05:34 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Սու-25 գրոհիչ ինքնաթիռ

Գրոհիչը մարտունակ էր, օդաչուները՝ գործի վարպետ. ինչ–որ բան սխալ է եղել. ավիացիայի վետերան

© Photo : press office of the MoD of RA
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
787 0 0

Օդաչուները վթարի նախորդ օրը գերազանց էին կատարել ուսումնավարժական թռիչքը և կրակային վարժությունը:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Քննությունը դեռ փորձում է պարզել Սու–25 գրոհիչի կործանման պատճառները։ Ողբերգությունից հաշված ժամեր անց հայտնաբերվել են «սև արկղերը», որոնց վերծանումը կարող է լույս սփռել ողբերգության հանգամանքների վրա։ Հայտնի է նաև, որ Քննչական կոմիտեում վթարի փաստով քրեական գործ է հարուցվել։

Ռազմական ավիացիայի վետերանները տեղի ունեցածի վերաբերյալ որոշ վարկածներ ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՌՕՈւ–ի նախկին օդաչու Մելիք Մելիքյանն ասաց, որ հիմա որևէ պատճառներ բարձրաձայնելը անշնորհակալ գործ է, սակայն որոշ ենթադրություններ կարելի է անել։

«Կարող եմ միայն զուտ անձնական կարծիքս հայտնել։ Հասկանալի է, որ հարցերին սպառիչ պատասխան կարող է տալ միայն քննությունը։ Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ կառավարման սխալ է տեղի ունեցել։ Նրանք թռիչք էին իրականացնում փոքր բարձրության վրա ու ոչ բարենպաստ եղանակային պայմաններում։ Սարերի վրա իջած ամպերի պատճառով տեսանելիությունը շատ վատն է եղել, որի հետևանքով, հավանաբար, նրանք սարին են բախվել»,  – ասաց Մելիքյանը։

Մեր զրուցակիցը սխալ է համարում այն համոզմունքը, որ չի կարելի անբարենպաստ եղանակային պայմաններում ուսումնական թռիչքներ իրականացնել։ Եթե ռազմական ավիացիան պետք է միայն արևորտ եղանակին թռիչքներ իրականացնի, ապա դա արդեն ռազմական ավիացիա չէ։

«ՌՕՈւ–ն հենց դրա համար է ՌՕՈւ, որ պետք է կարողանա մարտական խնդիրը լուծել օրվա ցանկացած ժամին ու ցանկացած եղանակային պայմաններում», – ասում է Մելիքյանը։

Նախկին օդաչուն խոստովանում է, որ հայկական բանակի Սու–25 գրոհիչների էլեկտրոնիկան հնացել է։ Սակայն  այդ էլեկտրոնիկան թույլ էր տալիս թռիչքներ ու մարտական խնդիրներ լուծել։

Մելիքյանը տեսել է ինքնաթիռի «սև արկղերը». դրանք լուրջ վնասվածքներ են ստացել, ինչի պատճառով դրանց վերծանումը քիչ հավանական է թվում։  Գրոհիչը ամբողջովին լիցքավորված էր, իսկ լցված բակը միայն ավելացրել է բախման հետևանքով տեղի ունեցած պայթյունի ուժը։

Ինքնաթիռը կտոր–կտոր էր եղել, ու Մելիքյանը չի կարծում, որ կարելի է ինչ–որ տեղեկություն ստանալ դրա միջի ինքնագրերից։  Եթե դրանք նորմալ վիճակում լինեին, դրանց վերծանումը կարող էր մեկ–երկու օր տևել։

Մելիքյանը մահացած օդաչուներին բարձր որակավորում ունեցող մասնագետներ է համարում, նա ճանաչել է  երկուսին էլ, նրանք իրենց գործի վարպետներ էին։

Պարադոքսալ կերպով վարպետությունը կարող էր նրանց հետ դաժան կատակ խաղալ։ Բանն այն է, որ որքան ավելի փորձառու է օդաչուն, այնքան ավելի հաճախ նա կարող է աչք փակել փոքր թերությունների ու բացթողումների վրա։

«Հնարավոր է` նրանք հույսները դրել էին իրենց պրոֆեսիոնալիզմի ու փորձի վրա։ Հնարավոր է` նրանց միջև կոորդինացիայի պակաս կար։ Դժվար է ասել», – նշում է Մելիքյանը։

Հուղարկավորման օրը դեռ հայտնի չէ։

Ըստ թեմայի

ՊՆ–ն հաստատեց` կորած ինքնաթիռը գտնվել է. հայտնի են մահացած օդաչուների անունները
Նախագահը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին
Ի՞նչ է կատարվում մարտական ինքնաթիռի կործանման վայրում. առաջին լուսանկարները Շիրակից
թեգերը:
Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ