10:43 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Արցախ

Արցախում դիտարկում են պատանդների փոխանակման Ադրբեջանի առաջարկի միայն 1 տարբերակ

© Sputnik / Aram Nersesyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
25610

Արցախի ԱԳՆ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ պատրաստակամ է ազատ արձակել Արցախում պահվող ադրբեջանցուն և ակնկալում է Ադրբեջանի պատասխան գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։

Ադրբեջանում պահվող հայ պատանդներին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների հետ փոխանակելու ադրբեջանական կողմի առաջարկին այս կերպ է արձագանքել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։

Իսկ իր այս մարդասիրական ժեստի դիմաց Արցախի իշխանությունն ակնկալում է Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն և առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ։

«Ադրբեջանի պատասխան գործողություններն ի ցույց կդնեին մարդասիրական քայլեր իրականացնելու այդ երկրի պատրաստակամությունը, ինչպես նաև Բաքվից հնչող հայտարարությունների լրջությունը»,– ասված է ԱՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև հիշեցնում է, թե ովքեր են Արցախում պահվող մյուս 2 ադրբեջանցիներն ու ինչ հանցանքների մեջ են նրանք մեղադրվում։

«Առաջին հերթին, անհրաժեշտ է պարզաբանում մտցնել կողմերի մոտ գտնվող անձանց կարգավիճակի հարցում։ Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երեք քաղաքացի, նրանցից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ ծանր և առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ և ո՛չ էլ ռազմագերիներ»,– նշում է Արցախի ԱԳՆ–ն։

Հաղորդագրության մեջ ասված է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն վարել ու չեն վարում բանակցություններ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ։ «Ավելին` նրանց ազատ արձակելու կոչերն ակնհայտորեն խրախուսում են անպատժելիությունը և ամենաթողությունը, ինչպես դա եղել է մարդասպան Սաֆարովի պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է շահարկել մարդասիրական բնույթի հարցերը՝ ի շահ սեփական քաղաքական նպատակների»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում գերեվարված 3 հայ պատանդներին, ԱԳՆ–ն շեշտում է, որ նրանք Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն գործել։ «Ավելին` նրանցից երկուսն ունեն առողջական որոշակի խնդիրներ։ Բոլոր երեքն էլ պատանդներ են, և Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ «բոլորը բոլորի դիմաց» իր առաջարկով Բաքուն, Արցախի համոզմամբ, փորձում է հավասարության նշան դնել Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժը կրող հանցագործների և Ադրբեջանում պահվող գերիների միջև` իր այդ առաջարկը ներկայացնելով, որպես մարդասիրական քայլ։ «Մինչդեռ, իրական մարդասիրական քայլ կլիներ հայ պատանդներին ազատ արձակելը, ինչը պահանջվում է, այդ թվում նաև, վերոնշյալ Կոնվենցիայով։ Բաքուն չի գնացել այդ քայլին, հետևաբար, այս հարցում չի կարող խոսել մարդասիրության մասին»,– նշում է Արցախի ԱԳՆ–ն։

Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցիները հասարակ քաղաքացիներ չեն, այլ ծանր հանցագործության, այդ թվում`խաղաղ քաղաքացիների սպանության համար մեղադրված հանցագործներ։

«Դա կստացվի, որ մենք երկու Ռամիլ Սաֆարով ենք վերադարձնում Ադրբեջանին»,– ասել էր նա։

Հիշեցնենք` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին, Լեռնային Ղարաբաղի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման և սպանության համար։ 

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկԿոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, ով ձերբակալվել է 2017թ.-ին, Թալիշ գյուղի մոտ։

Հուսեյնզադեն պաշտոնական վարկածի համաձայն` ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին: Ադրբեջանում այս պահին ՀՀ 3 քաղաք
ացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված:

Հիշեցնենք նաև, որ 2004թ.-ի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանն անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում: Դասընթացներին մասնակցում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային: Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը:

Ըստ թեմայի

Կարմիր խաչը գերիների մասին տեղեկություն չունի
Պատերազմ առանց գերիների
Քննարկման առանցքում եղել են գերիների, պատանդների և անհայտ կորածների խնդիրները
թեգերը:
Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ