ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ղազախստանում` Ալմաթիի մոտակայքում, ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ալմաթիի օդանավակայանի մամուլի ծառայությունն արդեն պաշտոնապես հայտնել է պատահարի որոշ մանրամասները։
Պարզվել է` խոսքը «Բեք Էյր» ավիաընկիերության ինքնաթիռի մասին է, որը 2100 չվերթով Ալմաթիից Նուր-Սուլթան էր ուղևորվում։ Ինքնաթիռը մեկնել է ըստ ժամանակացույցի` տեղի ժամանակով 07:05–ին, հետո անհետացել է ռադարներից։ Ինքնաթիռում 93 ուղևոր է եղել, այդ թվում` երեք երեխա, նաև անձնակազմի 5 անդամ։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության` ինքնաթիռը գտնվել է թռիչքուղուց դուրս:
Վերելքի ժամանակ այն կորցրել է բարձրությունը, հարվածել բետոնե պատնշին ու բախվել երկհարկ շինությանը։
Նախնական տվյալների համաձայն` 14 մարդ է մահացել։ Տասնյակ մարդիկ, այդ թվում` երեխաներ, տուժել են։

Որոնողափրկարարական գործողություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 976 մարդ, 70 միավոր տեխնիկա ու շտապօգնության 33 բրիգադ։ Դեպք վայրում օպերատիվ–քննիչ խումբ է աշխատում, տարածքը փակված է։
Ղազախստանի ինդուստրիայի ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ «Բեք Էյր» ավիաընկերության աշխատանքը կասեցվել է։