00:11 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
184410

Մեղրիի ղեկավարը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչի մասին է խոսել սահմանապահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ հայ հասարակությունը բուռն կերպով քննարկում է Արցախի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը։ Քննադատության են ենթարկվում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանին հանձնելը, այլև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կետը:

Չնայած վարչապետի այն հայտարարությանը, թե այդ կետի հետ կապված ամեն բան քննարկման առարկա է և մանրամասները պետք է ճշգրտվեն բանակցությունների ընթացքում, երկրի քաղաքացիներին, մասնավորապես՝ սյունեցիներին, դա չի բավարարում։

Ըստ հանրությանը ներկայացված փաստաթղթի՝ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով: Այդ դեպքում խոսքը գնում է Մեղրիով տեղաշարժի մասին, սակայն թե կոնկրետ որ ճանապարհով՝ առայժմ հայտնի չէ։

Մեղրի քաղաքում արդեն ձևավորվել է նախաձեռնող խումբ, որն իր անհանգստությունների մասին պատմել է համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին և Sputnik Արմենիայի թղթակցին։

«Մենք որտեղի՞ց իմանանք՝ ադրբեջանցիները բեռնե՞ր են տեղափոխելու, թե՞ ահաբեկիչներ։ Մեզ երաշխիքներ են պետք, որ ճանապարհն անվտանգ կլինի և նույն ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները կկարողանան ապահովել մեր անվտանգությունը։ Եթե մենք չստանանք այդ երաշխիքները, մենք պատրաստ ենք պառկել տեխնիկայի առաջ, որպեսզի թույլ չտանք ցանկացած հաղորդակցության ճանապարհի կառուցումը»,-ասաց քաղաքի բնակիչ Հարություն Պետրոսյանը։

Նա հավելեց, որ այս պահին նախաձեռնող խումբը 4 հոգուց է բաղկացած, սակայն քննարկումներ են անցկացվել բնակիչների հետ, որոնց մի մասը կիսում է իրենց մտահոգությունը: Դրա հետ մեկտեղ Պետրոսյանը հավելեց, որ խումբը վստահում է համայնքի ղեկավարին, որն ավելի վաղ մեկնել էր հայրենիքը պաշտպանելու և նույնիսկ վիրավորվել էր։ Հույս ունեն բոլոր մտահոգող հարցերի պատասխանները ստանալ հենց նրանից։

Глава общины Мегри Мхитар Закарян
© Sputnik / Arsen Haytyan
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը

Իր հերթին համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշեց, որ իրեն մոտավորապես այնքան է հայտնի, որքան Մեղրիի բնակիչներին։ Նա արդեն հանդիպել է ռուս սահմանապահների հետ, որոնք պետք է ապահովեն ամբողջ ենթակառուցվածքի օգտագործման անվտանգությունը։ Զաքարյանի խոսքով՝ սահմանապահները ասել են միայն, որ ուժերն ավելացվելու են, քանի որ իրենց նոր առաջադրանք է տրվել աշխատանքի ծավալի ավելացման հետ կապված։ Որևէ այլ տեղեկություն նրանք չեն հայտնել։

Глава общины Мегри Мхитар Закарян на встрече с гражданами
© Sputnik / Arsen Haytyan
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հանդիպել է բնակիչների հետ

«Ինչպես է իրականացվելու այդ հաղորդակցությունը` ցամաքայի՞ն, թե՞ օդային ճանապարհով, կլինի՞ արդյոք էստակադա կամ թունել՝ առայժմ հայտնի չէ։ Այդ հարցին պետք է կառավարությունը կամ ԱԳՆ-ն պատասխանեն, ոչ թե քաղաքային իշխանությունները։ Դա նոր հանքի շահագործում չէ, որ մենք որոշենք։ Սա աշխարհաքաղաքական հարց է, և այն իշխանություններն են որոշում, առավել ևս, որ փաստաթղթում շեշտը դրված է Արցախի և Հայաստանի անվտանգության վրա»,-ասաց Զաքարյանը։

Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը. Արարատ Միրզոյան

Նա հավատացրեց, որ ցանկացած նախագծի իրականացում ժամանակ է պահանջելու, և այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ են համայնքային հանրային լսումներ։ Նա խոստանում է կազմակերպել դրանք քաղաքի ամենամեծ դահլիճում և հրավիրել խոշորացված Մեղրի համայնքի բոլոր 13 բնակավայրերի ներկայացուցիչներին։ Դրա հետ մեկտեղ Զաքարյանը հավելեց, որ համայնքում 12 հազար մարդ է ապրում, և կարծիքներն, իհարկե, տարբեր են լինելու։ Բայց միանշանակ է, որ մեծամասնությունը կողմ է խաղաղությանն ու կայունությանը։
Նշենք, որ երկու կողմերն էլ կոչ են արել հարցը դիտարկել բացառապես մարզի և երկրի անվտանգության համատեքստում և չվերածել այն քաղաքական առուծախի առարկայի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Խաղաղապահների տեղակայումից հետո Արցախի բանակն ունենալու է նույն կարգավիճակը. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման քարտեզը
Մեղրիի քաղաքապետը վիրավորվել է Արցախում
թեգերը:
Ադրբեջան, խաղաղապահ, Մեղրի, Արցախ

Գլխավոր թեմաներ