22:20 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1492)
1182 0 0

Գևորգյանների ընտանիքը, որը 30 տարի առաջ հարկադրված լքել է Բաքվում իրենց տունը, այսօր ինքն է ընդունում Արցախից եկած հարազատներին՝ կանանց, երեխաների և տարեցների։ Հիմա նրանց բոլոր մտքերն առաջնագծում գտնվողների հետ են։

Գևորգյանների տունը դժվար չէ գտնել։ Ջրամբար գյուղի և մոտակա բնակավայրերի բոլոր բնակիչները ճանաչում են ընտանիքին, որը Արցախից եկած 20 ազգականների է հյուրընկալել մի բարակ պատով բաժանված երկու բնակարաններում, որոնք տարբեր շքամուտքերում են։

Переселенка из Арцаха Кристина
© Sputnik / Asatur Yesayants
Ջրամբարի տունը, որտեղ հյուրընկալել են Արցախից եկած 20 ազգականներին

Այս ընտանիքում լավ գիտեն, թե ինչ է նշանակում փախստական լինել՝ 90-ականներին իրենք էլ փախել են Բաքվից։ Այսօր էլ առանց մի վայրկյան մտածելու` ապաստան են տվել ոչ միայն Արցախում ամուսնացած երկու դուստրերին, այլև իրենց տները հարկադրաբար լքած բոլոր ազգականներին։

«Մենք ավելի շատ էլ ենք պատրաստ ընդունել, բայց ազգականների համար դժվար է մեզ մոտ հասնելը։ Մենք գիտենք, թե ինչ սարսափելի բան է պատերազմը։ Ցավալի է, որ դա գիտեն ոչ միայն մեր երեխաները, այլև արդեն մեր թոռները նույնպես»,-ասում է ընտանիքի մայրը՝ Հասմիկը։

Որ բնակարանում շատ մարդ կա, արդեն շեմից է հասկանալի։ Միջանցքում կոշիկները շատ են, խառը՝ մեծերի և երեխաների։ Տաք հացի բույր է տարածված, լսվում է փոքրիկ աղջկա ձայնը․

«Պապ ջան, ես քեզ սիրում եմ»։

Երեխաներն այստեղ շատ են։ Երեք սենյականոց բնակարանում տեղավորվել են չորս մեծահասակ և վեց երեխա, չհաշված տանտերերին։ Մենք արագ ծանոթանում ենք, նրանք ներկայանում են և բացատրում արյունակցական կապերը, բայց այդքան տեղեկություն միանգամից հիշել չի ստացվում։

Переселенка из Арцаха Кристина с детьми
© Sputnik / Asatur Yesayants
Քրիստինան ու իր երեխաները

Քրիստինա անունով կինը նկատում է մեր շփոթմունքը և այն ինչ-որ կերպ հարթելու համար սկսում է պատմել, որ գյուղ եկել է 1,5 տարեկանում, երբ ընտանիքը փախել է Բաքվից։ Ճակատագրի կամքով` ինքն էլ, քույրն էլ Արցախում են ամուսնացել։ Իսկ հիմա երկուսն էլ, արդեն իրենց երեխաների հետ, ստիպված են կրկին ապաստան փնտրել, այս անգամ արդեն Ջրամբարում։ Եվ կրկին ադրբեջանական գնդակներից փախչելով։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

«Այնպես էր ցնցվում, կարծես երկրաշարժ լիներ։ Ես հասկացա, որ պատերազմ է սկսվել, բայց մենք չէինք ուզում մեկնել, տեգրս ստիպեց։ Ամուսնուս հետ կապ չկար։ Մեր մեկնելուց առաջ եկավ ու հրաժեշտ տվեց։ Իսկ երեկ տեսակապով տեսա նրան։ Սափրված չէր, ես էլ լավ բարկացա, ստիպեցի, որ իրեն կարգի բերի։ Պետք է աջակցենք մեր տղամարդկանց։ Ծննդյանս օրը Ստեփանակերտից հեռացա արցունքն աչքերիս, կվերադառնամ լայն ժպիտով»,-ասում է նա, բայց զգացվում է, որ կոկորդը սեղմվում է։

Երեխաները սուսուփուս տեղավորվում են մեր կողքին և լսում մայրիկի պատմությունը, և հենց որ նա լռում է, 11-ամյա Արսենը առարկություն չհանդուրժող տոնով ասում է, որ շուտով տուն են վերադառնալու։ Եվ հայրիկն էլ իրենց հետ կլինի։ Փոքրիկ Տաթևը գրեթե ոչինչ չի հասկանում, բայց ամեն անգամ եղբոր հետևից կրկնում է․ «Պապան էլ մեզ հետ կլինի»։

Переселенка из Арцаха Татев
© Sputnik / Asatur Yesayants
Փոքրիկ Տաթևը

Քրիստինան արդեն արցունքները զսպել չի կարողանում, բայց նրա մայրը՝ Հասմիկը, հրահանգում է հավաքվել և գնալ հացին նայելու, մինչ ինքը կուղեկցի մեզ պատի մյուս կողմում գտնվող բնակարանը, որտեղ տեղավորվել են մյուս ազգականները։

Այստեղ երեք մեծահասակ և վեց երեխա են տեղավորվել։ Անկյունում քնած է փոքրիկ Արթուրը, իսկ մահճակալին պառկած է Սվետլանան։ Այստեղ գալուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

«Մենք Բաքվից Արցախ ենք փախել, իսկ այնտեղ երեք պատերազմ տեսանք։ Առաջին պատերազմի ժամանակ մենք որդուս անվտանգ տեղ ուղարկեցինք, ամուսինս ռազմաճակատ մեկնեց, իսկ ես Ստեփանակերտում մնացի։ Հիմա էլի կմնայի, բայց տղաս պնդեց, որ այդպես ավելի հանգիստ կլինի։ Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս։ Կվերադառնամ, հենց որ քաղաքը մաքրեն անիծյալ ռումբերից, իսկ հիմա աղոթում եմ մեր բոլոր զավակների համար։ Նրանք կհաղթեն»,-ասում է Սվետլանան` նույնիսկ չփորձելով զսպել արցունքները։

Հետո դիմելով ամուսնուն, ասում է, որ առաջին պատերազմն այսքան դաժան չէր՝ նա պետք է որ հիշի։ Վալերին լռում է։

Переселенец из Арцаха Валерий
© Sputnik / Asatur Yesayants
Վալերին

Առհասարակ մեր այնտեղ եղած ամբողջ ժամանակ նա ոչինչ չասաց։ Միայն նայում էր քնած Արթուրին, իսկ երբ փոքրիկն արթնացավ, թոռնուհուն խնդրեց, որ եղբորը շոր հագցնի։ Այստեղ բոլոր երեխաներն օգնում են միմյանց, ավագները հոգ են տանում կրտսերների մասին։

«Երեխաներն ամեն ինչ լավ հասկանում են և հաճախ փորձում են մեզ ազատել հոգսից։ Հիմա բոլորն են տխուր, բայց նրանց չարաճճիությունններից մեր տրամադրությունն անմիջապես բարձրանում է»,-ասում է Հասմիկը։

Զրույցին միջամտում է աղջիկներից մեկը։ Նա պատմում է, որ իրենք այնքան շատ են, որ օրական 20 բոքոն հաց են ուտում, իսկ հագուստն այնքան հաճախ է կեղտոտվում, որ Հասմիկ մորաքույրը չի հասցնում լվանալ, այնինչ հագուստի հետ կապված խնդիրներ ունեն՝ գրեթե ամեն ինչ տանն են թողել։ Իսկ ընթրելիս ստիպված են լինում նստարանը մի տնից մյուսը քարշ տալ։

Асмик Севумян - хозяйка, приютившая переселенцев из Арцаха
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի ազգականներին հյուրընկալած տիկին Հասմիկը

Մեծ մասը գիշերը գետնին են քնում։ Այ եթե ծալվող մահճակալներ լինեին, բոլորի համար էլ ավելի հեշտ կլիներ։

Семья переселенцев из Арцаха в Джрамбаре
© Sputnik / Asatur Yesayants
Արցախից եկած ընտանիքը Ջրամբարում

«Արթուրիկն էլ անընդհատ լաց է լինում, հոր մոտ է ուզում։ Ընդհանրապես արդեն պետք է տուն վերադառնալ։ Հայրիկներն առանց մեզ գլուխ չեն հանի, դպրոցն էլ կարոտել ենք»,-ասում է նա։

Переселенец из Арцаха Арсен
© Sputnik / Asatur Yesayants
Տիկին Սվետլանան թոռնիկի հետ

Բոլորը մի մարդու պես պնդում են, որ մտադիր են Արցախ վերադառնալ։ Հայաստանը թեկուզ հայրենիքն է և ամենաբարդ պահին տանիք է դարձել, բայց Արցախի հողում ավելի հանգիստ է, անգամ եթե պատերազմ է։ Կանայք դեմ չեն հենց հիմա վերադառնալ, բայց ամուսինները հստակ ասել են՝ վերադառնան, երբ իրենք կանչեն։ Իսկ նրանք հաստատ կկանչեն։

Переселенец из Арцаха Артур
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի Արթուրը` Ջրամբարի ազգականների տանը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1492)

Ըստ թեմայի

Միայն ԱՀ անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի խաղաղություն տարածաշրջանում. ԱՀ ԱԳՆ
Խաղաղ ակցիա Երևանի փողոցներում. պահանջը Արցախի միջազգային ճանաչումն է. տեսանյութ
Արտակ Բեգլարյանը հրապարակել է Արցախում մահացած խաղաղ բնակիչներից մեկի լուսանկարը
թեգերը:
ջրամբար, ընտանիք, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ