ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Կեսօրին Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանված տղամարդը 1974 թվականին ծնված է Գ.Մ. —ն է։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ այս տեղեկությունը փոխանցել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Բացի սպանվածի, կա նաև տուժած, որը 39 տարեկան է (1978 թվականին ծնված)։
Մեր թղթակիցը հայտնում է, որ դեպքի վայրում «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա կա, մոտավորապես 10 մետր այն կողմ` ատրճանակ։ Ականատեսներից մեկի խոսքով` ատրճանակը նետել է ենթադրյալ հանցագործներից մեկը։
Վերնիսաժի տարածքում աշխատող մարդիկ կրակոցների ձայնից խուճապի են մատնվել, հավաքել իրենց ապրանքը և հեռացել։
ԶԼՄ–ների տեղեկություններով`մինչ սպանությունը, հյուրանոցում են եղել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն ու վերջինիս թիմակիցները: Հյուրանոցի ներսում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցները՝ արդեն դրսում: Սպանվածը Վահագն Աբգարյանի թիմից է:
Դեպքը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 14-ին, մոտավորապես 13։00-ին։