ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ը նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել էր դատարկ նավակը։
Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել էին Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 09:15-ին ջրափրկարարները ափից մոտ 300 մ հեռավորության վրա և 3-4 մետր խորությունից դուրս են բերել 1971 թ. ծնված Հ. Ե.-ի դին: