ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախի ևս մի քանի հարյուր բնակիչներ Ստեփանակերտ են վերադարձել Հայաստանից։ Տեղեկությունն Արցախի մայրաքաղաքից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նրա հաղորդմամբ՝ ինչպես և մինչ այդ, ավտոբուսները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք են ժամանել հյուսիսային ճանապարհով, այսինքն՝ Վարդենիսի տարածքով և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Մինչև նոյեմբերի 25-ը, ամենայն հավանականությամբ, այդ երթուղին ավտոբուսների համար կմնա հիմնականը։
Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել նաև Բերձորի (Լաչին) ճանապարհահատվածի բացումը։ Մեր նկարահանող խումբը եղել է այդ հատվածում և նկարահանել այն։ Դեպի Գորիս տանող ճանապարհի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները։
Ինչ վերաբերում է այսօր Ստեփանակերտ ժամանած արցախցիներին, մեր թղթակցի փոխանցմամբ, ինչպես և նախորդ անգամ, շատ ուղևորներ չեն կարողանում գտնել տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Խոսքը նաև Շուշիի բնակիչների մասին է։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։