ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանում մի քանի տասնյակ մարդիկ այսօր խաղաղ ցույց անցկացրին ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան առջև` ի պաշտպանություն Արցախի և նրա միջազգային ճանաչման։ Նրանք պատրաստվում են նման խաղաղ ակցիաներ անցկացնել ՀՀ–ում գտնվող բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ: Ակցիայի մասնակիցները հայտնեցին` հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ակնկալում են, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլորն անհրաժեշտ միջոցները Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող ահաբեկչությունը կանխելու համար։
«Թուրքիայի նախագահը ահաբեկիչ է, նա Ադրբեջանին ահաբեկչական խմբավորումներ է մատակարարում Արցախի ժողովրդի դեմ կռվելու համար», - ասացին նրանք:
Հավաքվածները շեշտեցին, որ Ռուսաստանի ղեկավարությանը երախտապարտ են Արցախում արյունալի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար, սակայն պարզվեց` այդ ջանքերը բավարար չեն: Նրանք ակնկալում են, որ Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը:
«Մենք պատմական եղբայրներ ենք, դաշնակիցներ», - հայտարարեցին ակցիայի մասնակիցները:
Այնուհետև նրանք ՌԴ դեսպանատնից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ Արցախի անկախության պահանջով։
«Ճանաչում։ Ազատ, անկախ Արցախ»,–վանկարկում էին ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո