ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ ապրիլի 1-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 33-ամյա տղամարդ է մահացել, որը համաներմամբ վերջերս էր ազատ արձակվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից։
Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 30-ին ծանոթներից մեկի Երևանի Չկալովի փողոցում գտնվող տնից։ Այստեղ մի քանի հոգով ալկոհոլ են օգտագործել, վիճել են, որի ժամանակ հոսպիտալացված տղամարդը ծեծվել է, ինչն էլ, նախնական վարկածով՝ հանգեցրել է մահվան։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)։
Կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել երկու տղամարդ, որոնք ձերբակալված են։ Հարուցված քրեական գործը ոստիկանության Կենտրոնական բաժնից փոխանցվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։