ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մարտի 4-ին Երևանում մահացած 3-ամյա աղջնակի մահվան պատճառը դեռ չի բացահայտվել։ ՀՀ քննչական կոմիտեն այսօր նոր մանրամասներ է հաղորդել հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքից։
Ըստ հաղորդագրության` հարցաքննվել են մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ, երեխայի ծնողները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում մանկապարտեզի ննջասենյակից՝ երեխայի մահճակալի վրայից վերցվել է երեխայի անկողնու սավանը, որի վրա առկա է եղել փսխման զանգվածը:
Աղիքային ցուպիկի մանրէների հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտության են ենթարկվել մանկապարտեզի դաստիրակը, դաստիրակի օգնականը, խոհարարը, փորձանմուշներ են վերցվել նրանց հագուստներից։
Կատարված հետազոտությունների արդյունքում, սակայն, խախտումներ չեն հայտնաբերվել:
Փորձանմուշներ են վերցվել նաև խմելու ջրից, երեխայի մահճակալից ու ճաշասենյակից, խոհանոցից, դեպքի օրը երեխաներին մատուցած ուտելիքներից։ Առգրավվել են նաև երեխայի զգեստապահարանում առկա նրա հագուստները:
Նշանակվել են դատատոքսիկաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննչական կոմիտեն խոստանում է փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո տրամադրել լրացուցիչ տեղեկություն։
Հիշեցնենք` 2019 թվականի մարտի 4-ին Ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ սրտի կանգնով Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 2015 թվականին ծնված աղջիկ երեխա, Երևանի բնակիչ:
Նախնական տվյալներով՝ նույնը օրը երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ։ Երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:
Sputnik Արմենիայի տվյալներով` դաստիարակները զանգել են Շտապօգնության ծառայություն, ապա երեխայի հորը, որը մասնագիտությամբ բժիշկ է։ «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկները ժամեր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, բայց ապարդյուն։ Երեխան մահացել է։
Մահացած երեխան` Մարիան, տան երրորդ զավակն է։ Նրա ավագ քույրն ու եղբայրը ևս հաճախել են նույն` համար 153 մանկապարտեզը։