ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Բոլոր կողմերը պետք է ընդհանուր հայտարարի գան ղարաբաղյան բանակցությունների ձևաչափի հարցում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը` մեկնաբանելով Ստեփանակերտի մասնակցության հարցը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ի տարբերություն Հայաստանի նախորդ առաջնորդների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինքը բանակցություններ չի վարելու Արցախի անունից։ Կառավարության ղեկավարը համոզված է, որ Ստեփանակերտը պետք է անմիջական մասնակցություն ունենա խաղաղ գործընթացում։
«Ֆրանսիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը թույլ կտա բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել, բայց բանակցային գործընթացին մի շարք կողմեր են մասնակցում։ Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն ընդհանուր հայտարարի գան բանակցությունների ձևաչափի հարցում», — ասաց Լակոտը։
Նրա խոսքով` համանախագահները հունիսին Հայաստան այցելեցին նոր իշխանությունների դիրքորոշման հետ ծանոթանալու համար։ Դա թույլ տվեց կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Լաքոտը կարծում է, որ կարևորը բանակցային գործընթացը շարունակելն է։
Ավելի վաղ Ռուսաստանի (ՄԽ համանախագահ) արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, նշել էր` Մոսկվան կհարգի Ղարաբաղի մասնակցության հետ կապված ցանկացած որոշում, որ կընդունեն Երևանն ու Բաքուն։