ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երևան-Իջևան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարը 2 մարդու կյանք է խլել։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 21-ին, ժամը 03։11-ին։
Տեղեկացրել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «ZIL 130» մակնիշի շարժական գազալցակայան բեռնատարը (վարորդ՝ Ս․ Գ․) և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․), ինչի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորը տեղում մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։