ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 5-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին, ժամը 19։46-ին։ Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի դաշտամիջյան ավտոճանապարհից և մոտ 350 մ գլորվել ձորը․ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1958 թ․) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ձորից։
«Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից պատգարակով բարձրացրել (մոտ 150 մ) և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել երեք տուժածի, ովքեր մյուս երկու տուժածների հետ հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ։
Բժիշկները տուժածներ Լ․ Ղ․-ի (ծնված 1979 թ․), Մ․ Մ․ի (ծնված 1957 թ․) և Վ․ Մ․-ի (ծնված 1979 թ․) առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Հ․-ի (ծնված 1963 թ․) և Վ․ Ղ․-ինը (ծնված 1961թ․)՝ բավարար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դուշանբեի բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով 29 մարդ է տուժել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև դին բարձրացրել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։