ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ իր հերթական ծանր օրերից մեկն է անցկացրել։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` ասելով, որ թեև կարողացել են փրկել հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները:
«Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Մենք խնդիր ունենք արագորեն բարձրացնելու հայրենիքի անվտանգության երաշխիքները և զբաղվել Արցախի ու հայ ժողովրդի հետպատերազմյան վերականգնման կարևորագույն գործով»,–գրել է նա։
Նա իր խիստ անհանգստությունն է հայտնել ՀՀ–ում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ: Նա հորդորում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր ուժերին ու անձանց ցուցաբերել ազգային ու պետական բարձր ողջախոհություն, և հայրենիքը հեռու պահել այնպիսի ցնցումներից, որոնք այս իրավիճակում կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը:
Արցախի նախագահը որոշում է կայացրել Արցախում ակտիվացնել քաղաքական խորհրդատվությունները բոլոր ուժերի ու գործիչների հետ՝ քննարկելու համար և՛ Արցախի հետպատերազմյան վերականգնման ու պետական կառավարման համակարգի բարեփոխման, և՛ համահայկական օրակարգի կարևորագույն հարցերը: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի երկխոսության նույն մթնոլորտը ձևավորել նաև Հայաստանում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։
Համացացնում շրջանառվում է տեղեկություն, որ հայկական կողմից կա 4750 զոհ ու անհետ կորած։
Ի պատասխան՝ նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը