05:06 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1839)
770 0 0

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց․ Լեռնային Ղարաբաղում պետք է ռուս ռազմական դիտորդներ լինեն, բայց վերջնական վճիռը հակամարտող կողմերինն է։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Այն մասին, թե ինչ բարդությունների կարող է բախվել խաղաղապահական առաքելությունը և թե ինչպես էին փորձում կանխել հակամարտությունը 1990-ականների սկզբին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Պատասխանը չեն լսել

«Կապույտ սաղավարտների» մասին առաջին հերթին պետք է պայմանավորվեն Ադրբեջանն ու Հայաստանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց․ «Ցանկացած խաղապահների, դիտորդների, որևէ մեկի տեղակայումը հնարավոր է միմիայն երկու կողմերի համաձայնությամբ»։ Եվ ավելացրեց․«Առայժմ մենք դրա պատասխանը չենք լսել»։

Դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր հետևյալը․ «Եթե կողմերից որևէ մեկը վետո դնի, դա անհնար կդառնա։ Երկրորդ պահը՝ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ խոսքը ադրբեջանական սուվերեն տարածքի մասին է։ Առանց մեր համաձայնության ոչ ոք չի կարող ոչ մեկին ուղարկել։ Դա միջազգային իրավունքի խախտում է»։

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է․ դիտորդների տեղակայումը նախատեսված է խաղաղ կարգավորման հիմնային սկզբունքներով։ «Բայց դա ամենավերջին կետն է։ Հարցն առայժմ քննարկման փուլում է, քանի որ լուրջ առաջխաղացում չկա»,-ճշտել է Ալիևը։

Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Ադրբեջանի վրա. Սուրենյանցը` դիտորդների ու խաղաղապահների մասին

Նա անհրաժեշտ է համարում Թուրքիային ներգրավել բանակցություններում և կասկածում է ղարաբաղյան հակամարտությամբ 1992 թվականից զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափի արդյունավետությանը: Խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, իսկ անդամները՝ Հայաստանից և Ադրբեջանից բացի, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռուս խաղաղապահների տարբերակը արժե դիտարկել։ «Բայց այդպիսի հարցերը հարկ է դիտարկել առավել լայն համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է ՀՀ վարչապետը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը ստացել է Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։

«Տարածաշրջանում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է»,-նշել է Զասը։ Եվ ավելացրել․ «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մասնակցությունը, և միայն նրանց տրամադրված իրավասությունների շրջանակում»։

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում պայմանավորվեցին զինադադարի մասին։ Նախատեսվում էր կրակը դադարեցնել հաջորդ օրվա կեսօրից։ Սակայն մարտական գործողությունները վերսկսվեցին։

Տեսանկյունների միջև անդունդ կա

Ռուս կովկասագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը պատմում է խաղապահներին սպասվող բարդությունների մասին։ «Աշխարհագրորեն շատ բարդ տարածաշրջան է։ Առայժմ հասկանալի չէ, թե որտեղով պետք է անցնի շփման գիծը։ Մի կողմը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները պատկանում են ԼՂՀ-ին։ Մյուս կողմի համար թե Ղարաբաղը, թե դրա շուրջ հողերը Ադրբեջանի տարածք են։ Այդ տեսանկյունների միջև անդունդ է ընկած»,-ասում է նա։

Քաղաքագետի խոսքով՝ քանի դեռ մարտական գործողություններ են ընթանում, խաղաղապահական առաքելության լուրջ քննարկման նախադրյալներ չկան։ «Իսկ ահա նոր սրացման նախադրյալներ կան։ Ակնհայտ է, որ հակամարտության գոտում գործում են պարամիլիտար խմբավորման անդամներ, որոնք պատրաստ են խափանել ցանկացած պայմանավորվածություն։ Այն մասին, որ Կովկաս են նետվել գրոհայիններ Մերձավոր Արևելքից, հիշատակել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Նման հայտարարություններ հենց այնպես չեն արվում»,-ընդգծում է Աթաևը։

Մի կողմից Ռուսաստանը Կովկասում՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում, խաղաղապահ ուժերի տեղակայման փորձ ունի։ Այնտեղ օգնել է այն, որ հակամարտության մասնակիցները գոնե ինչ-որ երկխոսություն էին հաստատել։ Սակայն Ցխինվալում ռուսական դիտորդների վրա վրացական բանակի հարձակումը բավականին վարկաբեկեց հակառակորդներին երրորդ ուժի միջամտությամբ բաժանելու գաղափարը։

Ոչ թե խաղաղապահներ, այլ դիտորդներ. Լավրովը` Արցախի հարցի լուծման մասին

«Այդպիսի առաջադրանքներ կատարող զինվորականները վարժված են իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում բանակցություններ սկսել։ Հարավային Օսիայում և Աբխազիայում կրակի գծի, ոչ կոնտակտային գոտու և այլնի մասին համաձայնություններ էին գործում։ Սակայն մեջքին հասցրած հարվածից զոհվեց 68 ռուս զինծառայող և սպա։ Այնպես որ Մոսկվայում շատ մանրամասն կկշռադատեն բոլոր կողմ և դեմ փաստարկները նախքան պատասխանելը այն հարցին, թե արժե՞ արդյոք խաղաղապահներ մտցնել հերթական թեժ կետ»,-կարծիք է հայտնում փորձագետը։

Հնարավոր ելքը կողմերը բաժանելու համար ՀԱՊԿ զորքերի մասնակցությունն է։ «Դա աճի ելակետ կլիներ նաև հենց կազմակերպության համար»,-կարծում է Աթաևը։

1980-ականներին և 1990-ականների սկզբին տարածաշրջանում հակամարտող կողմերին բաժանում էին Խորհրդային բանակի և ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները։ Բայց ոչ բոլորն էին նրանց որպես խաղաղապահներ ընկալում․ թե հայերը, թե ադրբեջանցիները զինվորականներին մեղադրում էին, թե նրանք, իբր, օգնում են հակառակորդին։

Սերգեյ Շատկոն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում առաջադրանքներ է կատարել կառավարական կապի գնդի կազմում։ Նա ինքն իրեն մարտական գործողությունների վետերան չի անվանում՝ Ղարաբաղն անցած զինծառայողներն այդպիսի կարգավիճակ չունեն։ Նա զուգահեռներ է անցկացնում այդ տարիների «խաղաղապահների» անհասկանալի իրավական կարգավիճակի և 1990-ականների սկզբի խճճված քաղաքական իրավիճակի միջև։

«Հակամարտող կողմերին մենք վերաբերում էինք իբրև հայրենակիցների, որոնց պետք է հաշտեցնել և պաշտպանել բռնությունից,-հիշում է Շատկոն,-ինչպես Սումգայիթում ասաց ԽՍՀՄ ՆԳՆ ուսումնարանի կուրսանտների գումարտակի սպան․ «Ջարդեր են ընթանում, մարդկանց են սպանում, և մեր խնդիրն է ցույց տալ, որ խորհրդային իշխանությունն այստեղ եղել է, կա և կլինի»։ Բայց ոչինչ չստացվեց։ Այն ժամանակ կենտրոնում, հավանաբար, չէին հասկանում, թե ինչպես կարելի է կարգավորել իրավիճակը։ Տարբեր մարդիկ էին պատահում, խելամիտներ էլ շատ կային, բայց հանդիպում էին և այնպիսիք, որոնք թքում էին մեր մեջքին, մեղադրում, թե հակառակորդի կողմից ենք խաղում։ Նրանց ոչ թե խաղաղություն էր պետք, այլ մեր ինքնաձիգները, որ կրակեին միմյանց վրա»։

Վերջին ստորաբաժանումները Ստեփանակերտից հեռանում էին 1992թ․-ի գարնանը, կողմերը փաստացի մարտական գործողություններ էին վարում, ուստի արդեն գոյություն չունեցող երկրի բանակի ստորաբաժանումները դուրս բերելու համար հատուկ գործողություն կազմակերպվեց։

«Երկու կողմի քաղաքական գործիչները ձգտում էին ոչ թե խաղաղության, այլ՝ իշխանության։ Այն ժամանակ պատերազմի ալիքի վրա իշխանության եկան ազգայնականները,-շարունակում է Շատկոն,-միակ բանը, որ նրանք ուզում էին, հաղթանակն էր՝ իրենց պայմաններով։ Ուրիշ ոչինչ։ Նախկին խորհրդային բանակի զորքերը, ստորաբաժանումները դուրս եկան Ղարաբաղից, և ամեն ինչ փլվեց։ Արդեն ոչ ոք չէր փորձում բաժանել թշնամիներին։ Անդրկովկասի Կրասնոզնամենսկի ռազմական շրջանի ունեցվածքի բաժանումից հետո կողմերը զենք և մարտական տեխնիկա ստացան։ Լայնամասշտաբ պատերազմ սկսվեց»։

Ներքին ծառայության գեներալ-մայոր Վլադիմիր Վորոժցովը 1990-ականների սկզբին ծառայողական գործուղումներով եղել է Անդրկովկասում։ Հիմա դառը հեգնանքով է հիշում. իր ծառայակիցները մեկ «Հայաստանի հերոսներ» էին ճանաչվում, մեկ «Ադրբեջանի հերոսներ»՝ նայած որտեղ էին առաջադրանքներ կատարում։ 

Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել. Արմեն Սարգսյան

«Պատահում էր, որ զինվորականները, գտնվելով հայկական կամ ադրբեջանական տարածքում, այնպես էին ազդվում տեղի բնակիչների տրամադրություններից, որ իրենք իրենց գրեթե հակամարտության կողմ էին ընկալում»,-խոստովանում է նա։-«Այստեղից էլ հենց մեղադրանքները, թե իբր խորհրդային բանակն աջակցում էր մեկ կամ մյուս կողմին։ Բայց հիմնականում զինվորները պաշտպանում էին խաղաղ բնակիչներին։ Ոմանք դրա համար անգամ կյանքն են տվել»։

Վորոժցովի խոսքով՝ Ռուսաստանը խաղաղապահ առաքելության համար թե փորձ ունի, թե կադրեր։ «Տեխնոլոգիաները մշակված են։ Ամենաարդյունավետը, բայց և ամենաբարդ իրականացվողը ընդհանուր պարեկությունն է․ հակամարտող կողմերի զինվորականները և միջնորդը միասին ստուգում են շփման գիծը։ Առաջին հերթին դա մարդկային շփում է, երկրորդ՝ յուրայինների վրա չեն կրակի»,-բացատրում է նա։

Ովքեր պետք է լինեն խաղաղապահները՝ Վորոժցովի խոսքով, կախված է ոչ միայն տեղի բնակիչների վերաբերմունքից։ «Վստահությունը գործողություններով են շահում։ Բայց հիմնական պայմանը հակամարտող կողմերի համաձայնությունն է հենց այդ զինծառայողների ներկայությանը»,-ասում է գեներալը։ Եվ դա զուտ քաղաքական հարց է։ Զորք մտցնել իմաստ ունի միայն այն դեպքում, երբ դրված խնդիրները հստակ են։ Դա հասկանում են թե Բաքվում, թե Երևանում, թե Մոսկվայում։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1839)

Ըստ թեմայի

Ռուսաստանը բարձր մակարդակով կատարեց դաշնակցի ու միջնորդի իր դերը. Նիկոլ Փաշինյան
Սա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին. Սոլովյովը` Հայաստանին հարվածելու մասին
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում
թեգերը:
խաղաղապահ, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ