ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Երևանում գտնվող շենքի նկուղային տարածքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի 27-ին, ժամը 15:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում՝ հայտնաբերվել է նռնակ, որը տեղափոխվել է շենքի նկուղ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նռնակը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի Նուբարաշենի հրաձգարան, որտեղ ՊՆ աշխատակիցների համատեղ ուժերով ոչնչացվել է: