ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի պատգամավորին՝ արցախահայության համար պատերազմական ծանր ժամանակահատվածում Արցախ այցելելու և տեղում անձամբ իրավիճակին ծանոթանալու համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի քաղաքակիրթ մարդկությունը ոչ միայն տեղյակ լինի օբյեկտիվ իրականությունից, այլև կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում ռազմական գործողությունները կանխելու և նախահարձակ կողմի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ:
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնված այս պատերազմը, որտեղ ներգրավվել են նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ, ծավալվում է արդեն դեպի Եվրոպա, և ֆրանսիական քաղաքներում օրերս տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ վկայությունն են»,- ասել է նախագահը և հավելել, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության անգործությունը որևէ կերպ արդարացված չէ:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ցնցված է տեսածով, թե ինչ վայրագություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Հաստատումներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ներգրավված են նաև վարձկան-ահաբեկիչներ, վկայում են, որ պաշտոնական Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել: Եվ դա արվում է Թուրքիայի բարձր հովանավորությամբ: Սա անթույլատրելի երևույթ է, և եթե այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկվեն այդ գործողությունները զսպելու համար, մեծ մտավախություն ունեմ, որ, նրանց հաջողության դեպքում աշխարհը շատ ավելի թանկ է վճարելու»,- ասել է Ժորժ Դալմանը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի Մերձավոր Արևելքի հետ կապերի պատասխանատու Պետրոս Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին