22:28 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Арцах, НКР

Արցախի հետ` առանց զենքի

© Weltrekordreise
Արցախ
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Անցնող շաբաթվա լրահոսի հիմնական թեման դարձյալ Ղարաբաղն էր: Շաբաթվա սկզբում ՀՀ ԱԳՆ հրավիրվեցին ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները, որոնց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքները:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Դեսպանները լսեցին, լռեցին ու հեռացան: Թե որքանով նախարարի հետ զրույցը կազդի նրանց երկրների դիրքորոշման վրա, թերևս պարզ կլինի ապագայում: Իսկ մինչ այդ, արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն անցնող շաբաթվա սկզբում որոշ պարզաբանումներ ներկայացրեց՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարհով:

«Բանակցային գործընթացի գլխավոր ուղղությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ամբողջ միջազգային հանրությունն այսօր կոչ է անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, և դա բնական է, որովհետև, երբ ասում ենք՝ բանակցություններին այլընտրանք չկա, այդպես էլ կա: Որևէ ռազմական գործողություն, որևէ պատերազմ հարց չի կարող լուծել»,- ասել էր ԱԳ նախարարը:

Հակամարտության խաղաղ կարգավորման մասին շաբաթվա ընթացքում խոսեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոստովանելով, որ խաղաղությունն ու փոխզիջումներն իրականում պատրանք են եղել:

«Մի քանի տարի առաջ մեզ թվում էր, թե հաջողվել էր մոտենալ փոխզիջումային տարբերակին, բայց պարզվեց, որ դա, ցավոք, այդպես չէր»,- ասաց ՌԴ նախագահը` խոստանալով, որ Ռուսաստանն ամեն ինչ կան կողմերի համար երկուստեք ընդունելի երկարաժամկետ լուծում գտնելու համար»:

Հայ հասարակության շրջանում ակտիվացած մեղադրանքներից առաջինն ուղղված էր ՀԱՊԿ-ին, որի անդամ Հայաստանի անվտանգությանը սպառնացող պատերազմի օրերին այդ կազմակերպությունը օգնության ձեռք չմեկնեց: Արձագանքը պարզ էր. Հայաստանն օգնություն չէր խնդրել:

Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը հայաստանցի պաշտոնյաները միանշանակ մերժում են: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, վստահեցնում է, որ այդ դեպքում Հայաստանը կմնա միայնակ` ոչ միայն Ադրբեջանի, այլև թուրքական բանակի դիմաց:

«Թուրքիան միակ երկիրն է, որն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները։ Բանը հասավ նրան, որ նրանք ցանկանում են կրոնական երանգ տալ հակամարտությանը»,- Sputnik Արմենիայի մամուլի սրահում օրեր առաջ հայտարարել էր Էդուարդ Շարմազանովը:

Շաբաթվա ընթացքում Հայաստան ժամանեցին ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Վերջինը, սակայն, Հայաստանում հրապարակային որևէ հայտարարություն չարեց, լրագրողների հարցերին չպատասխանեց, իսկ ըստ պաշտոնական մեկնաբանությունների, դռնփակ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերն ու, մասնավորապես, Ղարաբաղում ստեղծված վիճակը:

Հայաստանյան հանրությանն անհանգստացնող երկրորդ խնդիրը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի փաստն է, որ մեկնաբանվեց բացառապես որպես բիզնես: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այս տեսակետը Հայաստանում կրկնեցին նաև Ռուսաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամները` իրենց հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում: Հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Չեկարինն էլ այս միտքը կրկնեց հայ լրագրողների հետ ճեպազրույցում` ասելով.

«Զենքի վաճառքը թերևս ամենատարածված միջազգային պրակտիկան է, այսօր այն որևէ մեկին չի զարմացնում, ավելի շատ դա տնտեսական, քան քաղաքական հարց է: Այդ տարածաշրջանում ռուսական զենքից զատ մեծ քանակությամբ նաև իսրայելական, բելառուսական զենք կա, ու եթե Ռուսաստանը հրաժարվի զենք վաճառել, ապա հաջորդ իսկ օրն այդ տեղը կգրավի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, բայց այդ զենքը շատ ավելի մահաբեր ու ավելի սարսափելի կլինի»։

Այս տեսակետը ընդունել-չընդունելու խնդրին իր հարցազրույցում անդրադաձավ նաև ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը` վերահաստատելով Հայաստանի` ՀԱՊԿ-ի կազմում մնալու դիրքորոշումը:

«Հանրային լայն քննարկման առարկա է դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում: Այն կարծիքը կա, որ իբր դա բիզնես է: Բայց իրականում հայ-ռուսական հարաբերությունները բիզնես հարաբերություններ չեն, միայն խոսքով չէ, որ դրանք դաշնակցային հարաբերություններ են, այլև իրավապայմանագրային կայուն հիմքեր ունեն, և սա ակնհայտ է որևէ մեկի համար: Ներառյալ Ադրբեջանի համար: ԼՂ-ի վերաբերյալ ՀԱՊԿ գագաթնաժողովում, ՀԱՊԿ-ի շրջանակում ԱԳ նախարարների մակարդակով պաշտոնական հայտարարություններ են արվել, դիրքորոշումներ են ամրագրվել, որտեղ հստակ ասված է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային գործընթացով»,- ասել էր Նալբանդյանը:

Ռուսական կողմի` հակամարտող կողմերից մեկին զենքի վաճառքը որպես բիզնես ծրագիր ներկայացնելու մարտավարությունը հակադրվող փաստարկն այն է, որ հայկական կողմի հետ նույն այդ բիզնեսի մասին ստորագրված համաձայնագիրն արդեն մեկ տարի է՝ մնացել է թղթի վրա: 2015 թվականի հունիսի 26-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որով Ռուսաստանը պարտավորվել է Հայաստանին 200 մլն դոլարի վարկի դիմաց զենք վաճառել, մինչ օրս այդպես էլ չի ամրապնդվել համապատասխան պայմանագրով: Շաբաթվա վերջին աշխատանքային օրը Հայաստանի կառավարությունը որոշեց շտկել իրավիճակը և արագացնել Ռուսաստանից զենք գնելու գործընթացը:

Դե իսկ մինչ ռուսական զենքը կհասնի Հայաստան, Հայաստանը ստիպված կշարունակի ադրբեջանական ագրեսիան զսպել, Հայաստանի նախագահի ասած՝ 80-ական թվականների զենքով ու սահմանին կանգնած զինվորի մարտական ոգով: Եվ դրան զուգահեռ աշխարհին ներկայացնել հայ խաղաղ գյուղացու ու նրան պաշտպանող հայ զինվորների նկատմամբ կատարված անմարդկային բռնության ու դիակապտության փաստերը` հույսով, որ աշխարհն այս անգամ գոնե չի փակի աչքերն ու ականջները` ակնհայտ ու ճչացող փաստերի առաջ:

 

Գլխավոր թեմաներ