ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախում կրակի դադարի հրաման է տրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։