14:04 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
6122 0 0

Ադրբեջանն ու Թուրքիան թերևս մոռացել են, թե ուր են հոսում Արցախի գետերը։ Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը մեկնաբանում է, թե իրենք իրենց պատժելուց բացի, ուրիշ ինչ պատժի պիտի արժանանան Արցախի նկատմամբ էկոցիդ կազմակերպած հանցագործները։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանյան շուրջ 50 բնապահպանական կազմակերպություններ դիմել են միջազգային կառույցներին՝ ահազանգելով Արցախում տեղի ունեցող էկոցիդի (բնապահպանական ցեղասպանություն) մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։

«Սա ոչ միայն էկոցիդ է, այլ Արցախի հայության բնաջնջման փորձ։ Այսինքն` էկոցիդի միջոցով են գենոցիդ իրականացնում։ Իսկ դա կրկնակի հանցագործություն է։ Արցախի կենսական միջավայրն է վերացվում, որի միջոցով ուզում են վերացնել նաև ամբողջ ազգին»,– ասաց Վարդանյանը։

Միջազգային իրավունքի համաձայն՝ նման հանցագործությունների համար պատասխանատվություն է նախատեսում Ստոկհոլմի կոնվենցիան, որի հիման վրա մշակվել են շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ մի շարք սկզբունքներ։

Մասնավորապես, շրջակա միջավայրի խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսի (Ստոկհոլմ, 1972թ.) հռչակագրի 26-րդ սկզբունքի համաձայն` մարդը և նրա շրջակա միջավայրը պետք է ազատվեն միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի կիրառման հետևանքներից, իսկ պետությունները պետք է ձգտեն հասնել համապատասխան միջազգային մարմիններում այդ տեսակի զենքի վերացման և ամբողջական ոչնչացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ ձեռքբերմանը։ Միջազգային իրավունքով պատիժ է նախատեսված նաև ընդունված նորմերն ու սկզբունքները խախտողների համար: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես հայտնի է, վավերացրել են Ստոկհոլմի կոնվենցիան։ Այն, որ արգելված զինատեսակը կիրառվել է միջազգային ճանաչում չունեցող երկրի` Արցախի Հանրապետության նկատմամբ, Նազելի Վարդանյանի խոսքով, Ադրբեջանին ու նրա հանցակիցներին չի ազատում պատասխանատվությունից։

«Բնությունը սահմաններ չի ճանաչում և բնությանը հասցված վնասը, աղտոտումը շատ երկար ազդեցություն կարող է ունենալ անդրսահմանային կոնտեքստում, քանի որ քամու, ջրի միջոցով կարող է փոխանցվել այլ երկրներ»,– ասաց Վարդանյանը։ Հետաքրքրական է, որ Արցախից ու Հայաստանից բացի, քիմիական նյութերի բացասական ազդեցությանը ենթակա են առաջին հերթին հենց Ադրբեջանն ու Թուրքիան։

Ֆոսֆորը կարող է վնասել ոսկորներն ու ոսկրածուծը. ՊՆ-ն` Ադրբեջանի կիրառած զինամթերքի մասին

«Իրենց նպատակներին հասնելու համար իրենք ոչինչից չեն խորշում»,– ասում է Նազելի Վարդանյանը` հիշեցնելով, որ Արցախի տարածքը ջրհավաք ավազան է հանդիսանում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Տարածքի ռելիեֆի առանձնահատկությունների շնորհիվ Արցախի գրեթե բոլոր գետերը հոսում են արևմուտքից դեպի արևելք` Արցախի դաշտավայրով դեպի Ադրբեջան ու Իրան, այստեղից էլ Թուրքիա ու Վրաստան։

Արցախի խոշոր գետերից 3-ը` Թարթառը, Խաչենն ու Կարկառը Կուրի վտակներն են, 2-ը` Կենդելան ու Իշխանագետը` Արաքսի։

Մեր հարևանների հիշողությունը թարմացնելու համար նշենք, որ Արաքսի 150 կմ–անոց հատվածն անցնում է Հայաստանի ու Թուրքիայի, 42 կմ–ը` Հայաստանի ու Իրանի սահմանով։ Ընդ որում, Արաքսի վրա են գտնվում Իրանի համար կենսական նշանակություն ունեցող Նախիջևանի ու Խոդա Աֆրինի ջրամբարները: Անցնելով Ադրբեջան-Իրան սահմանով ու կտրելով Ադրբեջանի տարածքում 1072 կմ` Արաքսը  միախառնվում է Կուր գետին ու թափվում Կասպից ծովը:

Նույնիսկ ջրին խառնված ֆոսֆորային միացությունները չեն կորցնում իրենց վտանգավոր հատկություններն ու Արցախից Թուրքիա, Ադրբեջան կամ Իրան հասնելով էլ կարող են նույն չափով վնաս տալ այնտեղ։

«Ֆոսֆորը նավթային պարունակություն և մածուցիկ, կպչող հատկություն ունի։ Այն շատ երկար պահպանվում է ինչպես հողի, այնպես էլ ջրի մեջ։ Իսկ այրումից առաջացած թունավոր գազերը շատ երկար պահպանվում են օդի մեջ»,– ասաց Վարդանյանը։

Ֆոսֆորային զենքը քիմիական այն զինատեսակներից է, որոնց կիրառությունը խաղաղ բնակչության ու բնակավայրերի նկատմամբ արգելված է միջազգային մարդասիրական օրենքներով։ Այն ոչնչացնում է ոչ միայն անտառները, օդը, ջուրը, կենդանական աշխարհն ու ողջ շրջակա կենսաբազմազանությունը, այլև շատ լուրջ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության համար։

«Եթե մարդիկ այրվածքներ են ստանում, դրանք գրեթե անհնար է բուժել ու կենդանի մնալ։ Այն բջիջային մակարդակով քայքայում է մարդու օրգանիզմն ու հազարավոր հիվանդություններ առաջացնում»,– ասում է մասնագետը։

Սպիտակ ֆոսֆորից բռնկված հրդեհը գրեթե անհնար է մարել։ Անգամ մարելուց հետո այն ունակ է ինքնաբռնկվելու։ Ֆոսֆորն այրվելիս 2000-3000 աստիճան ջերմություն է առաջացնում, որից նույնիսկ մետաղն է հալվում։

Ադրբեջանն արգելված ֆոսֆորային զինամթերք է օգտագործում Արցախում. Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանա-թուրքական տանդեմի այս անմարդկային արարքի դիմաց Հայաստանն ու Արցախն ակնկալում են միջազգային կառույցների համարժեք պատասխանը։

Նազելի Վարդանյանի խոսքով` նման հանցագործության դիմաց հանցավոր երկրները կարող են հեռացվել ՄԱԿ–ից, կարող են լուրջ ֆինանսական սանկցիաների ենթարկվել։

Հայաստանի ՀԿ–ներն արդեն դիմել են միջազգային կառույցներին ու այժմ սպասում են նրանց արձագանքին։

Նշենք, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

Այս պատերազմին վաղուց էին պատրաստվել․ Սարգսյանը՝ հայերի ու ադրբեջանցիների քայլերի մասին
Վիեննայի դեպքը փաստեց` ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել. Հարությունյան
Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, սակայն ԼՂ–ի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով
Թուրքիան Սիրիայից 230 վարձկաններից կազմված նոր խումբ է ուղարկել Արցախի դեմ կռվելու
թեգերը:
Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, ֆոսֆորային զենք, Գետ

Գլխավոր թեմաներ