ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վերահաստատեց Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու։
Այսօր կայացած ճեպազրույցում նա նշեց, որ խոսքը պարզապես վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնին, որը Ղարաբաղին մոտ չի լինի, իսկ մանրամասները լրացուցիչ կհամաձայնեցվեն։
Նա հիշեցրել, որ համապատասխան հուշագիրը ստորագրել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները:
«Կենտրոնը գործելու է բացառապես հեռավար ռեժիմով՝ օգտագործելով օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս իրավիճակը վերահսկել տեղում: Կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանում՝ առանց որևէ դաշտային, արտագնա առաքելությունների: Ռուս և թուրք մասնագետները կաշխատեն նույն հիմքով։ Թուրքիայի խաղաղապահ որևէ ստորաբաժանում չի ուղարկվելու Լեռնային Ղարաբաղ»,- շեշտել է Զախարովան։
Ռուս խաղաղապահների զորախմբի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. տեսանյութ
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։
Այդ մասին համապատասխան կետը ներառված էր Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարության տեքստում։