22:19 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
72410

Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ պետք է ուշադիր հետևել՝ ով և ինչպես է Թուրքիային ֆինանսավորում «Մեծ Թուրանի» իրագործման հարցում․ սա մի նախագիծ է, որն այժմ ծավալում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահների մուտքը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում տիրող լարվածության մակարդակը, ու հիմա կարևոր է թույլ չտալ, որ հումանիտար օգնություն ցուցաբերելու պատրվակով տարածաշրջան մտնեն մարդիկ, որոնք շահագրգռված են հակամարտության շարունակության մեջ, այդ երկրների շարքում են Թուրքիան, Բրիտանիան ու ԱՄՆ-ն։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ այսօր «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը։

Генеральный директор Центра политической информации Алексей Мухин
© Sputnik / Алексей Куденко
Ալեքսեյ Մուխին

«Շատ հատկանշական էր բոլոր կողմերի պահվածքն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ռուսաստանը խաղաղապահներ է մտցնում Ղարաբաղ։ Խաղաղապահների զորախմբի տեղակայումն իսկապես նվազեցրեց լարվածության մակարդակն ու սթափեցրեց աֆեկտի տակ գտնվող երկու ժողովուրդներին՝ ադրբեջանցիներին ու հայրերին։ Այն ռազմատենչ եռանդը, որ դրսևորում էին երկու կողմերը, քաղաքական որևէ գործընթացի շանս չէր թողնում», - ասել է Մուխինը։

Նա հիշեցրել է, որ նախկինում հրադադարի մասին մի քանի պայմանագիր է կնքվել, բայց դրանից ոչ մեկը թեկուզ մեկ-երկու ժամ չի պահպանվել, քանի որ երկու պետությունների հասարակություններն աֆեկտի տակ էին և ի վիճակի չէին երկխոսություն սկսելու։

«Պահանջվեց Ռուսաստանի ազդեցությունը, որպեսզի չեզոքացվի այդ բացասական էֆեկտը քաղաքացիական հասարակությունների զարգացման գործում։ Մարտական գործողությունների դադարեցման ակտն ինքնին ուժեղագույն ակտ է, ուժեղագույն քայլ այն իրադարձությունների ֆոնին, որոնք մենք տեսնում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Միանգամայն ակնհայտ է, որ սա պատրաստված քայլ է», - նշել է քաղաքագետը։

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահներին Ղարաբաղում տեղակայելու ժամկետը՝ հինգ տարին, բավարար է այդ հակամարտությունը լուծելու համար։

«Մենք, իհարկե, հիմա հումանիտար հարցերի կբախվենք։ Այստեղ շատ կարևոր է, որ հումանիտար օգնության պատրվակով տարածաշրջան չմտնեն այն երկրները, որոնք շահագրգռված են այդ զինված հակամարտության ծավալման, շարունակության ու խթանման մեջ։ Նկատի ունեմ և՛ ամերիկացիներին, և՛ Թուրքիային, և՛ այն կողմերին, որոնք այսպես թե այնպես ապակառուցողական ազդեցություն ունեն տարածաշրջանի իրադրության վրա, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան», - ընդգծել է Մուխինը։

Փորձագետի կարծիքով` անհանգստացնող է հատկապես Թուրքիայի պահվածքը, որը նրա խոսքով, փոխառել է ուրիշի ձեռքերով պատերազմելու ամերիկյան մոդելային վարքը։ Թուրքիան այս պահին տնտեսական հզորություն չունի հաջողությունը զարգացնելու համար, այդ պատճառով նրա ակտիվ գործողություններն Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում «թերևս այն ամենն է, ինչին ընդունակ է տեխնիկապես»։

«Բայց մենք պետք է ուշադիր հետևենք` ով և ինչպես է Թուրքիային ֆինանսավորում «Մեծ Թուրանի» իրագործման հարցում․ սա մի նախագիծ է, որն այժմ ծավալում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մենք ունենք 20–րդ դարի տխուր փորձը, երբ ըստ էության բանկիրները գլոբալ հակամարտություններ էին սկսում, այդ պատճառով պետք է հիմա հետևենք՝ ինչպես են բաշխվում ֆինանսական հոսքերը, ինչի վրա են ծախսվում արևմտյան գումարները, որոնք օգտագործում է նաև Էրդողանը, և արդոք նա դրանք ընդհանրապես օգտագործում է», - ավելացրել է նա։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, հակամարտության գոտուն կից գտնվող երկրների վարքը նույնպես շատ հատկանշական է, բայց նրանք պետք է հաշվի առնեն, որ գտնվում են ռիսկային խմբում, քանի որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները ցույց տվեցին, որ առանձին տարածքում զինված հակամարտություն սանձազերծելը շատ հեշտ է։

«Ընդ որում՝ դա արվում է մեդիայով՝ տեղեկատվական արտանետումների միջոցով։ Այնպես որ Վրաստանը պետք է զգոն լինի, որ իր տարածքում էլ նման բան չբռնկվի։ Դրա համար բավականին շատ պատճառներ կան։ Եվ շատ կարևոր է, որ թուրքական ազդեցությունը Վրաստանում բավականին մեծ է նույն Աջարիայի միջոցով, ինչպես ես եմ հասկանում։ Առայժմ Ռուսաստանի ներուժը բավական է` նրան խաղաղ գործընթացի շրջանակում պահելու համար», - ամփոփել է Մուխինը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Այդ մասին համապատասխան կետը ներառված էր Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարության տեքստում։

Լեռնային Ղարաբաղում ոչ մի թուրք խաղաղապահ չի լինի․ Լավրով

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
թեգերը:
Արցախ

Գլխավոր թեմաներ