։ Հայաստանը բոլոր ժամանակներում իրեն ներկայացրել է աշխարհաքաղաքական բախումներից դուրս, մենք միշտ փորձել ենք ոչ մի դեպքում աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ չդառնալ։ Շատերը սկսեցին ավելի ու ավելի հաճախ խոսել այն մասին, որ 2018 թվականի հեղափոխության գնահատականները չափազանց մակերեսային էին, և որ հեղափոխությունը ոչ թե արտաքին ազդեցության արդյունք էր, այլ ներքին կոռուպցիոն համակարգից բխող զարգացումների ու հանգամանքների հետևանք։

Կարևոր է հաշվի առնել, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երկու մեծ իրադարձություն՝ հեղափոխություն և հետպատերազմական ներքաղաքական գործընթացներ, որոնց միջով երկիրն անցել է՝ հենվելով բացառապես սեփական ներքին ռեսուրսների վրա։ Եվ դա Հայաստանի ինքնիշխանության ցուցանիշն է։ Առաջարկում եմ համեմատել, թե ինչպես են այլ երկրները հաղթահարում նմանատիպ գործընթացները։

Մեր քաղաքական ուժը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ արևելամետ։ Մենք հայաստանակենտրոն ուժ ենք և առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի շահերով։ Ինչ վերաբերում է «Սորոսին», ապա նման հայտարարությունները ծիծաղ հարուցող սահմանափակ մտածողության արդյունք են։ Սովորաբար ինձ չեն հետաքրքրում կենցաղային մակարդակի հայտարարությունները, չեմ մեկնաբանում դրանք, բայց հուսով եմ` մեկընդմիշտ կփակեմ այդ թեման. քաղաքականության մեջ կարևոր է գնահատել գործողությունները, և վերոնշյալ կենտրոնի զեկույցը լավագույն ձևով արտացոլում է իրականությունը՝ բացահայտելով Սորոսի թեման ՝ որպես քարոզչական հնարք, որը միտված է մոլորության մեջ գցելուն և տարածվում է հիմնականում Հայաստանում ու արտասահմանում մեր քաղաքական ընդդիմախոսների պատվերով։

- Հայաստանում նախընտրական և հետընտրական շրջանում ապակայունացման վտանգ տեսնո՞ւմ եք: Որքանո՞վ է երկրի քաղաքական համակարգը կայուն հնարավոր ցնցումների նկատմամբ։ Հայաստանում հերթական հեղափոխություն հնարավո՞ր է։

- Հայաստանում քաղաքական կայունությունը պայմանավորված է ազատ և արդար ընտրություններով, և 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները կայունության մեծ ռեսուրս են ձևավորել։ Հենց դրա շնորհիվ մեզ հաջողվեց կայունացնել հետպատերազմական բարդ շրջանը և պատրաստվել հունիսին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Ազատ ու արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանի որ թույլ են տալիս ժողովրդին արտահայտել սեփական կամքը ժողովրդավարական մեխանիզմների միջոցով, այսինքն՝ քվեարկությամբ։

Ըստ թեմայի

Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. արտգործնախարարի խորհրդական
Որպեսզի Բաքուն երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի նախագահ Պուտինի ուղերձը. Եվսեև
«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան
թեգերը:
Ընտրություններ, Ադրբեջան, Արցախ, Արմեն Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ