08:39 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1748)
1027 0 0

Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ Ալիևը շատ վտանգավոր խաղ է խաղում, որը կարող է ավարտվել իր իշխանության կորստով, ինչպես տեղի ունեցավ 1993 թվականին Աբուլֆազ Էլչիբեյի հետ` Արցախյան առաջին պատերազմում Բաքվի ջախջախիչ պարտությունից հետո։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Բաքուն կոպտորեն խախտեց հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը, և դա միանշանակ արվեց Թուրքիայի հրահրմամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական զինուժը ենթադրությունների հիման վրա թիրախավորել է Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան, իբր թե այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ  բնակավայրերին»։

«Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա», – ասվում էր ՊՆ–ի հայտարարության մեջ և ընդգծվում, որ մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ՀՀ ԱԳՆ–ն իր հերթին հայտարարել էր, որ Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը։

Այս զարգացումները մեկնաբանելով` Սիվկովը նշել է, որ տեղի ունեցածը Ռուսաստանին ծայրահեղ ծանր ընտրության առաջ է կանգնեցնում. մի կողմից տվյալ միջադեպը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի №4 կետի ներքո է, որի համաձայն ՌԴ–ն պետք է Հայաստանի կողմից ներքաշվի պատերազմին, մյուս կողմից` Մոսկվայի համար զինված հակամարտությանը մասնակցելը չափազանց անցանկալի տարբերակ է։

Սիվկովի խոսքով` Ռուսաստանը պետք է Ադրբեջանի և Թուրքիայի վրա լուրջ դիվանագիտական ճնշում գործադրի` սառեցնելով համատեղ խոշոր նախագծերը, եթե Անկարան շարունակի աջակցել Բաքվի սանձազերծած ագրեսիային։

Թուրք–ադրբեջանական նախնական պլանը` բլիցկրիգով գրավել Արցախը, ձախողվել է. Փաշինյան

Ռազմական փորձագետն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի բանակի ներկայիս հարձակումը չի կարելի համեմատել հայ–ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած  հուլիսյան մարտերի հետ։

Տեղի ունեցողը, ըստ Սիվկովի, պետք է ավելի լուրջ ընկալել. ի տարբերություն  այս ամառ գրանցված փոքր բախումների, Ադրբեջանի կողմից Հայաստանին հասցված նոր հարվածը խոսում է այն մասին, որ լոկալ հակամարտությունը վտանգված է հարևան տերությունների անմիջական մասնակցությամբ։ Այն լայնամասշտաբ պատերազմի վերաճելու միտում ունի, որը հղի է նաև տարածաշրջանում սասրափելի էկոլոգիական խնդիրներով։

Ռուսաստանցի փորձագետը Ադրբեջանի ղեկավարությանը նախազգուշացրել է հակամարտության հետագա սրացման հետևանքների մասին։

«Ալիևը շատ վտանգավոր ճանապարհ է բռնել, որի ավարտը կարող է լինել նրա ռեժիմի անկումը, ինչպես դա տեղի ունեցավ 1993 թվականին Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ, ով զրկվեց իշխանությունից Արցախյան առաջին պատերազմում  Բաքվի ջախջախիչ պարտությունից հետո», – ընդգծել է Սիվկովը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1748)

Ըստ թեմայի

Ինչու է բացառված Թուրքիայի առաջարկը` բանակցությունների քառակողմ ձևաչափ ստեղծելու մասին
Հերթը հասավ ինձ, իբր ես հօդս եմ ցնդել. կապիտանն անձամբ է հերքում ադրբեջանցիների սուտը
Ահաբեկիչները կարող են թաքնված լինել Ռուսաստանի հյուսիսկովկասյան անտառներում. Բաբայան
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ռուսաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ