10:38 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Վլադիմիր Պուտին

Պուտին. Ռուսաստանը չի պարտադրի բաղադրատոմսեր ԼՂ հակամարտության կողմերին

© Sputnik / Алексей Никольский
Արցախ
Ստանալ կարճ հղումը
43 0 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված «ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր»։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած յուրաքանչյուր առաջարկին: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այսօր այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք ամենևին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ-որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել: Կողմերը պետք է իրենք համաձայնության գան և առանց արտաքին ճնշման երկուստեք ընդունելի լուծման հանգեն: Սա է մեր հստակ դիրքորոշումը»,-ասել է Պուտինն ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»:

«Իհարկե, կարգավորման նպատակը պետք է լինի պայմանավորվածությունն առ այն, որ կողմերից և ոչ մեկը չի ճանաչվելու որպես հաղթող կամ պարտվող: Զիջումները պետք է փոխադարձ լինեն, իսկ դրանից բխող շահերը` ակնհայտ Ադրբեջանի ու Հայաստանի հանրության համար: Իսկ Ռուսաստանն իր հերթին պատրաստակամ է աջակցել հակամարտության լուծման այն տարբերակին, որը ձեռք կտա բոլոր կողմերին, ու մյուս միջնորդների հետ հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- նշել է ՌԴ նախագահը:

Պուտինն իր խոսքում նշել է, որ Ռուսաստանը 2 երկրների հետ էլ պատմական կապեր ունի, զարգացրել է ռազմավարական բնույթի հարաբերություններ:

«Այդ պատճառով մենք անկեղծորեն հետաքրքրված ենք հարևան տարածաշրջանում խաղաղության ու անդորրի վերահաստատման հարցում, որպեսզի այնտեղ այլևս մարդիկ չզոհվեն, սահմանները բացվեն, վերականգնվեն տնտեսական կապերը: Մենք այդ ուղղությամբ անում ենք հնարավորը»,-ասել է Պուտինը:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Գլխավոր թեմաներ