01:36 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (356)
20010

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփմանը` ասելով, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցությունների վարումից։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության արցախյան հարցի բանակցությունները որևէ արդյունավետ հանգրվանի չեն հասնի:

«Մենք շահագրգռված ենք հիմնախնդրի խաղաղ ու վերջնական կարգավորմամբ և գիտակցում ենք, որ այն իր վճռական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու վրա։ Սակայն մենք ակնկալում ենք նույն գիտակցումն ու պատասխանատվությունը նաև Ադրբեջանի կողմից»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հարությունյանը։

Նրա խոսքով` Արցախը բարձր է գնահատում ՀՀ իշխանությունների դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի իշխանությունները:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի` ապրիլի 20-ին և 21-ին համանախագահների և արտգործնախարարների հետ առանձին, ապա՝ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսներին, Հարությունյանը նշում է, որ հերթական անգամ արձանագրվեց` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցությունների վարումից:

Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ Հարությունյանն արցախյան հիմնահարցի հետ կապված 7 կետ է առանձնացրել։ Ըստ այդմ, նշվում է, որ Արցախի իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին։ Իսկ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել։ Բացի այդ, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ։

«Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու։ Այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք»,–ասում է Հարությունյանը։

Նրա խոսքով` հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ։ Իսկ հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին։ Նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան։

Արցախի նախագահը նշում է նաև, որ միջազգային հանրությունը (ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները։ Այդ թվում, մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մեկուկես ժամ տևած տեսակապի միջոցով երեկ պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը։

Մինչ այդ, երեկ առավոտյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (356)

Ըստ թեմայի

Արցախի ապագա իշխանություններն առանձնահատուկ դեր ունեն ղարաբաղյան խաղաղ գործընթացում․ ԱԳՆ
Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից
Անկախ կորոնավիրուսից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է. Զախարովա
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ