ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի ունեցած դաժան սպանության մեղադրանքով մեկ անձ ձերբակալվել է։
Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (առանձնակի դաժանությամբ սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք–զինամթերք) հատկանիշներով:
Քննչական գործի նյութերի համաձայն` հունվարի 15-ին, ժամը 13:20-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը 13:16-ին իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա տղամարդ՝ որովայնի շրջանի հրազենային վիրավորմամբ, ձախ ականջի ամպուտացիայով և աջ ականջի կտրած վերքով։ Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Այսօր` հունվարի 16-ին հանցագործության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի և ավտոմեքենայի զննություններ, վերցվել են նմուշներ, կատարվել խուզարկություններ և առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ:
Նշենք, որ երեկ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` սպանվածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ Գարուշ Մարությանն է` նախկինում մի քանի անգամ դատապարտված։
Կրակոցները հնչել են Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 19 հասցեում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներսում։