Շանթ Հ/Ը «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին: Դավիթի առողջական վիճակը կայուն է: Զաքարյանին խոսքով` թշնամու գնդակոծումից վնասվել են Դավիթ Աթոյանը ոտքերը։ Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, նկարահանումներ իրականացնելու ժամանակ։ Գնդակոծությունից վնասվել է նաև «Դիքերում» հաղորդաշարի ծառայողական ավտոմեքենան։
Նշենք, որ տեղեկությունը հաստատել է նաև ԱՀ ՊՆ-ը։ Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹ՇԱՆԹ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք`երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել Շանթ հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: