ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Չճանաչված երկրներում փաստացի չի գործում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը։ Նման պնդմամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը` առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
«Շատ վատ եմ գնահատում չճանաչված երկրներում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը և դրա մասին բազմիցս արտահայտվել եմ»,-ասաց նա։
Բեգլարյանը վերհիշեց, որ 2017 թվականի նոյեմբերին Ավստրիայում Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի միջազգային համաժողովի ժամանակ փաստերով ներկայացրել է խնդիրը և դա ընդունել են համաժողովի մասնակիցները։
«Չճանաչված երկրների բնակիչները զրկված են բազմաթիվ իրավունքներից։ Բոլորն ընդունում են, որ այո, խնդիրը կա և պետք է դրան լուծում տալ , բայց ոչ մեկ դրան ուղղված քայլ չի կատարում ։ Օրինակ` Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները չեն ցանկանում այցելել Արցախ՝քաղաքականացնելով խնդիրը։ Ես բազմիցս ասել եմ, որ այցելեն և տեղում տեսնեն , թե ինչ հաջողություններ ենք գրանցել և ինչ հիմնախնդիրներ կան, որպեսզի մեզ օգնեն մարդու իրավունքներն ավելի պաշտպանված դարձնել»,–ասաց Արցախի օմբուդսմենը։
«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին
Նրա կարծիքով` խնդիրը քաղաքականացված է և կոնկրետ Արցախի օրինակով ակնհայտ է, որ ադրբեջանական ճնշումներն ազդեցություն են ունենում վերոնշյալ խնդրի վրա։
Հավելենք, որ այսօր Արտակ Բեգլարյանը հաշվետու մամուլի ասուլիսում ներկայացրեց 2019թ.-ի իր գործունեությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։