19:31 25 մարտի 2017
Ուղիղ եթեր
Սեյրան Օհանյան

Օհանյան. «Հայաստանը պարտավոր է արժանապատիվ խաղաղության բանաձև գտնել Ադրբեջանի հետ»

© Sputnik/ Арам Нерсесян
Արցախ
Ստանալ կարճ հղումը
8410

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է զբաղվել քաղաքականությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սեյրան Օհանյանը խոսել է տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության մասին։

«Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը»,- Ֆեյսբուք իր էջում գրել է Օհանյանը։

Նրա խոսքով` խաղաղության գինն ամենալավը գիտենք զինվորական ու մարտական ճանապարհ անցածներս: «Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն»,- նշել է Օհանյանը:

Ըստ նախկին նախարարի` երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև ՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները: Այսպիսով՝ պետք է զգոն լինել, քանզի մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ:

«Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք»,- ասել է Օհանյանը։

Նա ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը` նշելով, որ առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։

«Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, ըստ իս, գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, որոնք Բաքվի հետ պետք է համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը»,- նշել է Օհանյանը:

Ըստ նրա` Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր զինվորներն ու սպաներն են՝ հայոց բանակը։

«Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչև հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ չձևավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը»,- ընդգծել է Օհանյանը:

Գլխավոր թեմաներ