ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Արցախի պատգամավորների համար առաջնայինը ներքին կայունությունն ու անվտանգությունն է։ Իրենց այս դիրքորոշումը նրանք վերահաստատել են երեկ Արցախի Ազգային ժողովում կայացած «Ներքաղաքական իրավիճակի մասին և խորհրդարանի անելիքները» հարցով ընդլայնված խորհրդակցության ընթացքում։ Նիստին մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները` խորհրդարանի նախագահի, փոխնախագահի ղեկավարությամբ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ–ի մամուլի ծառայությունից։
«Թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարևորել են երկրի կայունության և անվտանգության պահպանումը և ընդգծել հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը:
Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին»,–ասված է հաղորդագրության մեջ: