15:11 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Արցախ
Ստանալ կարճ հղումը
42101

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղափոխության թատերաբեմ:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Շուշիում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո մասնակցել է նաև հրավիրված ընդունելությանը։ Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ընդունելության ժամանակ Փաշինյանը հանդես է եկել ելույթով ու պատմել, թե ինչպես է ընկերացել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։


«Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ընթացքում ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել հրապարակային. 2018–ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային և թե՛ պետական իմաստներով։ Այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով և երկիմաստություններով»,–ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով` վերջին տարում իր և Սահակյանի հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը։ Բայց Փաշինյանը վստահեցրել է, որ հաղթահարել են այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության և հիմա կարող է ասել, որ ի դեմս Բակո Սահակյանի` ձեռք է բերել վստահելի ընկեր և բարեկամ:

Նիկոլ Փաշինյանը 7 պաշտոնյայի Արցախ է գործուղել. նրանց թվում են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը

Անդրադառնալով Արցախում նախընտրական իրադարձություններին` Փաշինյանը նշել է, թե ոմանք կանխատեսում էին, որ Արցախում տեղի կունենա հեղափոխություն, ոմանք կանխատեսում էին, որ տեղի կունենա հակահեղափոխություն: Սակայն իր դիրքորոշմամբ՝ Արցախը չպետք է լինի ո՛չ հեղափոխության, ո՛չ էլ հակահեղափոխության թատերաբեմ:

Արցախը, ըստ Փաշինյանի, չէր կարող լինել հակահեղափոխության թատերաբեմ, որովհետև մեր ժողովրդի մի հատվածն ի բնե որևէ սցենարով չի կարող և չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին: 

«Արայիկ Հարությունյանի ընտրությունը նշանակում է, որ չնայած հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ և աներկբայորեն հեղափոխության մաս է։ Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունքներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխումների քաղաքական ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը»,–նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով` այս առումով, Արցախի նորընտիր իշխանությունը, Հայաստանի և Արցախի իշխանությունները պատասխանատվություն ունեն հայ ժողովրդի առաջ՝ բարեփոխումներ իրականացնել Հայաստանում և Արցախում:

Մարդիկ պետք է զգան այդ փոփոխությունները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, ընտրական համակարգի արդարության և վստահելիության ոլորտներում: Սա, Փաշինյանի մեկնաբանմամբ, ընդամենը քաղաքական հայտարարություն չէ, այլ հստակ ձևակերպված ըմբռնում, եթե չասենք` պայմանավորվածություն, Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև:

«Ադրբեջանի իշխանությունները կճանաչեն Ղարաբաղը, եթե նրանց ստիպեն». Գալինա Ստարովոյտովա

Փաշինյանն ընդգծել է որ խոսքն այնպիսի փոփոխությունների մասին է, որոնց արդյունքները թույլ կտան ուղիղ նայել նահատակների, զավակների, մայրերի, կանանց ու քույրերի աչքերի մեջ:

ՀՀ վարչապետը կարևորել է փաստը, որ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը հենց Շուշիում է տեղի ունեցել։

«Արարողության տեղը և ժամանակաշրջանն առանձնահատուկ սիմվոլիզմ են հաղորդում դրան, առանձնահատուկ իմաստ: Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988–ին Հայաստանում և Արցախում մեկնարկած՝ բովանդակության և էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունքն էր։ Այն իր հերթին բերեց մեր ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը»,–շեշտել է Փաշինյանը։

Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից

Նա նշել է նաև, որ ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե, ճանաչմանը: Փաշինյանը կոչ է արել մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործել մեզ նպատակից շեղելու համար:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի պաշտոնը ստանձնեց այսօր` Շուշիում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ։

Ըստ թեմայի

Քանի՞ մարդ է քվեարկել Արայիկ Հարությունյանի օգտին. ԿԸՀ–ն նախնական տվյալներ է հրապարակել
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչ մեքենայով է աշխատանքի գնալու Արցախի նորընտիր նախագահը
Արցախում նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը. Սարգսյանն արդեն շնորհավորել է
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ