ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար պետք է վերսկսել բանակցությունները։
«Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները վերսկսվեն։ Ուզում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները ևս` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, իրենց ավանդն ունենան այդ գործընթացում։ Կարծում ենք, որ այդ ձգձգված հակամարտության լուծման ճանապարհը կարելի է գտնել»,- ասել է Օլանդը։
Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան, որպես ՄԽ համանախագահ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։
«Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը։ Մասնավորապես պետք է նշեմ 2014 թվականի վերջին Ելիսեյան պալատում Հայաստանի նախագահի հետ անցկացրած հանդիպումը։ Կառուցողական ու լավատեսական հանդիպում էր։ Ցավոք, դրանից հետո բանակցային գործընթացում որոշակի լճացում է նկատվում»,- ասել է նա։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկանում է հարցը շուտափույթ լուծել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Նա ավելացրել է, որ այս փուլում պետք է հնարավորին չափ շուտ վերսկսել բանակցությունները։